17 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզում ենք՝ Սարիկ Մինասյանը Կառավարությունից գումար բերի․ ինչո՞ւ է չեղարկվել Գյումրու տոնը

Ուզում ենք՝ Սարիկ Մինասյանը Կառավարությունից գումար բերի․ ինչո՞ւ է չեղարկվել Գյումրու տոնը

Գյումրու ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղյալ է համարել «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։  Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։ Տոնակատարության մասին քննարկումից առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել է հարցը հանել օրակարգից։ Տոնակատարությունը չեղյալ համարելու առաջարկությանը միացել է նաև «Իմ հզոր համայնքը» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Հարցը հանվել է նիստի օրակարգից և տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Սարիկ Մինասյանը արտահերթ նիստ է պատրաստվում հրավիրել՝ օրակարգ բերելով տոնակատարության կազմակերպումը։

«Մենք էլ ուզում ենք, որ Սարիկ Մինասյանը Կառավարությունից գումար բերի»,-ABC media-ի հետ զրույցում պարզաբանել է Գյումրու ղեկավարն՝ անդրադառնալով Մինասյանի կողմից արտահերթ նիստ հրավիրելուն։

«Մենք չենք ասել, որ տրամադրություն չկա, ինչ-որ ստից բաներ են սարքում, մենք այդ հարցին հետո կպատասխանենք։ Սարիկ Մինասյանը թող Կառավարությունից գումար բերի, մենք այդ հարցը կլուծենք, եթե չբերեց՝ մենք արագ կարգով կհասկանանք՝ ինչ ենք անում։ Մենք ամեն ինչ կկարգավորենք»,-ասել է Ղուկասյանը։

Ի պատասխան Ղուկասյանի հայտարարությանը՝ Սարիկ Մինասյանը պնդում է՝ Գյումրու տոնը նշելու համար Կառավարությունից գումար պետք չէ։

«Ինչո՞ւ պիտի Կառավարությունից բերենք, Գյումրու տոնակատարության համար բյուջեից 14 մլն դրամ է հատկացված, այդ գումարը «Գյումրու օրվա» համար է առանձնացված։ Ավագանին օր է որոշել, հիմա ինչո՞ւ պետք է չեղարկվի։ Մնացած քաղաքներն ասում են՝ Կառավարությունը մեզ փող տա, նոր նշե՞նք։ Բոլոր քաղաքներն էլ իրենց բյուջեի հաշվին են նշում»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Սարիկ Մինասյանը։

Ռազմագերիներ