
ՀՀ-ն պետք է հաղթահարի երկու կարևոր խնդիր ԵՄ-ին անդամակցելու համար․ քաղաքագետ
Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ չկա տարբերակ, որի դեպքում՝ Հայաստանը կարող է միաժամանակ լինել երկու միությունների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մեջ. նշել է քաղաքագետ Կարման Գասանովը Московский Комсомолец-ի հետ զրույցում։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ը նվազագույնը նախատեսում է մուտք մաքսային տարածք, ազատ առևտրի գոտի, մարդկանց և ծառայությունների ազատ տեղաշարժ։
«Ռուսաստանը նույնպես ունի իր սեփական գոտիները, և ԵԱՏՄ շրջանակներում չի նախատեսում մասնակցություն միաժամանակ երկու կազմակերպությունների։ Տեսականորեն կարելի էր ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որ Եվրամիությունը խորացնի ինտեգրումը Հայաստանի հետ, իսկ Երևանը մնա ԵԱՏՄ-ում, բայց դա նաև բացառում է երկրի մուտքը Եվրամիություն», – նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանը և ԵՄ-ը ներկայումս շատ լարված հարաբերություններ ունեն, ուստի՝ դժվար թե այստեղ հնարավոր լինի որևէ երկխոսություն։
Անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Գասանովը նշել է, որ այստեղ երկու խոչընդոտ կա։ Նախ՝ Երևանը կկորցնի ռուսական շուկան և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված բոլոր բոնուսները՝ գազի գնի, հայկական ապրանքների ռուսական շուկա մուտքի և այլնի առումով։ Այսինքն՝ տնտեսական ճգնաժամի վտանգ կա։ Եվ երկրորդ կետը, որը խոչընդոտում է եվրաինտեգրման ճանապարհին, Ադրբեջանի հետ չստորագրված խաղաղության պայմանագիրն է։
«Եվրամիությանը հազիվ թե պետք լինի տարածքային հակամարտություններ ունեցող անդամ։ Եթե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվի, ապա Եվրամիությունը ստիպված կլինի միջամտել։ Սրանք այն երկու խնդիրներն են, որոնք Հայաստանը պետք է հաղթահարի ԵՄ-ին անդամակցելու համար», – կարծում է քաղաքագետը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի հետ վեճի կարգավորման հարցում մնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության խնդիրը։ Բայց եթե նույնիսկ դա հնարավոր լինի լուծել, հաջորդ փուլում երկիրը պետք է անցնի ճգնաժամային շրջան, որի ընթացքում նա ամբողջովին հույսը կդնի եվրոպական միջոցների վրա, որոնք արդեն ծանրաբեռնված են Ուկրաինայի և սեփական ռազմականացման հետ կապված պարտավորություններով: