22 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հացից «կախվածը»

Հացից «կախվածը»

Հայաստանյան իրականության մեջ խեղաթյուրման և փաստերի ու իրողությունների աղճատման գործընթացը, որը տեղի է ունենում վերջին 6 տարիներին, գնալով ավելի խորն արմատներ է գցում՝ պետականության ամենօրյա խարխլման դառը հետևանքներով։ Վերջին շրջանում տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը շատ է սկսել խոսել պետության, պետականության, անկախության և նմանօրինակ այլ վերմարդկային կատեգորիաներից, սակայն նա դա անում է իր ոճով՝ դրանց արժեզրկելով և կենցաղայինից ցածր մակարդակի հասցնելով։

Պետության և անկախության մասին Փաշինյանի պատկերացումները ոչ միայն դուրս են դասագրքային ճշմարտություններից, այլև ուշադիր լսելու դեպքում խորն անհանգստությունների տեղիք են տալիս։ Պետության ֆունկցիաների ու կիրառելության մասին քաղաքագիտական հազարավոր տրակտատներ կան, որոնք գալիս են դեռևս Հին Չինաստանից ու Հռոմից, երբ տարբեր մտածողներ տվել են պետության գործիքակազմի, դրա կիրառական կյանքում դրսևորման ամենատարբեր մոտեցումները, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես է այս ամենը մեկ վայրկյանում փոշիանում Փաշինյանի շուրթերով։ Մասնավորապես, Փաշինյանն անընդհատ ինքնամոռաց շեշտում է, որ «պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են, մարդը պետություն է ստեղծում հաց ունենալու նպատակով․ հացը ազատությունն է, հացը՝ արդարությունն է, հացը անվտանգությունն է։ Այս մասին նա բավական հանգամանալից ելույթ ունեցավ ԱԺ ֆինանսա-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2025-ի պետբյուջեի քննարկման ժամանակ՝ մի քանի թեզերով ու մոտեցումներով ներկայացնելով «հաց տեսության» իր նոր գաղափարախոսությունը։

Հին Հռոմի երգիծաբաններից Յուվենալիսը ժամանակին հակիրճ բանաձևել էր մի թեզ, որը  մոտ 2500 տարի շարունակում է մնալ արդիական, ավելին՝ այն օրըստօրե նոր բանաձևում է ստանում․ նա ասում էր, որ հռոմեացիներին տեղի ուենցող զարգացումներից ու ներքաղաքական ինտրիգներից հետ պահելու համար պետք է երկու բան՝ հաց և տեսարան։ Նշենք նաև, որ հայտնի ճշմարտություն է, որ պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։ Ասեմ ավելին՝ պոպուլիստ-դեմագոգների համար չկա «հաց և տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։

Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի մտքի ծիրը պտտվում է «հացային քաղաքականության» շուրջ, նա իր թեզերը կառուցում ու լուրջ դեմքով փորձում է իրեն լսողին համոզել, որ իր կողմից տիրաժավորվող պնդումները բացարձակ ճշմարտություններ են և դրանցից այն կողմ այլ իրողություն չկա։ Սա հայաստանյան ցավոտ իրականությունն է, երբ առկա անվտանգային ու աշխարհաքաղաքական լրջագույն մարտահարվերներին, Փաշինյանը պատասխանում կամ արձագանքում է «հացային» տրամաբանությամբ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչքան սնանկ են իր պատկերացումներն ու հարցերի վերաբերյալ իր անատամ վերաբերմունքը։

Խորհրդարանում խոսելով պետբյուջեի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր մի քանի առանցքային թեզեր և հայտարարեց, թե բյուջեն պետք է պատկերացնել «հարստացի՛ր և հարստացրո՛ւ» և «այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց» թեզերի շուրջ։ Առաջին հայացքից թվում է, թե խոսքը գնում է հայրենասիրության, պետականասիրության և պետությունն ուժեղացնելու շուրջ, սակայն դրանք ավելի եսասիրական ու իշխանության հանդեպ մոլուցքի ևս մեկ դրսևորումների մասին վկայող դրույթներ են։

Ասվածից հստակ երևում է, որ օրվա իշխանությունների համար «հացն» ու իշխանությունը ասոցացվում են սիմետրայով, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը, ասելով՝ «այստեղ հաց, այստեղ կաց», կարծես թե իր թիմին մեսիջ է հաղորդում՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Մասնավորապես, այս իշխանության համար հացն ու իշխանությունը հավասարազոր են, այնպիսի տպավորություն է, որ մինչև իշխանության գալը հացի պակասության խնդիր են ունեցել, իսկ հիմա դրանք բավարարում են հնարավոր բոլոր ձևերով։ Հենց դրանով է թերևս պայմանավորված կոռուպցիոն տարբեր սխեմաները, ինչի մեջ թաթախված են իշխանության առանցքային դեմքերը։ Լրատվականներում ու մամուլում գրեթե ամենօրյա ռեժիմով տարբեր տեղեկություններ են հրապարկվում, ըստ որոնց, իշխանական տարբեր ներկայացուցիչներ տարբեր կոռուպցիոն գործարքների մեջ են, չարաշահում են իրենց պաշտոնական դիրքերն ու բացահայտ փող աշխատում։

Ստացվում է, ըստ Փաշինյանի, պետության գլխավոր խնդիրը ստամոքսի կարիքները բավարարելն է ու մարդկանց «բարեկեցությունն» ապահովելը, որի հիմնական գրավականը բացառապես հացն է․ «փորը կուշտ լինելու դեպքում՝ բոլոր հարցերը միանգամից կարգավորվում են», սա այն բանաձևն ու գլխավորը խնդիրն է, որն առաջարկում է անվտանգային մարտահրավերների կիզակետում կանգնած Հայաստանի ղեկավարը։ Տվյալ դեպքում ընդհանրապես էական չէ, թե ինչ կկատարվի պետության հետ՝ առանցքայինը հացն է։

Մյուս թեման՝ «հարստացի՛ր և հարստացրո՛ւ», նույնպես ամբողջովին տեղավորվում է փաշինյանական կոռումպացված վարչախմբի տրամաբանության մեջ, երբ իշխանավորները դա ընկալում են սեփական բարեկեցիկ կյանքը կազմակերպելու, ինքնաբավ դառնալու տեսանկյունից։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի միլիոնների ու անշարժ գույքով հագեցած հայտարարգրեր են ներկայացնում անձիք, ովքեր մինչև 2018 թվականը տոկոսով գումարներ էին վերցնում ու տարբեր փաբերում «նիսյա» գարեջուր խմում։ Սրանք փաստերնեն, որոնք ապացուցման կարիք չունեն, յուրաքանչյուրը տեսնում է սեփական աչքերով։

Այսպիսով կարող եք փաստել, որ կոռուպցիայի թեման Փաշինյանի ամենախոցելի տեղերից մեկն է, այսպես կոչված՝ «աքիլեսյան գարշապարը», երբ հանրային տիրույթում դրա մասին ցանկացած բարձրաձայնում (լինի դա անիմաստ պետական ծախսեր, ավտոմեքենաների գնում, անձնական նպատակների համար թիկնազորի ընդլայնում, ընտանիքի հաճույքների բավարարման համար պետական միջոցների մսխում և այլն) նրա մոտ լուրջ ջղաձգումներ են առաջացնում, և այն Փաշինյանը, ով մինչև 2018-ը կոռուպցիայի դեմ պայքարի թիվ մեկ առաջամարտիկներից էր, այսօր լուռ ու գլխիկոր կրում է կոռուպացված իշխանության խարանը, ունի կոռուպցիոների համախտանիշ։ Այսինքն, տեսարանների «ուժեղ վարպետը», երբ տեսնում է ասելու և անելու լուրջ բան չկա, ստիպված սկսում է խոսել հացից։

Ամփոփելով նշենք, որ հստակորեն ակնհայտ է դառնում այն պնդումը, թե «տեսարաններով հնարավոր չէ հավերժ պահպանել իշխանությունը» Փաշինյանը տեղում ջախջախում է, հասարակությունն իր հերթին ապացուցում է այդ ծեծված թեզի անստուգությունը՝ շուրջ 6,5 տարի Փաշինյանին հանդուրժելով իշխանության ղեկին։

Հ․գ․ Ժամանակին, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանին և տարբեր բարձաստիճան պաշտոնյաների, մեղադրելով կոռուպցիայում թաթախված լինելու մեջ, կոկորդ էր պատռում, թե՝ «մարդ ձեր նման պետք է ընտանիք պահի, որ շրջապատի մարդիկ կամ դատախազ ըլնեն, կամ դեպուտատ ըլնեն, կամ քաղաքապետ ըլնեն, ձեր պահած ընտանիքների ֆոնին ա, որ էսօր ՀՀ 200 հազար ընտանիք աղքատ ա՝ հացին կակա ա ասում․ ինձ համար 200 հազար աղքատ ընտանիքն ավելի կարևոր է, քան 3 հատ կոռուպցիոների ընտանիք»։ Հիմա կարծես թե այդ ամեն ինչն ուղղակի վեկտորվում է նույն Փաշինյանի վրա՝ և՛ քաղաքապետն է իրենը, և՛ դատախազը, և՛ մի քանի տասնյակի հասնող պատգամավորները, իսկ այսօր ՀՀ բնակչության 12,4 տոկոսը (2022-ի տվյալներով) համարվում է աղքատ։

Հ․Հ․ գ․ Թերևս Փաշինյանը այնքան է կտրվել իրականությունից և այնքան ժամանակ չի քայլել Երևանի փողոցներով, (մարզերի մասին խոսելն անիմաստ է), որ չի նկատել հացի փող խնդրողների օրեցօր ավելացող թիվը։

Արմեն Հովասափյան