
Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի․ գործնական արդյունք դեռ չի գրանցվել․ Բայրամով
Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի․ այս մասին Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանազատումն է և պետական հանձնաժողովների գործունեությունը։ Նախարարը բարձր է գնահատել այս ուղղությամբ 2024 թ-ին կատարված աշխատանքը. «Պետական հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են։ Մյուս խնդիրը երկրների միջև հաղորդակցությունների բացումն է։ Կա նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության բացման թեման։ Այս հարցի շուրջ երկար ժամանակ է, ինչ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Ցավոք, մինչ օրս գործնական արդյունք չի գրանցվել», – հայտարարել է Բայրամովը՝ պնդելով, որ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման հարցում։
«2020 թվականին Հայաստանը ստանձնել է անարգել հաղորդակցության պարտավորություն, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ այս շփումը պետք է անարգել լինի, որևէ խոչընդոտ չպետք է լինլ», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան և հավելել, որ, անկախ քաղաքական կոնֆիգուրացիայի ցանկացած փոփոխությունից, Ադրբեջանն ակնկալում է ազատ և անարգել հաղորդակցություն, և երկրի ջանքերն այս ուղղությամբ շարունակվում են։ Նա նշել է նաև, որ վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, ապա հնարավորությունէ ընձեռնում ավելի մանրամասն քննարկելու կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները», – նշել է Բայրամովը։
Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնին, իր հերթին, հայտարարել է, որ տեղեկացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և հայճադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին։
«Մենք շահագրգռված ենք երկու երկրների միջև խաղաղության հաստատմամբ։ Ես ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտը և կոչ եմ անում երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այն։ Այս համաձայնագիրը կարևոր հետևանքներ կունենա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ այլ պետությունների համար։ Ստորագրվելուց հետո այն էական ներդրում կունենա Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի, Արևելքի ու Արևմուտքի միավորման գործում», – ասել է Բայրամովը։