ԵՄ առանց վիզայի ճամփորդելու գործընթացը ՀՀ- ի համար լինելու է կոշտ. Eurasianet
Եվրոպական միության խորհուրդը՝ ԵՄ հիմնական որոշումներ կայացնող մարմինը, հավանություն է տվել հուլիսի 22-ին Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցություններ սկսելուն։
Ակնկալվում է, որ գործընթացը կտևի տարիներ, բայց Երևանի համար այն մեծ խթան է՝ շարունակելու իր աշխարհաքաղաքական առանցքի փոփոխությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք: Այս մասին գրել է Eurasianet-ը: Ինչպես նշվել է, ավանդաբար, քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդության տրամադրումը կարևոր իրադարձություն է այն պետությունների համար, որոնք ձգտում են ինտեգրվել ԵՄ–ին: Հաջողության հասնելու համար Երևանը պետք է ձեռնարկի լայնածավալ բարեփոխումներ՝ ներառյալ անվտանգության ընթացակարգերի արդիականացումը և անօրինական միգրացիան ընդգրկող շրջանակների խստացումը: Հաշվի առնելով բարեփոխումների պարտավորությունները՝ ԵՄ առանց վիզայի ճանապարհորդությունը շուտով հասանելի չի լինի հայերին։
Հարևան Վրաստանին, օրինակ, հինգ տարի է պահանջվել առանց վիզայի իրավունքներ ապահովելու համար: Մոլդովայի համար գործընթացը տևել է չորս տարի, իսկ Ուկրաինայի համար՝ ինը տարի։ «Հայաստանի ճանապարհն ավելի կոշտ է լինելու. ի տարբերություն այդ երեք պետությունների, Երևանը չունի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր։ Հայաստան–ԵՄ հարաբերությունները ներկայումս կարգավորվում են ավելի ցածր մակարդակի պայմանավորվածությամբ, որը հայտնի է որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև երկրում ռուսական ռազմակայանի շարունակական ներկայությունը լրացուցիչ բարդություններ են առաջացնում» , – նշվել է հոդվածում:
Հավելվել է, որ ԵՄ–ի վիզային ռեժիմի ազատականացման հայտարարությունն ազդանշան է, որ Բրյուսելը շահագրգռված է խորացնելու իր ներգրավվածությունը Հայաստանում։ Միևնույն ժամանակ՝ ՀՀ ԶՈւ–ին 10 միլիոն աջակցություն տրամադրելու որոշումը բացասական արձագանք է ստացել Ադրբեջանի կողմից: Ինչպես նշվել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները ներկայումս, կարծես թե, փակուղում են: