23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Վրաստանը պետք չեն ԵՄ-ին․ փորձագետ

Հայաստանն ու Վրաստանը պետք չեն ԵՄ-ին․ փորձագետ

Եվրոպական շուկան գրեթե անհասանելի է Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների համար, կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Շոթա Ապխայիձեն։

«Այնտեղ շուկան շատ դիվերսիֆիկացված է, կարելի է ասել, որ ներեվրոպական շուկա մտնելը իրականում անհեթեթություն է։ Դա ֆանտաստիկայի ժանրից է։ Այնպիսի երկրներին, ինչպիսին Հայաստանն ու Վրաստանն են, որոնք Եվրամիության անդամ չեն, նույնիսկ թեկնածուներին, ամեն բանում սահմանափակում են։ Կան շատ պահանջներ, շատ չափանիշներ»,- նշել է Ապխաիձեն։

Նա հավելել է, որ եվրոպական ուղղությամբ ամեն ինչ չէ, որ բացասական է։ Կարելի է ինչ-որ բան ստանալ, օրինակ՝ դրամաշնորհների, սուբսիդիաների և այլնի տեսքով։ «Բայց դա կախված է այն բանից, թե ուր է գնում ամեն ինչ։ Ընդհանրապես, պետական կառուցվածքն այս դեպքում չի փոխվում։ Իսկ երբ խոսքը վերաբերում է Վրաստանին, Հայաստանին, պետք է հասկանալ, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը բավականին երկար է։ Անկախ նրանից, թե ինչ փուլերով, ինչ քայլերով է անցնում այս կամ այն երկիրը, կայացվում է քաղաքական որոշում, որն ընդունվում է Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից», – նշել է Ապխաիձեն։

Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Թուրքիան, որը տնտեսապես շատ առումներով գերազանցում է եվրոպական շատ երկրներին, չի մտել Եվրամիություն, քանի որ այս երկիրն աշխարհագրորեն, ազգությամբ և կրոնական առումով՝ անհրաժեշտ չէ ԵՄ-ին, «ինչպես Վրաստանը, Հայաստանը»։ «Սա օբյեկտիվ իրականություն է, ինչքան էլ հեքիաթներ հորինեն տարբեր քաղաքական գործիչներ՝ իրենց քաղաքական շահերից ելնելով արտահայտելով, սա բացարձակ անհեթեթություն է», – կարծում է փորձագետը։