
Ալիևը կրկին խոսել է «խաղաղության» մասին սպառնալիքի լեզվով
Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր է ընդունել։ Այսպիսով, արդեն ստեղծված այս հարթակը Բաքվին թույլ է տալիս կարևոր դեր խաղալ որպես աշխարհագրական, քաղաքական, տնտեսական և տրանսպորտային կամուրջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Եվրոպայի միջև. այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում։
Նրա խոսքով՝ Եվրոպայում կան այնպիսիք, ովքեր կնախընտրեն անջատել Ադրբեջանը ոչ միայն այս գործընթացից, այլև բաժանարար գծեր գծել Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում:
Ալիևը կրկին առաջ է տարել քարոզչական թեզը, թե «ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան»։
«Հարավային Կովկասը ինտեգրված չէ, թեև տնտեսական, տրանսպորտային ուղիների և, իհարկե, էներգետիկ անվտանգության տեսանկյունից, դա կարող էր տեղի ունենալ», – հայտարարել է ադրբեջանցի դիկտատորը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջեւ համաձայնագիր ստորագրվի, ապա, իհարկե, համագործակցություն սկսելու համար որևէ խոչընդոտ չի լինի։
«Կարծում եմ, որ պետք չէ ժամանակ կորցնել, քանի որ կրկին խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք ակնկալում Հայաստանից՝ մեր տարածքային ամբողջականության և սահմանադրության առումով»,- կրկրնել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ երբ դա արվի, և խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, այն ժամանակ Հարավային Կովկասի համար որևէ խոչընդոտ չի լինի փորձել դառնալ ինտեգրված տարածաշրջան։
«Կարծում եմ, որ սա կարող է շահեկան իրավիճակ լինել հարավկովկասյան երեք երկրների համար: Եվ, լինելով իրատես, մենք, իհարկե, չենք կարող պատկերացնել, որ մենք անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ: Սա անիրատեսական է, և նույնիսկ ինչ-որ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է», – հայտարարել է Ալիևը։ Խոսելով խաղաղության մասին՝ Ալիևը չի մոռացել պատերազմը․ «2023 թվականի սեպտեմբերյան հակաահաբեկչական գործողությունից հետո այն, ինչ մենք անում ենք մեր ռազմական ներուժն ուժեղացնելու համար, միանգամայն պարզ է»։ Թե ինչպես կզարգանա հետպատերազմյան իրավիճակը, հիմնականում կախված է Հայաստանից, ընդգծել է Ալիևը։
«Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրեցինք անջատողականությանը և վերահսկողության տակ առանք մեր սահմանները։ Եվ մեզ համար այս հարցը փակված է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք հնարավոր սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգները»,– սպառնացել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը հույս ուներ այն բանի վրա, որ ԱՄՆ ընտրություններից հետո դեմոկրատները կմնան իշխանության ղեկին։ Այսպիսով, Թրամփի նախագահ ընտրվելը մեծ հիասթափություն էր նրանց համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա. այն համախմբված է։ «Դա ընդամենը բառապաշարի հարց է, վարքագծի և մարտավարության հարց է, էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն՝ մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, և Հայաստանը լիովին չհրաժարվի Ադրբեջանի դեմ բոլոր տարածքային հավակնություններից, որոնք դեռ առկա են իրենց Սահմանադրության մեջ, և իր վարքագծում անկեղծություն ցույց չտա՝ նոր Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, միշտ կլինի ռազմական առճակատման սպառնալիք», – հայտարել է Ալիևը։