2 գաղթ տեսած նախիջևանցին հույսը չի կորցնում՝ Նախիջևան ու Արցախ վերադարձ լինելու է
Գողթ, Ալահի, Փարակա, Ղազանչի, Բիստ․․․ հայկական գյուղերից են, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Թեպետ Նախիջևանը թշնամու ձեռքում է, իսկ նախիջևանցիները՝ ցրված Հայաստանի տարբեր բնակավայրերում, բայց միմյանց հետ կապը չեն կորցրել։ Հաճախ են հավաքույթներ կազմակերպում, որոնց ընթացքում հիշում են ծննդավայրում անցկացրած ամենաուրախ օրերը։ Նախիջևանի մեր հայրենակիցների զրույցները հաճախ իրենց հարազատ բարբառով են լինում. բիստեցիները՝ Բիստի, փարակացիները՝ Փարակայի բարբառով։ ։ Զրուցակիցս՝ Մհեր Եսայանը, Նախիջևանի Բիստ գյուղից է։ Պատմում է իր գեղեցիկ օրերի մասին, որոնք անցկացրել է Նախիջևանում։ Ստորև ներկայացնում ենք նաև նրա անձնական արխիվի լուսանկարներ, որոնք կարողացել են փրկել ու բերել իրենց հետ։
-Պարո՛ն Եսայան, Նախիջևանում են անցել Ձեր երիտասարդության տարիները, ինչո՞վ էին զբաղվում երիտասարդ նախիջևանցիներն այդ տարիներին։
-Բիստում մի մեծ մարդ կար, նա նաև իմ բարեկամն էր, Համբարձում էր անունը։ Մենք երիտասարդ էինք, նա ավելի ավագ էր, բայց հայտնի էր իր անեկդոտներով։ Անեկդոտների մեծ մասն իր իսկ կյանքից էր, հորինված չէր։ Երիտասարդներով սիրում էինք ձիերով բարձրանալ գյուղի սարերից մեկը՝ Կարմիր վանքի մոտ, (Մենք էինք վանքն այդպես անվանել, քանի որ քարերը կարմիր էին)։ Մեզ հետ տանում էինք պանիր, լավաշ, մրգեր ու ժամերով նստում էինք այդտեղ՝ հոսող գետի ափին, զրուցում էինք, ապագայի մասին մեր ծրագրերից էինք պատմում, սիրահարվում էինք, վիճում էինք․․․մեկ խոսքով՝ ապրում էինք։ Հետո լսեցինք, որ Համբարձումի հավերը սատկել են, իրենք էլ փետուրները պոկել են, իսկ հավերին լցրել են այն ձորը, որը մեզնից քիչ հեռու էր։ Քիչ ժամանակ անց այդ «սատկած» հավերը ձորից դուրս եկան՝ լրիվ մերկ։ Ու վազում էին մեր ուղղությամբ։ Կանչեցինք, Համբարձումը եկավ իր մերկ հավերին տարավ, հետո պարզվեց, որ հավերը ջրի փոխարեն Համբարձումի քաշած թթի օղին էին խմել ու քնել էին։ Համբարձումին ու կնոջը թվացել էր, թե սատկել են։
-Նախիջևանում ապրած տարիների մասին խոսելիս Ձեր աչքերը փայլում են, ինչպե՞ս ստացվեց ծննդավայրից հեռու՝ Արցախում, հարմարվել ու շարունակել նույն կերպ։
-Արցախն ու Նախիջևանը նմանություններ ունեն, անգամ բարբառներն են մի քիչ նման։ Հեշտ չէր հեռանալ Նախիջևանից, բայց Արցախն այնքան ջերմ ընդունեց մեզ։ Հետո Արցախն այդ օրերին ուներ մեր կարիքը, պետք էր ազատագրված Քաշաթաղը վերաբնակեցնել։ Բիստից՝ Մասիս, Մասիսից՝ Գողթանիկ, Գողթանիկից՝ Քաշաթաղ։ Դե արդեն Քաշաթաղից էլ նորից հետ՝ Մասիս։ Դժվար էր երկու տեղահանություն ապրելը, նույնչափ ցավ եմ զգացել երկու դեպքում էլ։ Ես հավատս չեմ կորցնում․ Արցախն էլ, Նախիջևանն էլ ազատագրվելու են թշնամուց։
-Նշեցիք, որ հավատը չեք կորցնում, որ կորուսյալ հայրենիքն ազատագրվելու է։ Արցախի և Նախիջևանի ազատագրումից հետո ո՞ւր կվերադառնաք ապրելու։
-Դժվար հարց եք տալիս (խմբ․-հուզվում է), ախր երկուսն էլ իմն են, բայց երևի ծննդավայր Նախիջևան։ Ի վերջո բոլորը վերադառնում են տուն։
-Նախիջևանի Ձեր տնից տեղեկություն ունե՞ք, վստահաբար հիմա ադրբեջանցիներն են ապրում։
-Այո՛, ունեմ տեղեկություն, որովհետև մեզ այնտեղից վտարելուց հետո, հայրս գնացել էր, որ գոնե մի քանի իր վերցներ, բայց արդեն մեր տանն ադրբեջանցիներ էին ապրում։ Չեն թողել անգամ մոտենալ տանը։ Սեփականության վկայականները դեռ պահում ենք՝ արդարության վերականգնման հույսով։ Պահել եմ նաև Արցախի տան սեփականության վկայականը։ Կարծում եմ՝ Արցախն ավելի շուտ կազատագրվի։ Կվերադառնամ Քաշաթաղ ու կսպասեմ Նախիջևանի ազատագրմանը։
-Ինչ ունե՞ք ասելու մեր հայրենակիցներին։
-Սիրեք մեր հայրենիքը, անգամ այն բնակավայրերը, որոնք չեք տեսել երբեք։ Դժվար է այդպես, բայց սիրեք, որովհետև դրա պակասից է փոքրանում այն հայրենիքը, որը տեսնում եք ամեն օր։ Որպես երկու անգամ տեղահանված հայ եմ ասում սա, գնահատեք ամեն օրը, որն անցկացնում եք ծննդավայրում, մի՛ լքեք գյուղերը։ Դժվար է նաև դա, բայց չենք կարող դատարկել մեր բնակավայրերը, հետո, Աստված չանի, կկորցնենք ուշ կլինի, գինն այդ ժամանակ կհասկանաք։
Սեդա Մակարյան