22 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի ինչին է պետք պատերազմը, եթե ամեն ինչ առանց պատերազմի էլ ստանում է․ Արման Հայրապետյան

Ալիևի ինչին է պետք պատերազմը, եթե ամեն ինչ առանց պատերազմի էլ ստանում է․ Արման Հայրապետյան

Մարքեթոլոգ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ Արման Հայրապետյանի հետ զրուցել ենք մեր երկրին առնչվող տարատեսակ հարցերից՝ ծանր հանցագործությունների աճից, մինչև երեխաների անվտանգ երթևեկություն։ Արմանի կարծիքով` երկրում առկա խնդիրներն իսկապես չափազանց շատ են, սակայն հաճախ մանր խնդիրները ասպարեզ են նետվում՝ հիմնական խնդիրներից շեղելու, դժգոհների մեծ բանակը տրոհելու և ուժերը ջլատելու համար։

-Ձեր էջում հաճախ եք գրառումներ անում ՃՏՊ-ների մասին և ուշադրությունը սևեռում եք երեխաներին քարսիթին չնստեցնելու վրա։

-Վերջերս հարցում անցկացրեցինք և Ձեր հարցին կարող եմ հստակ պատասխանել։ Իրականում մի քանի պատճառ կա․ պատճառներից մեկը տեղեկացված չլինելն է, թե քարսիթը մինչև որ տարիքն է պետք, կամ որքանով և ինչպես է պաշտպանում։ Մարդիկ հաճախ ճիշտ չեն հասկանում խնդիրը՝ այսինքն գիտեն, որ պետք է, բայց չգիտեն ինչպես են օգտագործում։ Նստեցնում են քարսիթ, բայց չեն ամրացնում կամ քարսիթը չի համապատասխանում տարիքային խմբին։ Լինում է նաև, որ քարսիթ ունեն, բայց չեն կարողանում օգտագործել, որովհետև ընտանիքի անդամները շատ են, տեղը՝ քիչ է, ինչը թույլ չի տալիս երեխային ապահովել քարսիթով։ Այդ դեպքում քարսիթը թողնում են տանը և երեխային գրկած են տանում։ Մի բան էլ կա․ տարբեր տեղերից լսել են, որ քարսիթը կամ ամրագոտին ավելի վտանգավոր են, և այդ պատճառով մտածում են, որ երեխայի համար առանց դրա ավելի ապահով կլինի։ Հաճախ լսում եմ նաև, որ մայրական գրկից ավելի ապահով տեղ չկա, մինչդեռ դա ավելի վտանգավոր է, և վթարի ժամանակ երեխայի քաշին նաև մոր քաշն է գումարվում և դրանով հարվածում դիմացի նստատեղին։ Այդ քաշը մի քանի անգամ բազմապատկվում է նաև արագության պատճառով։ Տվյալ դեպքում ծնողը ոչ թե պաշտպանում է երեխային, այլ վնասում։

-Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում ասացիք, որ Ալիևի համար ավելի հարմար իշխանություն, ընդդիմություն և ժողովուրդ դժվար է պատկերացնել, 3 տարի անց որևէ բան փոխվե՞լ է։

-Ցավոք, ոչինչ չի փոխվել․․․Մեզ էլի վախեցնում են պատերազմով, բայց Ալիևի ինչի՞ն է պետք պատերազմը, եթե ամեն ինչ առանց պատերազմի էլ ստանում են՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից և հայաթափումից սկսած, մինչև Տավուշի մարզի և այլ տարածքների հանձնում։ Նույնիսկ փորձ չեն անում թշնամուն այնտեղից հանել։ Ժողովուրդն էլ այդ մասին լռում է․․․

-Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակն ի զորու է բեկել անհա՞տը, թե՞ խումբը։

-Տարիներ շարունակ աշխատել են տարբեր տեխնոլոգիաներ, ես ուղղակի վստահ եմ դրանում, և դա մենք ինքներս ենք տեսել։ Այդ տեխնոլոգիաները հիմա էլ են շարունակում աշխատել։ Անհատի գաղափարը միշտ եղել է, անգամ մեր էպոսի մեջ բոլորը սպասել են, որ պետք է Սասունցի Դավիթը գա և Մսրա Մելիքից մեզ ազատի։ Ժողովրդի մեջ կարծրացած է փրկչի գալու և ազգին փրկելու գաղափարը։ Եթե նայենք Ռոբին Հուդի օրինակը, կտեսնենք, որ նա եկավ ասելով՝ եկեք ձեզ սովորեցնեմ նետ ու աղեղով կռվել։ Եկեք տեսնեմ՝ ով կարող է թրով, նետ ու աղեղով եկեք իրար հետ գնանք ու պայքարենք։ Իրականում մենք պետք է այդ փրկչի սպասումից ազատվենք, և հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր անելիքը։ Այո, ուժեղ անհատներ պետք են, բայց ոչ թե մեկ անհատ այլ անհատներ, որոնցից յուրաքանչյուրը իր դերում և տեղում կլինի։ Բայց մեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի։

-Ադրբեջանցիները նույնիսկ իրենց հաղթանակից հետո, թշնամի հայի կերպարը անխախտ են պահում։ Իսկ մեզ մոտ այդ առումով ի՞նչ վիճակ է։

-Մեզ մոտ տասնամյակներ շարունակ դրսից ֆինանսավորվող տարբեր կառույցներ ուժեր, այն մտածելակերպն են սերմանել, որ մենք մեր թշնամիների հետ կարող ենք ապրել հաշտ ու համերաշխ, որ անգամ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մեջ մենք ենք մեղավոր, Դաշնակցությունն է մեղավոր, ապստամբ ժողովուրդն է մեղավոր, ռուսներն են մեղավոր, այլմոլորակայիններն են մեղավոր, բայց ոչ թուրքերը։ Կամ մեղավոր են, բայց մենք էլ մեր բաժինն ունենք։ Կա կոնկրետ մեղավոր, կա ցեղասպանություն իրականացրած ազգ՝ թուրքերն ե,ն և կա ցեղասպանված ժողովուրդ՝ հայերն են։ Սահմանամերձ գոտիներում առաջ, երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս եք ապրել ադրբեջանցիների հետ, ասում էին՝ շատ լավ ենք եղել, հետո կամաց-կամաց սկսում ես ավելի մանրամասն հարցեր տալ, ու իրենք արդեն սկսում են վերհիշել, որ դե վատ չենք եղել, ու պարզվում է հայի տանից ինչ-որ բան են գողացել, հայ կնոջ պայուսակ են գողացել, բայց կինը չի կարողացել բողոքի, որովհետև ոստիկանն ադրբեջանցի է եղել։ Մի կողմ թողնենք, որ Ադրբեջան պետություն մինչ այդ գոյություն չի ունեցել, որ այդ երկիրն արհեստականորեն է ստեղծվել։ Իրականում տասնյակ, անգամ հարյուրավոր դեպքեր են եղել։ Մի դեպք է եղել, երբ ադրբեջանցի տնօրենը արցախցի երեխայի իրենց այսպես ասած «մատաղ» է արել, բայց դատարանից ազատ է արձակվել։ Դատարանից դուրս գալուց, սակայն երեխայի հարազատները երեխայի ծնողն ու հարևաններն են դատաստան տեսել տնօրենի հետ։ Այդ դեպքի մասին ոչ-ոք չի հիշում, միայն իրար հետ հանգիստ ապրելու մասին են խոսում։ Չեն խոսում, որ այն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսել է, որ Ադրբեջանից գան ու այստեղ բնակվեն։

-Պատկերացնենք, որ կա վտանգավորության աստիճանի գնահատման սանդղակ, այդ սանղակով հայաստանյան իրավիճակի վտանգավորության աստիճանը որքա՞ն կգնահատեիք։

-Չնայած թշնամին ինչ ուզում՝ ստանում է այս իշխանությունից, բայց ոչինչ չի խանգարում, որ թշնամին ինչ-որ պահի հավելյալ որևէ զիջում կորզի։ Իրենք ավելի լավ դիրքեր ունեն, բոլոր առումներով առավելություն են ստացել։ Այս ամենը մոտեցնում այն իրավիճակին, որ հաջորդիվ, երբ իրենց ցանկացած պահին չստանան իրենց ուզածը, պատերազմի միջոցով ստանան, որովհետև իրենց խանգարող չկա։ Մենք նաև դաշնակիցների առումով ենք շատ մեծ թերացումներ ունեցել։ Եվ հետո, երբ դու ասում ես, որ չենք կռվի Սև լճի 30 տոկոսի համար, դու ազդակ ես տալիս թշնամուն, որ չես կռվի նաև Սևանի 10 տոկոսի համար։

Հայաստանը դրսում ինչո՞վ են ճանաչում և արդյոք դա կարևո՞ր է։

Մեկ բրենդ հիմա չեմ առանձնացնի, կասեմ միայն մեկ սխալի մասին, որ տասնամյակներ շարունակ ունեցել ենք․ մենք տուրիզմը դիտարկում ենք որպես հիմնական ուղղություններից մեկը։ Այո՛, տուրիզմը պետք է զարգանա, տուրիզմին պետք է մեծ ուշադրություն դարձնել, բայց չի կարելի տուրիզմը համարել հիմնական ուղղություններից մեկը՝ հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք պատերազմական երկրում և ցակացած բան, ցանկացած պահի կարող է զբոսաշրջությանը խանգարել։ Հիշենք Քովիդի ժամանակ ինչ եղավ․ այն երկրները, որոնք կախված էին տուրիզմից հայտնվեցին անելանելի վիճակում։  Որովհետև իրենց ՀՆԱ-ի մեծ մասը կազմում է տուրիզմից եկած գումարը։ Մենք պետք է ունենանք սեփական արտադրություն և դառնանք ինքնաբավ ու կախված չլինենք դրսի ներմուծումներից։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը