
Ադրբեջանն աշխարհաքաղաքական տարր է ներարկում COP29 կլիմայական համաժողովին․ Eurasianet
Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն աշխարհաքաղաքական ոխ է պահում Ֆրանսիայի հանդեպ՝ խոստանալով ֆինանսավորել փոքր կղզի պետությունների մասնակցությունն առաջիկա COP29 բնապահպանական համաժողովին, գրել է Eurasianet-ը:
Ադրբեջանը կֆինանսավորի նոյեմբերին Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցող յուրաքանչյուր կղզի պետության մասնակիցների ավիատոմսերը և կացությունը:
Օգնության առաջարկը գալիս է մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Ալիևը առաջարկել է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կօգնի փոքր կղզի պետություններին հաղթահարել կլիմայի փոփոխության հետևանքները:
Ադրբեջանցի պաշտոնյաներն այս նախաձեռնությունը ներկայացնում են ալտրուիստական արտահայտություններով՝ դրդված գլոբալ տաքացումից և օվկիանոսների մակարդակի բարձրացումից ամենաշատ տուժած ազգերի «ձայնը ուժեղացնելու» ցանկությամբ:
Որոշ դիտորդներ ավելի ցինիկ նպատակ են տեսնում COP29-ը փոքր կղզիների երկրների ներկայացուցիչներով փաթեթավորելու մեջ, այն է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վնաս հասցնելու Ալիևի ցանկությունը: Երկու առաջնորդներն ավելի քան մեկ տարի հակասություններ ունեն, որոնք պտտվում են Արցախյան հակամարտության հետևանքների շուրջ:
Ֆրանսիան եղել է Հայաստանի անսասան աջակիցն Ադրբեջանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի ջանքերի ֆոնին։ Իր հերթին՝ Ալիևի վարչակազմը հակադրվել է Ֆրանսիայի ղեկավարությանը` մեղադրելով Ֆրանսիային խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «նեոգաղութատիրական» վարքագծի մեջ: Այս տարվա գարնան վերջին Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անջատողական տրամադրություններ բորբոքելու մեջ: COP29-ում կղզիների ներկայությունը ֆինանսավորելու նախաձեռնությունը կարող է դիտվել որպես Ֆրանսիայի հանդեպ Ադրբեջանի հակադրության ընդլայնում: