Ազգային առողջ ուժերի համախմբումն ու միասնական ճակատի ձևավորումը անհրաժեշտություն է․ ՀՅԴ Արցախի կոմիտե
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ելույթը Թեհրանում Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը․
«Սրանից 35 տարի առաջ, հենց այս սրահում, ներկա եմ եղել Հայ Յեղափոխական Դաշնակցության օրվան նվիրված միջոցառմանը։ Հիշում եմ, այն ժամանակ, որպես Ռոստոմ երիտասարդական միության անդամ, մասնակել եմ ցուցահանդեսի պատրաստմանը, այժմ մեծ պատիվ է օրվա առիթով այս բեմից փոխանցել իմ պատգամը։ Պատիվ է և, միաժամանակ, ծանր պատասխանատվություն, չխաթարելու այն ավանդն ու ոգին, որը՝ Ալիքի, հայաշունչ միությունների, եկեղեցիների ու դպրոցների մթնոլորտում ներշնչվել է մեր սերնդին։ Այստեղ, մեր շարքերում է Դաշնակցության ոգին ու շունչը փոխանցող այն սերունդը, որին պարտական ենք, հարգանք ու խոնարհում բոլոր նրանց ովքեր բացակայում են, իհարկե, միայն ֆիզիկապես։
Այն օրերին չգիտեինք, թե ինչ է սպասվում մեզ գալիք տարիներին։
Անցյալ 35 տարիները մեր հայրենիքի և ազգի համար վայրիվերումների տարիներ էին։ Հայ հեղափոխական դաշնակցությունն անբաժին չէր այս ճակատագրական ժամանաշրջանում իր ուրույն դերն ունենալուց։ Հայաստանի անկախացումը, Արցախի ազատագրումը, պետականության կերտումը Դաշնակցության ծրագրային և գաղափարական հիմնական ուղղություններն են եղել և շարունակում են մնալ։ Հայ ժողովրդի Ազգային ազատագրական պայքարի դրոշակակիրն ավելի քան 130 տարի եղել և մնում է Դաշնակցությունը՝ իր արյունոտ դրոշով։ Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի գաղափարը, հայ ժողովրդի ազգային երազանքը, առանցքն է Դաշնակցության ծրագրի։ Պատմության հոլովույթը փաստել է, որ Դաշնակցությունն՝ իր կազմակերպական կառույցի կուռ շարքերով, անմնացորդ նվիրումով, առաջամարտիկն է եղել և զինվորը, միացյալ անկախ և ազատ հայրենիքի երազանքն իրականացնելու համար մղվող պայքարում։
Այս իրողությունն ակնհայտ էր Արցախի ազատագրական պայքարի հենց նախնական փուլում, պատերազմներում և պետականության կերտման հենց առաջին օրերից։ Արցախի առաջին պատերազմի օրերին, առաջին զենքը ձեռքին ջոկատները դաշնակցականներն էին։ Չմոռանանք պետականության կերտման ուղին, չմոռանանք անկախ Արցախի Խորհրդարանի առաջին նախագահ, նորանկախ երկրի ղեկավար ընկեր Արթուր Մկրտչյանին, չմոռանանք այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանին, պետական-քաղաքական- ռազմական ղեկավարության շարքերում մեծ դերակատարություն ունեցած գործիչներին։
Անշուշտ, այս շարքը պետք է համալրենք մեկ առ մեկ հիշելով ազգային ազատարգրական պայքարի ընթացքում իրենց կյանքը չխնայած հայորդիներին։
Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են․ Սա 1990- ական թվականին կայացած Դաշնակցության Ընդհանուր ժողովի հաստատումն է։
Դաշնակցությունն ավելի քան 130 տարի գաղափարակիրն է եղել հայ ժողովրդի ազատագրական պայքարի, իսկ Արցախի ժողովուրդը իրականացրել է պետականակերտման ու ազատության համար պայքարի առարկայական, շոշափելի ծանրությունն իր ուսերի վրա, ճաշակելով թե՛ հաղթանակի քաղցրությունը, թե՛ պարտության վիշտն ու ցավը։
2020 թվականի ծանր պարտությունը, 2023 թվականի Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը, Արցախի անկումը, ծանր կորուստներ էին։ Պարտվեցիք բոլորս, բոլորիս՝ յուրաքանչուր հայի արյունով ու քրտինքով ազատագրած, պահպանած հայրենիքի մեկ երրորդը բռնագրավվեց թշնամու կողմից։ Այս կորստի ցավն ու կսկիծը պետք է կրենք բոլորս, յուրաքանչյուր հայ և եթե չենք ուզում այն հավերժ դառնա, եթե չենք ուզում պարտությունը խարան դառնա հայի ճակատին՝ պետք է պայքարել, պետք է տոգորվել վրեժով, պետք է դադար չունենա թշնամին, այլ ելք չունենք հարատևելու, կենսունակ ազգ լինելու համար։
