28 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսում կասկածի տակ են դրել, որ ԵԱՏՄ նիստին տեսազանգի միջոցով միացած Փաշինյանը մենակ է եղել գրասենյակում 

Բելառուսում կասկածի տակ են դրել, որ ԵԱՏՄ նիստին տեսազանգի միջոցով միացած Փաշինյանը մենակ է եղել գրասենյակում 

Դեկտեմբերի 25-26-ը ՌԴ-ում անցկացվել են ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ և ԵԱՏՄ նիստեր։ Հանդիպումը ստվերվել է ողբերգական դեպքով՝ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանմամբ։ Ուստի՝ բացելով գագաթնաժողովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համագործակցության երկրների ղեկավարների անունից, առաջին հերթին, ցավակցություն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին, գրել է Belta-ն։

Գագաթնաժողովին չի կարողացել մասնակցել նաև Հայաստանի վարչապետը․ նախօրեին Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նա որոշել է մնալ Երևանում։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ավանդաբար անցկացվել է նեղ և ընդլայնված կազմով։ Այն բանից հետո, երբ ԵԱՏՄ երկրների ղեկավարները քննարկել են միության գործունեության ռազմավարական ուղղությունները, նրանց միացել են Ուզբեկստանի նախագահը, ինչպես նաև Իրանի և Կուբայի ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ՝ գագաթնաժողովի օրակարգում ներառված են եղել մոտ երկու տասնյակ հարցեր։ ԵԱՏՄ երկրների ղեկավարները դիտարկել են նաև ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման և օրենսդրության հետագա ներդաշնակեցման առաջընթացը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև աշխատանքային մի շարք հարցեր։

Բելառուսի ռեկավար Ալեքսանդ Լուկաշենկոն առաջարկել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Մինսկում մայիսի վերջին։ Երկրի ղեկավարը նաև խնդրել է ԵԱՏՄ դիտորդներին գալ գագաթնաժողովին, քանի որ անձնական ներկայության ձևաչափն ամենաարդյունավետն է բանակցությունների ժամանակ։ Միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ այս դիտողությունը չի վերաբերում Հայաստանին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հարգելի պատճառով բացակայել է գագաթնաժողովից։

«Նիկոլ Վովաևիչ, դա ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ դուք ոչ միայն սափրվել եք ձեր մորուքը, այլև մի փոքր հիվանդ էիք։ Հետևաբար, մենք ընդունում ենք Ձեզ որպես մեր միության նոր, երիտասարդ (առնվազն արտաքնապես) անդամ», – կատակել է Լուկաշենկոն։

Սակայն Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես զգուշացնել, որ իր երկիրն առաջիկա գագաթնաժողովին նույնպես կմասնակցի տեսազանգի միջոցով։ «Մենք դեմ չենք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում, բայց նախօրոք ուզում եմ հայտնել, որ մեր պատվիրակությունը կմասնակցի հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով», – պարզաբանել է նա։ Ինչին ի պատասխան Լուկաշենկոն հարցրել է․ «Մինսկից հեռու՞ եք, թե՞ չկա մեկը, որ ձեզ բերի։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության գալը»:

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային հայտարարություն եմ արել, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ։ Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այդ հարցերը քննարկելու համար, և ես ստիպված էի անմիջապես արձագանքել, որ չլինի թյուրիմացություններ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Բելառուսի նախագահը վստահեցրել է, որ հայկական կողմի առաջարկը կքննարկվի։ ՀՀ վարչապետն, իր հերթին, նկատել է․ «Ի՞նչ կա քննարկելու, դուք չեք կարող քննարկել իմ հայտարարությունը, որովհետև իմ հայտարարությունը ենթակա չէ քննարկման»։

Ինչպես նշել է գործակալությունը, շատ առաջնորդներ, այս կամ այն պատճառով, երբեմն չեն կարողանում մասնակցել նշանակալից իրադարձություններին: Ընդգծվել է, որ Հայաստանի վարչապետն այս անգամ իսկապես օբյեկտիվ պատճառներ ուներ։ Սակայն, ինչ վերաբերում է նրա քաղաքական նախասիրություններին և որոշակի հրապարակային հայտարարություններին, ապա պետք է հասկանալ, որ դա ազդում է ոչ միայն քաղաքական գործչի իմիջի վրա, այլ նաև հետք է թողնում ընդհանուր քննարկման ձևաչափի վրա։ Եվ հաճախ այդ դրոշմը բացասական ենթատեքստ է ունենում։

«Բանն այն չէ միայն, որ անձնական ներկայությունն ավելի արդյունավետ է հենց բանավեճերում և ազգային շահերը պաշտպանելու գործում։ Գագաթնաժողովի շրջանակում լրագրողները նկատեցին. իսկ ի՞նչ կասեք անվտանգության հասարակ խնդիրների մասին։ Երբ բանակցում ես նեղ ու փակ շրջանակում, բոլորը հասկանում են, որ այս սենյակի սահմաններից ոչինչ դուրս չի գա։ Իսկ խոսակցությունը բացարձակապես գաղտնի է։ Իսկ եթե միանաք զրույցին տեսակոնֆերանսի միջոցո՞վ: Տեխնոլոգիաներն այսօր հնարավորություն են տալիս բացել նույնիսկ ամենափակ ալիքը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ամերիկյան հետախուզական ծառայությունները գաղտնալսել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը։ Եվ բացի այդ, մենք գիտենք, թե ԱՄՆ-ն ինչպիսի սարդոստայն է հյուսում Հայաստանի շուրջը։ Համոզվա՞ծ եք, որ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մենակ է եղել գրասենյակում, և որ, ինչպես պարզաբանվեց, կապի խնդիրներն են նրան խանգարել ժամանակին միանալ բանակցություններին», – գրել է Belta-ն։