27 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբրահամ Գասպարյանի՝ Թեհրանում արգելված ելույթի տեքստը

Աբրահամ Գասպարյանի՝ Թեհրանում արգելված ելույթի տեքստը

Ներկայացնում ենք Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի` Թեհրանում նախատեսված ելույթի տեքստը, որն արգելվեց ՀՀ իշխանության ջանքերով։

«Սիրահոժար և երախտագիտության զգացումով ընդունեցի Իրանի Հայ դատի հանձնախմբի հրավերը՝ բանախոսելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված կենտրոնական միջոցառմանը: Պատիվ է ու պարտավորեցնող պատասխանատվություն՝ ելույթ ունենալ մի համայնքի առաջ, որը ոչ միայն հոգեհարազատ է, այլև հայի ու Հայաստան գաղափարի սիրտը՝ նվազագույնը մի քանի հարյուրամյակ: Դատարկաձեռն չեմ եկել. Երևանից բերել եմ ավանդական Ջահերթի խորհուրդը, անմար կրակի ոգին, երիտասարդների պահանջատեր և անկոտրում կամքը՝ ձեզ հետ միասին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու, խորհելու, հայկական և հայաստանյան ազգային քաղաքական օրակարգի մարտահրավերները քննարկելու, Արցախ հավաքական տունդարձի անհրաժեշտության մասին խոսելու, մեր հայրենիքի արևելյան փորոքի՝ ՀՀ անվտանգության ապահովման խելամիտ և իրատեսական ելքեր առաջարկելու: 

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակումն ինձ համար ոչ թե լոկ տուրք է, այլև՝ սերնդեսերունդ փոխանցվող պատասխանատվություն ոչ միայն զոհերի, այլև ողջ մնացածների, վերապրած ու վերստին ոտքի կանգնածների առաջ։ Տարելիցը պատասխանատվություն է՝ գիտակցելու, որ, առաջին հերթին, Ցեղասպանության կանխարգելման պայքարի նպատակը՝ հայության ու նրա ժառանգած պետության անվտանգության ապահովումն է, իսկ արժեքային և բարոյական առումով՝ ճշմարտությունը բարձրաձայնելու առաքելություն։ Պարտավոր ենք խոսել ոչ միայն այն մասին, թե ինչ եղավ 1915-ին, այլ՝ ինչ է տեղի ունենում այսօր՝ մեր աչքի առաջ, երբ վերախմբագրված ցեղասպան քաղաքականությունն իրականացվում է մեր իսկ պետության հանցավոր լռության ներքո։ Կեղծ և թերի է թեզը, թե հայությունը ենթարկվեց ցեղասպանության, քանի որ գլխին պետություն չուներ: Արցախի հայրենազրկումն ապացուցեց հակառակը: Պետություն կար, Երևանը գիտեր ամեն ինչ, բայց չկանխեց հայրենազրկումը: Նման հակատրամաբանական թեզերի նպատակը՝ թուրքական մեղսակցությունն արդարացնելն է և ցեղասպան երկրի՝ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ՝ Թուրքիայի հանրապետության ձեռքերը լվալը՝ ցեղասպանությունը մտահղալու, կազմակերպելու, համակարգելու, հայությանը ունեզրկելու, հայրենազրկելու հակաքաղաքակրթական ոճրից և դրա պատասխանատվությունից: 

Ակնհայտ փաստ է՝ միջազգային իրավունքի շրջանակում ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկության դեմ ուղղված ոճրագործություն, և դրա ժխտումը կամ մոռացության մատնելը՝ հակաբարոյական պատմական կեղծիք է ու հանցագործություն։ Իսկ ցեղասպանության ճանաչումը լիարժեք չի լինում, երբ դրան չի հաջորդում արդարության վերականգնումը։ Այս հարցում մենք՝ հայերս, դեռ կիսաճանաչված ճշմարտության զոհ ենք։ Եվ դա չի կարող հավերժ շարունակվել, այլապես մեր իսկ ձեռքով գերեզման կհանձնենք մեր բնականոն գոյության իրավունքը՝ սեփական հայրենիքում: Ցեղասպանության ճանաչումն առանց պատասխանատվության՝ նշանակում է այն վերածել արարողակարգի, իսկ մեզ պետք է արդարություն՝ ոչ թե խորհրդանշական, այլ իրավական ու քաղաքական մակարդակով։ Ճանաչումն ինքնին դատապարտում չէ։ Իսկ դատապարտումն առանց իրավատիրության՝ անպատասխան հանցագործություն է։ Հետևաբար, 110 տարի շարունակվող պայքարի հաջորդ փուլը պիտի լինի իրավատիրության հաստատումը, և ոչ դրա հուզական մեկնաբանությունը, այսինքն՝ փաստաթղթավորված սեփականության վերականգնման պահանջ, միջազգային լոբբինգ, փոխհատուցում, վերադարձ։ Եվ սա հայտարարում եմ՝ որպես ցեղասպանությունը վերապրած արևմտահայի և կիլիկեցու ծոռ, որի պապերը կռվել են մինչև վերջին փամփուշտը՝ այն ժամանակ էլ նորաձև դարձած՝ հանձնվելու և լացելու փոխարեն։

Արևելահայ հողի վրա ապրող մեր ժողովուրդն այս օրերին դիմագրավում է ռազմաքաղաքական ու անվտանգային բարդ մարտահրավերների: Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում առաջնային է՝ պետական մտածողությունը, սառը հաշվարկը, ազգային ու պետական շահի գիտակցումը, արկածախնդրության չգնալը: 

Մոլագար խանդավառությամբ՝ հայաստանյան պետական քարոզչամեքենան ողողված է՝ Հայոց ցեղասպանության դրդապատճառների վերաբերյալ հակագիտական, հակաքաղաքակրթական մեկնաբանություններով, որոնք ոչ միայն հարվածում են հայ ժողովրդի քաղաքական պայքարին, այլև մարտահրավեր նետում ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որը հազարավոր հատորներով ուսումնասիրել, հետազոտել, եզրակացրել, ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանության անքննելի իրողությունը։ 

Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն ազգային ինքնության բաղադրատարր է, ոչ միայն պատմական արդարության վերականգնման խնդիր, այլ նաև՝ միջազգային մարդասիրական և քրեական իրավունքի հարց, որից հնարավոր չէ հրաժարվել:

Փաստեմ՝ Հայաստանին պարտադրված հորիզոնական՝ թուրք-ադրբեջանական շրջափակմանը, հակահայկական թշնամական հռետորաբանությանը գումարվել է պետության արտաքին ու անվտանգային յոթամյա քաղաքականության տապալումը: Ավելին՝ այդ անհեռատես և միտումնավոր վարվող քաղաքականության պատճառով՝ Հայաստանը բանակցային սեղանի վրայից տեղափոխվել է հատակ և քայլ առ քայլ կատարում է թշնամական տանդեմի կապիտուլյացիոն պահանջները, որի նվաստացնող հետևանքը լինելու է անկախության, ինքնիշխանության, հնարավոր է նաև՝ տարածքային ամբողջության կենսական կորուստը: Թիրախում Սյունիքն է, Տավուշը, Գեղարքունիքն ու Արարատի մարզը։

Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է հեգնանքով, սխալ ու անընդունելի մեկնություններով, ազգային ու պետական շահերին հակադրվող մտացածին ու կեղծ թեզերով, անթաքույց ու բացահայտ վիրավորական պիտակավորումներով խոսել հայ ժողովրդի քաղաքական կազմակերպվածության ամենաբարձր նվաճման՝ պետության անկախության հռչակագրի մասին. իշխանությունը հող է նախապատրաստում՝ հաճոյանալու Անկարայի և Բաքվի պաշտոնակիցներին՝ սեփական քաղաքական երկարակեցությունն ապահովելու և հող նախապատրաստելու, որպեսզի հայությունը հրաժարվի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած Անկախության հռչակագրից, որում հստակ հղում է արվում երկու գոյաբանական հիմնախնդրի, նախ, որ հայկական նորանկախ պետությունը սատարում է ցեղասպանության ենթարկված արևմտահայության դատին և երկրորդ՝ նեցուկ է Արցախի ինքնորոշման իրավունքին: Այս երկու հիմնադրույթների դուրսբերումը կամ դրանցից որևէ մեկից հրաժարվելը նշանակելու է հայկական 3-րդ հանրապետության վախճանը:   

Մենք քաղաքականապես այնքան հասուն ու գիտակից ենք, հեռու՝ անիմաստ պաթոսից, որ կարողանում ենք զանազանել պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման առողջ և խելամիտ հնարավորությունը՝ միակողմանի կապիտուլյացիայից։ Հայող ցեղասպանության հարցն առնչվում է հատկապես Անտանտի պետությունների ազգային անվտանգությանը, ուստիև՝ հարցի ցանկացած նենգափոխման փորձ, փոխակերպում, օրինականացնելու է նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների թուրքական ձեռագիրը։ Հայ ժողովրդի խնդիրը թուրք ժողովրդի հետ չէ, այլ թուրքական ժխտողական պետական մեքենայի, որը ցեղասպանությունից 110 տարի անց՝ շարունակում է ծայրակետին պահել հայատյացությունը, ՀՀ դեմ թշնամական հռետորաբանությունը, հակառակ փաստին, որ պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և թրքահաճո քաղաքականությանը։

Անկախության հռչակագրի դրույթների և պետության խորհրդանիշերի կամայական, խեղաթյուրված, արժեզուրկ և անբովանդակ մեկնաբանությունները, հայ ժողովրդի պատմությունը վերատեսության ենթարկելու սնանկ ու գաճաճ քայլերը, քննական մտածողության շղարշի ներքո հայի ու Հայաստան գաղափարի արժեզրկման փորձերը միայն ապականում են պետություն կառուցելու և զարգանալու գլխավոր պայմանը՝ հանրային համերաշխությունը:

Անկախությունը մեր հավաքական կազմակերպվածության, օրենքն ու կարգը հարգելու, արժեքներով դաստիարակվելու, գիտելիքով զինվելու, արարելու, զարգանալու, ժամանակի տեխնոլոգիական նվաճումներին համընթաց քայլելու քաղաքական իմաստությունն է, ազգի հոգեմտավոր զարգացման ցուցիչը, քաղաքակրթական հասունության աստիճանը, պետականաշինության, ազգային իղձերի իրականացման հանձնառությունն ու պատասխանատվությունը: Այս ամբողջը, իրավացիորեն և առարկայական առումով, չի կարող հակադրվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և իրավատիրության օրակարգին, որն արհեստականորեն դուրս է մղվել ՀՀ քաղաքական և դիվանագիտական օրակարգից: Դա արկածախնդրություն է, որը նորանոր և կործանարար զիջումների ախորժակ է բացում Հայաստանն ու հայությանը ծնկի բերել փորձող թշնամու մոտ:  

Գործընթացի մակերեսային անվանումը՝ խաղաղությունն է, որն անարժանապատիվ է, հիմնված՝ միակողմանի կորստաբեր զիջումների վրա: Տարածաշրջանում կայուն, երկարատև, հուսադրող, արդար և համապարփակ խաղաղության հաստատումը ենթադրում է ուժի սպառնալիքի վերացում, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական օկուպացիոն զորքի դուրսբերում, անվտանգության համակողմանի երաշխիքներ, Արցախի կարգավիճակի ճշգրտում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ուժային հավասարակշռումների կիրառում: Վերջինիս համատեքստում թերևս միակ դրական զարգացումը, որի ականատեսը եղանք անցած 5 տարում՝ 44-օրյա պատերազմից հետո, հայ-իրանական համատեղ զորավարժություններն էին, որոնց իրականացման գործում անհնար է չգնահատել իրանահայ կազմակերպված համայնքի քաղաքական կառույցների ակտիվ դերն ու ծանրագույն աշխատանքը: Որպես Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն բազմիցս եմ շեշտել ուղղահայաց դիվանագիտական շառավիղի կենսագործման անհրաժեշտության մասին՝ Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմավարական առանցքի մասին, ի հեճուկս բոլոր քաղաքական արկածախնդիրների և մեր տարածաշրջանը Արևելք-Արևմուտք նոր մարտադաշտի վերածել ցանկացողների. հավատում եմ՝ Երևան-Թեհրան դաշնակցային հարաբերություններն ունեն ոչ միայն քաղաքական և անվտանգային նշանակություն, այլ քաղաքակրթական, Հայաստան-Իրան սահմանն ապակայունացնողը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է՝ անկախ իր մասշտաբից, կարողականությունից և տարածաշրջանային կշռից: Հենց Իրանի գործուն դերակատարումն է, որ արգելակում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունները ՀՀ դեմ: Հայ ժողովուրդը չի մոռանա իր ծանր օրերի բարեկամներին։

Միաժամանակ փաստեմ՝ մոլորություն է, տգիտություն, քաղաքական տհասություն՝ սեփական պետության պաշտպանությունը, ազգի գոյության ու զարգացման բնական իրավունքը կապել այլ պետությունների կամ ուժերի հետ: Հայաստանի, Արցախի և հայ ժողովրի ազգային-պետական շահը ենթադրում է անվստահություն՝ ականջ շոյող սին հույսերի, չհաշվարկված մոտեցումների, որոնց պատասխանը՝ հավաքական ֆիզիկական ոչնչացումն է և հայրենազրկումը: 1915 թ-ը վկա: Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, Հայկական բանակը, որի դերակատարումն արժեզրկելու, նսեմացնելու և նրան բարոյալքելու բոլոր փորձերը պիտի վիժենք։

Հայկական անվտանգության և հայության գործոնի վերադարձն ունի մի քանի առանցքային բաղադրիչ՝ տեխնոլոգիապես զարգացած, տնտեսապես հզոր, մարտունակ բանակով պետություն, իրատեսություն, միջազգային ճիշտ հռետորաբանություն, ճկուն դիվանագիտություն, դաշնակիցներ: Եվ բոլոր այն քաղաքական ողորմելիները, որոնք կփորձեն մանիպուլացնել, թե նման օրակարգը ռևանշիստական է և հակասում է տարածաշրջանի անվտանգությանը, հիասթափեցնեմ. այն, ինչ ասում եմ, տարածաշրջանում միակ և իրական խաղաղության օրակարգի նախապայմանն է։ Եթե չկա ուժերի հավասարակշռում, նոր պատերազմը կանխելու միջազգային մեխանիզմներ, եթե գաղափարական առումով այդ խաղաղության փաստաթուղթը արդար չէ, համապարփակ չէ, հաշվի չի առնում՝ հայաստանցիների ու արցախցիների շահերը, ուրեմն դա կեղծ խաղաղություն է, ավելին՝ նոր պատերազմի ու կողմերից նվազագույնը մեկի կործանման նախադրյալ։ 

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախն աշխարհի բոլոր իրավազուրկ ազգերի արդար պայքարի խորհրդանիշն է, հայության հավաքական ինքնության կարևորագույն բաղադրիչը: Այդ իսկ պատճառով՝ ՀՀ, Արցախի և Սփյուռքի քաղաքական և քաղաքացիական առանցքային կառույցների, միությունների, կուսակցությունների և ազդեցիկ ուժերի միջև պիտի կայանա համախոհություն՝ արցախցիների տունդարձի հարցը հռչակել համազգային քաղաքական օրակարգի գերակայություն։ Արցախի հարցը չի փակվել, ավելին՝ արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձի հարցը շարունակում է մնալ պետությունների հարավկովկասյան քաղաքական օրակարգում, բնականաբար՝ բացառելով Թուրքիան և պաշտոնական Երևանը։

Արցախի նկատմամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված մեկօրյա պատերազմի հետևանքով հայրենազրկված ժողովրդի հավաքական տունդարձի իրավունքի անտեսումը, Արցախի պատմամշակութային ժառանգության վանդալիստական ոչնչացումը, Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի պատանդառությունն ու նրանց նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ չընդհատվող պահանջները, ՀՀ ռազմավարական տարածքները գրավյալ պահելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքուն անկեղծ ու հետևողական չէ պաշտոնական Երևանի հետ հարաբերություններ հաստատելու, կայուն, հուսալի, միջազգային մեխանիզմներով ամրագրված ու երաշխավորված խաղաղության գործընթացը երկարատև դարձնելու գործում: Բաքվի նպատակներն ավելի խորն են և երկարաժամկետ՝ Հայաստանը դարձնել հարավկովկասյան գաճաճ պետական միավոր, անատամ վասալային տարածք, զուրկ՝ ջրային պաշարներից, Թյուրքական աշխարհի համար միջանցիկ կորիդոր, բանակ ու մարտունակություն չունեցող խամաճիկային միավոր։

Թուրքիան 1915-ին մտածում էր, թե «վերջնական լուծում» է տվել հայկական հարցին։ Չկարողացա՛ն. ով պաշտպանվեց՝ փրկվեց, ով հավատաց կեղծ խաղաղության ու եղբայրության խոսքին՝ կոտորվեց: Ցեղասպանությունից մեկ դար անց՝ պատկերը կրկնվեց. 2023-ին պատկերը կրկնվեց Արցախում՝ պատերազմ, շրջափակում, սով, զոհեր, հայրենազրկում։ Հիմա կորուստների մասին խոսելու ժամանակը չէ, պետք է խոսել ցեղասպան քաղաքականության իրավական շարունակականության մասին։

Արցախի հարցը պիտի դնենք Ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարության կիզակետում։ Ոչ թե որպես՝ թղթապանակից առանձնացված էջ, այլ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, ազգերի իրավահավասարության և ինքնորոշման բնական իրավունքի կոպտագույն խախտում: 

Մենք չենք կարող փոխել անցյալը, Բայց պարտավոր ենք կանխել դրա կրկնությունը: Միայն թերուս ժողովուրդների մոտ է պատմությունը կրկնվում. պատմության դասերից ճիշտ եզրահանգումներ անողների համար քաղաքական մտածողությունն ու պետականամետ դիրքորոշումները դառնում են առօրյա վարժանք: Պատմությունից գեթ մեկ անգամ ճիշտ դաս սովորած քաղաքացին գիտի՝ հենարանը պետք է ստեղծել սեփական երկրի ներսում, ոչ թե հույսը դնել օտարի վրա: Նման քաղաքացին է, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս՝ դառնում է ոչ թե հիշողության պահապան, այլ իրավունքի տեր, ոչ թե ժառանգորդ, այլ արարող, ոչ թե հայրենազուրկ, այլ՝ վերադարձող։

Եվ երբ վանկարկում ենք՝ «Այլևս երբեք» լոզունգը, ապա դա չենք ասում իբրև նախճիրի զոհ, այլ որպես ժողովուրդ, որը վերապրել է, կառուցել է, ու պատրաստ է վերականգնել իր խլված իրավունքը, որն անժամանցելի է: Ուստիև՝ այսօրվա մեր պայքարը՝ ոչ թե անցյալի ոգեկոչման, այլ գալիք Հայաստանի համար է։

Ներսում պարտված, արդարության կարոտով ապրող, ստեղծագործ մտքին ու բազկին կապանքներ ունեցող, իդեալ ու հավաքական երազանք չունեցող, եսակենտրոն հայը դրսում ոչ մի հաղթանակ չի կերտի: Մենք ունենք այդ իդեալը՝ Հայաստանը պիտի դառնա ժամանակակից, աճող բնակչությամբ, կրթված ու արժեքներ կրող երիտասարդությամբ, հզոր տնտեսությամբ ու ամուր բանակով պետություն, որի քաղաքացին շոշափելի հպարտությամբ պիտի կրի ՀՀ կապույտ անձնագիրը: Դրա համար ոգի է պետք, կենդանի ոգի, որը երազելու ու նպատակ սահմանելու ուժ կտա մեզ: Սա է յուրաքանչյուր հայի երազանքը: Վա՜յ այն ժողովրդին, որի երազանքը հզոր պետությունը չէ։ Այդ երազանքը պիտի կարողանանք խելամիտ ու իրատեսական լուծումներով վերածել նպատակի և կյանքի կոչել՝ պատասխանատվությունը բաժանելով սերունդների միջև:

Մեկ անգամ չէ, որ ընկել ենք, ջարդվել: Էականը չընկրկելն է, չվհատվելը, չհանձնվելը, հարմարվողականությանը գերի ու ստրուկ չդառնալը: Հիշե՛ք, հայի ազգային գիտակցությանը հասցված հարվածներին պետք է պատասխանենք կոշտ: Ազգային գիտակցության ջլատումը մեզ տանելու է ինքնության կորստի, դարձնելու է գաղթի ճամփա փնտրող, օտարի թագի հզորությունը գովերգող անհայրենիք մի զանգված: 

Ազգերի կյանքում ամենաթանկ գործոնը, արարելու, ստեղծելու պատվանդանը հայրենիքն է, իսկ պետությունը՝ դրա գործիքակազմը: Անհայրենիք ժողովուրդը չի կարող պետություն ստեղծել: Հայրենիքը հարկ հավաքելու, սեփական բռնապետությունը հաստատելու, օտարին հլու հնազանդ ծառայելու անբարոյականության տարածք չէ. պետությունը երկար պիտի գոյատևի, սերունդներ պիտի կրթի, դաստիարակի, արարի, պիտի կարողանա մեկտեղել ազգի զավակների հավաքական ջանքը, որպեսզի արժանանա հայրենիքի արևին: Ազգերը հավերժանում են, երբ նրա՝ մարդկային, իմացական, բարոյական, նյութական ամբողջ կարողականությունը դրվում է հայրենիքի ազատագրության և արդար հասարակարգի կերտման սեղանին: Հայրենիք ունենալու համար պիտի կռիվ տաս ոչ թե արտաքին թշնամու, այլ, առաջին հերթին՝ քեզ կեղեքող, շահագործող, անարդար ու բռնակալ իշխանավորի դեմ… այլ պարագաներում՝ հայրենիքը դառնում է սոսկ աշխարհագրական հասկացություն, լերկ տարածք, որն այսօր կկոչվի պետություն, վաղը՝ կմնա պատմության դասագրքերում որպես երբեմնի տեղանք: Ունես հայրենիք՝ ուրեմն ունես հոգեմտավոր, ֆիզիկական և բնական զարգացման նախապայման. քաղաքականապես հասուն բոլոր ազգերը,  շաժումները, կազմակերպությունները չեն կարող հաջողել՝ եթե գաղափարախոսության տողերում և տողատակերում չկա սեփական անկախ ու ազատ հայրենիքի կերտումը, բռնությունից, տգիտությունից, անարդարությունից՝ անհատի ու հավաքականության ազատագրումը: Ճիշտ այս պատճառով է, որ համայն մարդկության դեմ ամենասոսկալի ոճիրը՝ հայրենազրկումն է և ընդհակառակը՝ մարդկային պատմության ամենանվիրական առաքելությունը՝ հայրենակերտումն է: Այս ճանապարհին ցանկացած կարողականության խնայողություն՝ ոչ միայն աններելի է, այլև անհատական և հավաքական ուժերի մսխում: Եվ միայն ամենօրյա աշխատանքով է հայրենակերտումը դառնում հավատամք, հավաքական մնայուն արժեք և կապիտալ, որը ժառանգվում է սերնդե սերունդ: 

Չմոլորվենք՝ պետությունը երբեք ու երբեք հայրենիքը չէ. պետությունը հայրենիքի ֆիզիկական մասնիկն է: Հայրենիքը միայն տարածք չէ, այլ արժեքների, բարօրության, անվտանգության ու ինքնիշխանության ամբողջություն, որը մարդիկ զգում են, երբ պետությունը նրանց տալիս է քաղաքացիություն, արժանապատիվ կյանք, վստահություն ու ապագայի տեսլական։ Պետությունն աճում ու զարգանում է, երբ առաջնորդվում է ազգային շահերով, երբ տնտեսությունն աշխատում է հօգուտ ժողովրդի, երբ անվտանգային համակարգը ամուր է, և երբ կրթությունը պատրաստում է մտածող, ուժեղ քաղաքացիների, այլ ոչ թե նորաձևության հարթակ։ 

Մերը Հայաստա՛նն է, պարզապես՝ Հայաստան, առանց պիտակավորումների՝ հին, նոր, իրական կամ նորաձև: Հայաստանը աշխարհագրական եզրույթ կամ տեղանք չէ` այս կամ այն ավազակի քանոնով գծված…Հայաստանը տեղով մեկ գաղափարախոսություն է: Հավատացե՛ք՝ հայության ահեղ դատաստանին են արժանանալու բոլոր այն ուժերը, մեծ ու փոքր կեղծ կուսակցությունները, անհատ դերակատարները, որոնք բռնանում են հայության գիտակցությանը՝ ազատ և ամբողջական հայրենիքում ապրելու և արարելու կամքին: Եվ բոլոր նրանք, ովքեր ջուր են լցնում ժխտողականության և պատմության վերանայման ջրաղացին, շպրտվելու են պատմության աղբանոցը:

Վախկոտ պետությունները տեղ չունե՛ն պատմության մեջ։ Հիշողությունը հզոր զենք է միայն այն ժամանակ, երբ այն գործի է դրվում։ Դիմում եմ դահլիճում հավաքված իմ սիրելի երիտասարդներին՝ Ձեր սերունդը պիտի կոտրի քաղաքական սնահավատությունը, թե՝ «Հայաստանը փոքր է, թույլ է, չենք կարող»։
Ո՛չ, Հայաստանը փոքր է այնքան, որքան փոքր է մեր պատասխանատվությունը։ Իսկ երբ մեր բոլորի շուրթերից հնչում է՝ ասպետական երգի նախադասությունը՝ Պարսկաստանի խորքից՝ եկել է նամակ…հաստատ իմացե՛ք, դուք հայության վերազարթոնքի, հայրենատիրության իրական հավատի, Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական օրակարգի արթուն պահակն եք, որի իրավունքը ժառանգել եք՝ Ջուղայի, Ռաշտի, Թավրիզի, Ուրմիայի, Խոյի, Սալմաստի ու Թեհրանի փողոցներում ու գրասենյակներում՝ հայի ու Հայաստանի հավերժականության համար ամենաթանկը չխնայած՝ Եփրեմներից, Մինասյաններից, Տեր-Գրիգորյաններից, Մարուխյաններից: 

 Խունկ և ծուխ՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, մեզ էլ՝ միտք, ուժեղ բազուկ՝ հայրենատիրության և մեր անժամանցելի իրավունքները վերականգնելու անկոտրում կամք: Պի՛նդ եղեք»։

Ռազմագերիներ