Ազատագրական պայքարի առաջին դիրքերում պետք է կանգնած լինի հայրենի պետությունը, մերօրյա աշխարհակարգում պետության դերն ու ձեռնահասությունը միջազգային հարթակներին՝ անփոխարինելի է։ Նորանոր աղետներից խուսափելու համար, ոչ թե թուլամորթի կեցվածքով զիջողականություն ու թշնամիների առջև խոնարհ ու հեզ ստրուկի կեցվածք դրսևորող իշխանություններ են մեզ անհրաժեշտ, այլ ազգային գաղափարախոսությունն առաջնորդող ուղի որդեգրած իշխանավորներ։ Այն ուղին, որը որդեգրել են այսօրվա Հայաստանի իշխանություններն՝ անընդունելի է և անհանդուրժելի։ Արցախի ուրացումը, պատմության նենգափոխումը, ազգային արժեքների նվաստեցումն ու սին ու ունայն գաղափարազուրկ բովանդակության ներարկումը հայ ժողովրդի մեջ՝ կործանման է տանում։ Այդ չաիրքի դեմ պայքարը Դաշնակցության օրակարգի առաջնային կետն է։ Սա ևս Ազգային ազատագրական պայքար է։ Ազգային առողջ ուժերի համախմբումն ու միասնական ճակատի ձևավորումը անհրաժեշտություն է։ Դաշնակցությունն այդ փորձն ունի և այժմ ևս ձգտում է ամեն ինչ անել այդ ուղղությամբ։
Որպես Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մի քանի բառով տեղեկացնել մեր դեմ հանդիման կանգնած մարտահրավերներին, որոնք մեր առօրյա աշխատանքի ասպարեզն է։
Արցախի բռնի տեղահանությունից հետո մեր հայրենակիցները հաստատվել են հայրենիքի մի այլ հատվածում՝ իրենց տներից, իրենց ապ ու պապերի օջախներից ու որդիների ու հարազատների գերեզմաններից հեռու։ Այդ ժողովուրդը պետք է ապահով, տանելի և արժանապատիվ կյանք ունենա՝ մինչև վերադարձի երանելի օրը։ Կորցնելով տուն տեղ, աշխատանք և կենցաղային պայմանները ապահովող այլ հնարավորություններ, մեր հայրենակիցները կանգնած են ծանր սոցիալական և իրավական խնդիրների առջև։ Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն այդ ուղղությամբ թերի է և ոչ բավարար, որը առիթ է տալիս արտագաղթի, կրկնակի հայրենազրկման։
Մյուս մարտահրավերը Արցախի գործող իշխանությունների պահպանումն ու նրանց գործունեության անխոչընդոտ շարունակության ապահովումն է։ Արցախի ժողովրդի ուղիղ ընտրությամբ ձևավորված իշխանությունը միակ օրինական մարմինը կարող է լինել՝ միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի դատը ներկայացնելու համար։ ՀՀ իշխանություններն այդ ասպարեզում ևս թույլ են տալիս ռազմավարական սխալ վարքագիծ՝ չընդունելով, արհամարհելով և, ինչու չէ նաեւ, բռնի ուժի կիրառմամբ չեզոքացնելու համար այդ օրինավոր մարմնի գործունեությունը։
Հաջորդ մարտահրավերը միջազգային բեմահարթակներում ժողովրդի հիմնարար իրավունքների, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքի, ինքնորոշման և այլ իրավունքների վեր հանումն ու արծարծումն է։ Իսկ, դրա կողքին Բաքվում պահվող գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը։ Վստահ եմ, որ բոլորս էլ համոզված ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն, սակայն, իրավական դաշտը ևս կարևոր է և հարատև ջանքերի ու աշխատանքի կարոտ։ Այս ասպարեզում Հայաստանի արտաքին քաղաքականությանն այլ անուն չի կարելի տալ, բացի դասալքությունից։
Արցախը Ադրբեջանի մաս համարելը, այլ բան չէ, քան դաշույնով մեջքից հարված։
Արցախի և նրա ժողովրդի իրավունքների համար առօրյա պայքարին է լծված Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր հարակից և քույր կառույցներով, Հայ դատի գրասենյակներով, քույր և ուղեկից միություններով և համակիր շրջանակներով։ Հավատարիմ մնալով միասնության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարին։
Համոզված ենք, որ պայքարը երկարաշունչ է լինելու։ Այս պայքարի ընթացքում լինելու են ցավոտ պարտություններ, հուսալքումներ, վայր ենք ընկնելու, այս բոլորը պայքարի բաղադրիչներ են, սակայն կարևորը դարձյալ կանգնելն է, դարձյալ ուժերի լարումը, վերընձյուղվելը, հարատևելը։ Այս բոլորը հնարավոր է միայն ու միայն իրար թև ու թիկունք կանգնելով, միմիայն ձեռքը բռնելով, ընկածին մենակ չթողնելով, համերաշխությամբ։
Փառք ու պատիվ հայրենիքի համար, ընկած նահատակներին:
Փառք ու պատիվ ազգային իդեալների համար անխոնջ ու բոլորանվեր պայքարող յուրաքանչուր հայորդու:
Կեցցե՛ Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի գաղափարը…»։