23 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե որևէ այլազգի հայկական սերիալ նայի, կմտածի այս ինչ փողոցային, ցածրակարգ ազգ է՝ հիմար մտածողությամբ, ցածրորակ դերասաններով. Նարինե Գրիգորյան

Եթե որևէ այլազգի հայկական սերիալ նայի, կմտածի այս ինչ փողոցային, ցածրակարգ ազգ է՝ հիմար մտածողությամբ, ցածրորակ դերասաններով. Նարինե Գրիգորյան

ABC ինտերվյուի շրջանակներում զույցել ենք Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Դերասանուհին գտնում է, որ խաղը՝ նույնիսկ բեմում, օգնում է, որ մանկությունը չվերջանա: Նարինեի կարծիքով՝ դերասանն, ըստ էության, զենք է, որովհետև միտք է փոխանցում… Արցախի կորստից հետո՝ ծագումով արցախցի Նարինեն դժվարությամբ է նորից աշխատանքի վերադարձել: Դերասանուհուն այդ դժվար պահին օգնել են կոլեգաներն ու ընկերները, որոնք պարզապես ստիպել են վեր կենալ ու խաղալ…

-Ովքե՞ր են դառնում դերասաններ։ Դրանք մարդիկ են ովքեր ունեն ոլորտին համապատասխան բնավորության գծեր, թե՞ ունեն ասելիք, որը ցանկանում են արտահայտել։

-Հաճախ նկատել եմ, որ ամաչկոտ մարդիկ են դիմում թատերական ինստիտուտ։ Թվում է, թե պետք է հակառակը՝ շատ բաց լինեն, միջավայրի հետ հեշտ ձուլվող, հեշտ արտահայտվող, բայց հակառակը՝ մի տեսակ թաքնված բան ունեն իրենց մեջ։ Այդ ամենի հետ մեկտեղ զգում են, որ իրենց միջի եղածը պատմելու կարիք ունեն։ Շատ ամաչկոտ մարդիկ կան, որ ինստիտուտում սովորելու առաջին տարին չեն խոսում՝ ամաչում են, բայց հետո նրանցից շատերը տաղանդավոր դերասաններ են դառնում։ Ժողովրդի մեջ, սակայն, կարծրատիպ կա, որ թատերական տալիս են ամոթ չունեցողողները, բայց դա ամենևին էլ այդպես չէ։

-Արդյոք այն կազմակերպությունները, մարդիկ, ովքեր այսօր ցածրորակ սերիալներ են նկարում գիտակցո՞ւմ են, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ ամենն այնպիսի երկրում՝ ինչպիսին Հայաստանն է։ Նրանք երբեմն պատճառաբանում են, որ սերիալն ընդամենը ժամանց է, և պետք չի այդքան կարևորել դրա դերը։

-Դա ինչ-որ տեղ փոքր երկրներին շարքից հանելու, դրանք ուղղակի անպետք դարձնելու քաղաքականություն է, և այդ անճաշակությունը ժողովրդին հրամցնողները նրանց գործիքն են, որովհետև սերիալը ժամանց չէ։ Չեմ նայել, բայց գիտեմ, որ կողքի պետությունն այնպիսի սերիալներ է նկարահանում, որ նայողը մտածում է՝ ինչպիսի բարձր հատկանիշներ ունի այս թուրք ազգը, որ իր կողքի ազգերին էլ գրավել և իր մակարդակին է բարձրացրել։ Մեկը մյուսից սիրուն դերասաններ են խաղում ֆիլմերում, նայելիս մտածում ես այս ի՜նչ բարձրաճաշակ ազգ է։ Նրանք շատ լուրջ քաղաքականություն են տանում։ Մեզ մոտ սակայն, եթե որևէ այլազգի հայկական սերիալ նայի, կմտածի՝ այս ինչ փողոցային ազգ են՝ շրթունքները լցրած, արևելյան հիմար մտածողությամբ, ցածրորակ դերասաններով։ Հաստատ կմտածեն՝ ցածրագարգ ազգ ենք։ Ախր մենք այդ չենք, բայց ինչո՞ւ ենք որոշել այդպիսին դառնալ, չգիտեմ, չեմ հասկանում․․․Ափսոսում եմ, որ իրականում անատամ եմ, այսպես խոսում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել։ Դա է ինձ շատ բարկացնում։ Ասում եմ, խոսում եմ, բայց անողը շարունակում էիր գործն անել։ Պատճառաբանում են, թե մարդիկ դա են նայում։ Նայում են, բայց լսեք, թե ինչեր են ասում։ Բողոքում են, թե երբ պետք է վերջանա այս անվերջանալի սերիալը․․․Ուղղակի մարդիկ ուզում են հայկական ֆիլմեր, սերիալներ նայել, չեն ուզում թուրքական, ռուսական նայել։

-Անցյալ տարի նկարահանվում էիք Ազնավուրի մասին ֆիլմում, ի՞նչ ֆիլմ էր, և արդյո՞ք մեր մոտեցումներն ու աշխատելաոճը նկարահանման հրապարակում շատ են տարբերվում իրենց գործելաոճից։

-Նկարահանումներն ամռանն էին՝ Փարիզում։ «Մսյո Ազնավուր» ֆիլմի համար Քնարին որոշել էին Հայաստանից բերել։ Երկար փնտրտուքի արդյունքում ինձ էին գտել, որի համար շատ շնորհակալ եմ։ Մեր կինոռեժիսորներից շատերը հենց ինձ էին խորհուրդ տվել, և ինձ համար իսկապես երջանկություն էր այդ ֆիլմում նկարահանվելը։ Դրանք երջանիկ օրեր էին, որի պատճառը նաև իրենց մոտեցումն էր աշխատանքին։ Ֆրանսիացիները կարողանում են և՛ աշխատել, և՛ հանգստանալ, և՛ քեֆ անել։ Հիմա մոտենում եմ տարբերությանը․ մերոնք ավելի շատ ջանք են ներդնում, քանի որ հնարավորությունները շատ ավելի քիչ են՝ ավելի քիչ գումար է հատկացվում և ռեժիսորը 10 տարին մեկ է ֆիլմ նկարելու հնարավորություն ունենում։ Մեզ մոտ ռեժիսորը ողջ կյանքն է դնում, գիշերները չի քնում՝ մի խոսքով ֆիլմ նկարելիս տանջանքը մեզ մոտ շատ է։ Մերոնք շատ պրոֆեսոնալ են, շատ են տրվում, բայց դա արվում է մարդկային ուժի, նյարդերի և մեծ կամքի հաշվին։ Այնտեղ ամեն ինչի համար առանձին պատասխանատու կա, մեզ մոտ 10 բանի համար մի մարդ է պատասխանատու, որովհետև փողը քիչ և այլն։ Դրանից բոլորս շատ ենք հոգնում, բայց այստեղ հարյուրապատիկ ենք տրվում։

-Գուցե նկարահանումներում տիրող մթնոլորտի պատճառը նաև ֆրանսիացիների թեթև բնավորությու՞նն է։

-Շատ քաղցր են ֆրանսիացիները․ առավոտյան գալիս էինք նկարահանման հրապարակ և սկսվում էր պաչելու արարողությունը (ծիծաղում է)։ Երկու ռեժիսոր էին և 100 հոգանոց թիմ՝ 3 գրիմյոր, 4 կոստյումեր և այլն։ Ու այդպես շարքով՝ բոլորս պաչելով այդ երկու հոգուն անցնում էինք։ Նկատի ունեմ` ամեն ինչ շատ թեթև էր ու հանգիստ։ Հաճախ ինձ հարցնում էին, որպես այնտեղի միակ հայ, թե ի՞նչն է բնորոշում իսկական հային՝ ասում էի աչքերը՝ աչքերին ուշադիր եղեք, այդ խորությունը պետք է ապահովել։ Շատ հատուկ էին իմ հանդեպ։ Չեմ կարող նկարագրել որքան ջերմություն, քաղցրություն եմ իրենցից ստացել։

Վերջերս՝ մարտի սկզբին, այնտեղ էի, որովհետև, չնայած ֆիլմում կեսը հայերեն եմ խոսում, կեսը ֆրանսերեն, պետք էր նաև ֆրանսիական ամբողջական տարբերակ, որպեսզի ֆիլմը ֆրանսիական ալիքով ցույց տային։ Աշխատում էին հասցնել նաև Կաննի փառատոնին, որպեսզի մայիսի 22-ին ՝Ազնավուրի 100 ամյակին ցույց տային։ Պրեմիերան Փարիզում է լինելու, իսկ հոկտեմբերին ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում։

Ֆրանսիացիների համար Ազնավուրը հենց իր ընտանիքն էր․․․ Ազնավուրը այս սցենարն էր շատ հավանել, որովհետև կենտրոնում իր ընտանիքն էր, որի անդամները յուրաքանչյուր պարագայում իր կողքին էին։ Ազնավուրը, հավանաբար գիտեք, որ պանթեոնում չի թաղված՝ նա այն գյուղում է, որտեղ իր տղան՝ Պատրիկն է թաղված։ Ինքն է ուզել իր տղայի կողքին լինել։ Ազնավուրը ցույց է տվել հայ ընտանիքի մոդելը՝ իր ապրելակերպով, իր ընտանիքով․․․Այնտեղ կան նաև ջարդերի տեսարաններ։ Ֆիլմում կարևոր հաղորդագրություն կա, որ մենք ապրելով ենք հաղթել ջարդը, երգելով ենք հաղթել ջարդը․․․

-Իսկ հիմա՝ այս բարդ իրավիճակում, մենք մեր երկրում ի՞նչ մեթոդներով պետք է հաղթենք։

-Ապրելով․․․Արցախից հետո չէի ստեղծագործում։ Ինձ անընդհատ զանգում, ասում էին՝ արի թատրոն։ Անկեղծ չէի կարողանում․․․այն կյանքը որով ապրել էի, այն ազատ, անկախ երկիրը, որն ուզում էի ավելի լավը տեսնել, այդ զոհերը, այդքան տարիների պայքարը ․․․Չգիտեմ, մեջս ամեն ինչ փլվել է։ Ընթացքում չեմ զգում, բայց հենց ինձ խոսեցնում են՝ ցավը դուրս է գալիս։ Չէի կարողանում ոչինչ անել, բայց մի անգամ ներկայացումից հետո հանդիսատեսն ասաց շնորհակալություն, որ դուք կաք, որ չեք գնացել, որ այստեղ եք, որ մեր կողքին եք․․․ Ես հասկացա, որ ընդհակառակը՝ գուցե հիմա թատրոնը ավելի է պետք։ Պետք է, ցույց տանք, որ թատրոնը կա, որ գործում է։ Լավ ժամանակ բոլորն էլ կան, գուցե ծա՞նր ժամանակ է պետք ցույց տալ, որ կանք, որ դու էլ կաս և սա միասնության տարածք է, որտեղ իրար ուժ ենք տալիս և ուրախությունն ենք կիսում և ցավը։ Շատ արցախցիներ են գալիս և ասում, որ ամբողջ ճանապարհը կտրել անցել են՝ չեն լացել, եկել են թատրոն լացեն, որ կուտակված ապրումները դուրս գան մեջներից․․․

-Հարցազրույցներից մեկում մի անգամ ասացիք, որ սուգը ամեն տեղ չափազանց շատ է մեր մշակույթի մեջ, ապրելակերպի, բայց սեպտեմբերյան իրադարձությունները կարծես այլ բան ցույց տվեցին։ Մի քանի օրում կորցրեցինք Արցախը, բայց դրան չհաջորդեց սուգը, ինչը մեծ կորստից հետո օրինաչափ է։

-Իմ կարծիքով՝ միայն թվում է, թե մարդիկ հեշտ տարան այդ ամենը, ուղղակի երբ մեծ շոկ ես ապրում, սկզբում քեզ հավաքում ես, հետո, երբ շոկն անցնում է՝ նոր թուլանում ես, լացում ես, ջուր ես խմում։ Սթրեսից հետո քեզ պարզապես ոտքի վրա ես պահում, հենց որ վտանգը անցնի՝ կթուլանանք։ Հիմա վտանգը շարունակվում է, և ես վստահ եմ, որ ամեն հայ հաստատ ոչ գիտակցորեն, գոնե ենթագիտակցորեն այդ կորուստը զգում է։

-Դուք Արցախից բռնի տեղահանված ազգականներ ունեք այստեղ, ի՞նչ տրամադրություններ կան իրենց շրջանում։ Նրանք պատրա՞ստ են վերադառնալ, եթե Արցախը նորից մերը լինի, չէ՞ որ նրանց մի մասը մի քանի պատերազմի միջով է անցել, բլոկադայի, զրկանքների․․․

-Դե մի օր հավատում են, մի օր չէ, բայց կվերադառնային, եթե Արցախը մերը լիներ։ Եղբայրս ասում է՝ մեր պապերն են այդ հողը միշտ մշակել, այգիներ տնկել ու ես չեմ հավատում, որ ես դա հիմա չեմ անում  ու էլ չեմ անելու։ Ասում է, որ վեր է կենալու, գնա այդ հողը մշակելու․․Հենց այդ հողի հետ է կապը շատ ամուր։ Մի պահ անգամ, եթե մտքներով անցներ, որ փախչելու են՝ այստեղ տներ կառնեին։ Մենք ենք ասում՝ գոնե մի տուն առնեիք, բայց նույնիսկ թույլ չեն տվել մտածել, որ հնարավոր է Արցախում չապրեն։

Ես էլ էի ինձ այնտեղ ավելի ուժեղ զգում, հողը կարծես իսկապես ուժ էր տալիս։ Կարծում եմ Արցախում շատ ավելի լավ հարցազրույց կտայի (ծիծաղում է)։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը