Թուրքիան կարող է հարձակվել Իսրայելի վրա. ինչ է փոխվել տարածաշրջանում
Թուրքիան կարող է հարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին, The Jerusalеm Post-ի և մի շարք այլ միջազգային լրատվականների փոխանցմամբ, Նագելի կոմիտեն զեկույց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչպես նաև պաշտպանության և ֆինանսների նախարարներին։ Ըստ կոմիտեի զեկույցի՝ Սիրիայից Իրանի հեռանալուց հետո տարածաշրջանում նոր մարտահրավերներ են առաջանում Իսրայելի համար, արդեն Թուրքիայի տեսքով։ Եվ, քանի որ, Թուրքիան աշխարհագրորեն ավելի մոտ է Իսրայելին, ապա նրանից եկող սպառնալիքները կարող են ավելի մեծ լինել՝ քան Իրանինը։
Նագելի կոմիտեն ստեղծվել է Իսրայելի վարչապետի հրամանով, այն պետական խորհրդատվական մարմին է, որն, ըստ էության, իրականացնում է ուղեղային կենտրոնի դեր, և ունի որոշիչ նշանակություն երկրի ռազմավարության ձևավորման հարցում։ Եվ, հիմա, այս պետական կոմիտեն, զեկույց է ներկայացնում, որ Իսրայելի երբեմնի տարածաշրջանային դաշնակից համարվող Թուրքիան վերածվել է ռազմավարական հակառակորդի։ Սա զուտ Իսրայելի միակողմանի մտավախությունը չէ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ, լրատվամիջոցների առաջ մեղադրել էր Իսրայելին՝ Անկարայի դեմ հնարավոր պատերազմական գործողությունների նախապատրաստման համար։ Այսպիսով, երկու երկրների ղեկավարների և բարձրագույն պետական մարմինների հայտարարությունները խելամիտ կասկածներ են առաջացնում, որ Անկարայի և Թել Ավիվի շահերը կարող են լրջորեն բախվել տարածաշրջանում։ Սակայն ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ այս երկու երկրների հարաբերություններում նմանատիպ կտրուկ փոփոխություններ տեղի ունենան։ Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ թրենդային էր այն տեսակետը, որ Իսրայելի և Թուրքիայի փոխհարաբերությունները փչացնում են Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները։ Բայց այստեղ պետք է նշել, որ Գազայի հիմնախնդիրը արդեն գտնում է իր հանգուցալուծումը։ Եվ հետո, արդեն հայտնի է, որ թեև Թուրքիան դատապարտում էր Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, բայց երկու պետությունների միջև գործակցությունը և առևտրաշրջանառությունը շարունակում էր նույն ծավալներով ընթանալ։ Անկարայի քննադատությունը Թել Ավիվի հասցեին և տնտեսական սահմանափակումները զուտ ձևական բնույթ էին կրում և միտված էին Թուրքիայի հեղինակությունը իսլամական աշխարհում բարձրացնելուն։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Թել Ավիվի միջև շարունակում էին նույն ծավալների առևտրաշրջանառությունը այն ժամանակահատվածում, երբ Իսրայելական օդուժը հողին էր հավասարեցում Գազայի բնակավայրերը։ Դեռ ավելին, Անկարան չէր խոչընդոտում, որ ադրբեջանական ապրանքները ևս իր նավահանգիստներից հասնեն Իսրայել։ Այս ժամանակահատվածում Թուրքիան միակողմանի հոխորտանքներ էր ուղղում Իսրայելի հասցեին, սակայն, կոնկրետ իրադարձություններից հետո, միակողմանի հոխորտանքներին փոխարինելու եկան երկկողմանի մեղադրանքները, որտեղ կողմերը միմյանց մեղադրում էին մեկը մյուսի դեմ պատերազմ նախապատրաստելու համար։ Այդ երկու իրադարձություններն էին՝ Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը և, այսպես կոչված Իրաքյան կոմունիկացիոն ճանապարհային հանգույցի ստեղծումը։ Այս երկու կետում երբեմնի տարածաշրջանային դաշնակիցների շահերն իրոք լուրջ հակասությունների մեջ են։ Սիրիայում պրոթուրքական ուժերի կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերի դեմ, որոնք ունեն ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը։ Թուրքիան և նրա պրոքսի ուժերը, քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելով, հետապնդում են երկու նպատակ․ նախ՝ չեզոքացնել քրդական գործոնը Թուրքիայի սահմաններին հարակից տարածքներում, քանի որ Ասադի ռեժիմի տապալումից հետո նրանք Իսրայելի ու ԱՄՆ-ի աջակցությամբ կարող են Սիրիայի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու ռեալ հնարավորություններ ունենալ։ Դա էլ իր հերթին կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել տարածաշրջանում և հատկապես Թուրքիայում, որտեղ 25 մլն քուրդ է ապրում։ Բացի սրանից, Անկարան Սիրիայի քրդաբնակ տարածքներում լուրջ տնտեսական շահեր է հետապնդում։ Իր վերահսկողության տակ վերցնելով նավթահորերով հարուստ այդ տարածքները՝ Թուրքիան նպատակ ունի ոչ միայն լուծել իր էներգետիկ խնդիրները, այլև սիրիական վառելիքն արտահանել Եվրոպա, որտեղ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո էներգետիկ ճգնաժամ է առաջացել։
Քարտեզում պատկերված է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող նավթահորերը։
Սրան հակառակ, Իսրայելը աջակցում է քրդերին, քանի որ նրանք միտում ունեն վերածվելու Մերձավոր Արևելքում լուրջ գործոնի, որտեղ թշնամիներով շրջապատված Իսրայելին դաշնակիցներ են հարկավոր։ Քրդերի թիվը տարածաշրջանում գերազանցում է 40 մլն-ը։ Եվ, տեղակայված լինելով հիմնականում չորս պետությունների՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներում, իրենց անկախությանը միտված ձգտումներով կարող են լուրջ քայքայիչ ազդեցություն ունենալ նշված երկրների համար։ Եվ այդ քայքայիչ ազդեցությունը լիովին համընկնում է Իսրայելի շահերին, քանի որ դրանից կտուժի Իրանը՝ Իսրայելի ներկայիս թշնամին, և կարող է հանգեցնել Իրաքի և Սիրիայի մասնատմանը, որոնք նախկինում լուրջ սպառնակիք են եղել Իսրայելի համար, և որոնց տարածքները Իրանը միշտ օգտագործել է որպես ազդեցության գոտի։ Իսրայելի և ԱՄՆ-ի օժանդակությամբ անկախություն ձեռք բերելուց հետո նավթագազային ռեսուրսների տիրապետող Քրդստանը իրոք կարող է լուրջ աջակից լինել Թել Ավիվին։ Սակայն քրդական գործոնը ոչ միայն վնասում է Իսրայելի հակառակորդներին, այլև սպառնալիք է Թուրքիայի ծավալապաշտական ձգտումների, և նույնիսկ նրա տարածքային ամբողջականության համար։ Ուստի լիովին բնական է, որ այստեղ Անկարան և Թել Ավիվը ունեն կենսական հակասություններ։ Որոշ վերլուծական կենտրոններ, ինչպիսին է The Caspian-ը, նշում էին, որ Իսրայելը, ոչնչացնելով Ասադի ռեժիմից մնացած Հակաօդային պաշտպանության համակարգերը և զինտեխնիկան, նպատակ ունի հետագայում սիրիական տարածքը օգտագործելով առանց վերջինիս ՀՕՊ համակարգերից զգուշանալու, ավիահարվածներ հասցնել Իրանին։ Սակայն, եթե Իսրայելը և Թուրքիան ներքին կարգով պահպանում են նախկին հարաբերությունները, իսկ Սիրիայում հիմա պրոթուրքական իշխանություններ են, ապա Իրանին ավիահարվածներ հասցնելիս ինչո՞ւ Իսրայելին պետք է մտահոգեր պրոթուրքական ուժերի ձեռքում գտնվող ՀՕՊ համակարգերը։ Իսկ ինչո՞ւ էր Իսրայելը ոչնչացնում նույնիսկ հասարակ զինտեխնիկան։ Միգուցե այն պատճառով, որ դրանք չօգտագործվեն քրդերի դեմ, իսկ Իսրայելն էլ իր օդուժը օգտագործի ոչ միայն Իրանի դեմ, այլև անհրաժեշտության դեպքում թուրքական պրոքսի ուժերի՝ զսպելով Անկարայի հեռուն գնացող ցանկությունները։
Հաջորդ գործոնը, որն էապես վատթարացնում է թուրք-Իսրայելական հարաբերությունները, Անկարայի տարածաշրջանային կոմունիկացիոն «հաբ» դառնալու ձգտումներն են, և հատկապես վերջին ժամանակահատվածում նրա հովանու ներքո կառուցվող Իրաքյան ճանապարհային կոմունիկացիոն հանգույցը։ Այն ճանապարհ է բացում դեպի Պարսից ծոց, այնտեղից էլ՝ Հնդկական օվկիանոս, ինչը Թուրքիային կապող օղակ է դարձնում Եվրոպայի և Հեռավոր Արևելքի միջև։
Քարտեզում իրաքյան միջանցքն է։
Ընդհանրապես, եթե դիտարկենք տարածաշրջանի կոմունիկացիոն ճանապարհային հանգույցների քարտեզները, ապա միանգամից նկատելի կդառնա, որ գրեթե բոլոր միջազգային ճանապարհները՝ Տրանսկասպյանը, Նոր մետաքսի ճանապարհը և հիմա արդեն Իրաքյան միջանցքը անցնում են Թուրքիայով։ Գրեթե բոլորը, բացի Հնդկա-Մերձվորարևելյան միջանցքից, որը ԱՄՆ-ի աջակցությամբ նախատեսվում էր ստեղծել, որպեսզի Իսրայելը դարձնի կապող օղակ Եվրոպայի և Արևելքի միջև։
Քարտեզում Տրանսկասպյան միջանցքն է։
Հնդկա-Մերձավորարևելյան ստեղծվելիք միջանցք։
Հնդկա-Մերձավորարևելյան միջանցքը ոչ միայն մեծ եկամուտներ կապահովեր Իսրայելին, այլև տնտեսական շահույթի հիման վրա կբարելավեր նրա կապերը հարևան արաբական երկրների հետ։ Ստեղծվելիք այս միջանցքի շնորհիվ կշրջանցվեր նաև Բաբ Էլ Մանդեբի նեղուցը, որը հիմա որպես ծովային ուղի պարալիզացված է Իրանի դաշնակից Եմենի հութիների գործողությունների հետևանքով։ Սակայն Անկարայի տարածաշրջանային կոմունիկացիոն «հաբ» դառնալու ձգտումները և հատկապես Իրաքյան ճանապարհի ստեղծելուն ուղղված քայլերը ոչ միայն մրցակցային են, այլև անկենսունակ են դարձնում Հնդկա-Մերձավորարևելյան միջանցքը։
Այսպիսով, երբեմնի դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի շահերը հիմա արդեն երկու շատ կարևոր կետերում լուրջ բախման մեջ են։ Սա իհարկե առաջիկայում չի հանգեցնի երկու կողմերի միջև լայնածավալ ռազմական կոնֆլիկտի։ Բայց և չպետք է բացառել, որ տեղի կունենա որոշակի պրոքսի ռազմական գործողություններ՝ հատկապես Սիրիայի տարածքում, որտեղ մի կողմից Անկարային աջակից ուժերը թուրքական զինուժի աջակցությամբ, և մյուս կողմից քրդերը՝ Իսրայելական օդուժի, կբախվեն միմյանց հետ։ Հենց այս գործընթացները հաշվի առնելով է, որ Նագելի կոմիտեն Թուրքիային է դիտարկում որպես Իսրայելի շահերի նոր սպառնալիք։ Եթե Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները էլ ավելի սրվեն նշված խնդրահարույց կետերում, դա միանշանակ կբխի Հայաստանի շահերից, քանի որ, Անկարան էլ ավելի կներքաշվի տարածաշրջանային խնդիրների շուրջ, միառժամանակ ստիպված լինելով հետաձգել Սյունիքով Հայաստանից միջանցք ստանալու պլանները։ Իսկ Ադրբեջանը ստպված պետք է լինի ընտրություն կատարել դաշնակիցների միջև, քանի որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների լուրջ սրացման ժամանակ հնարավոր չի լինի «միանգամից երկու աթոռի նստել»։
Աշոտ Բարեքյան