23 Փտր
2025
-7° c ԵՐԵՎԱՆ
-13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիական մանդատը (խաղաղապահ ուժերը) Կիլիկիայում

Ֆրանսիական մանդատը (խաղաղապահ ուժերը) Կիլիկիայում

Genesis Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամը հրապարակել է քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի՝ «Ֆրանսիական մանդատը (խաղաղապահ ուժերը) Կիլիկիայում» վերնագրով հոդվածի երկրորդ հատվածը (առաջին մասը) , որը ներկայացնում ենք ստորև․

Մաս երկրորդ

Քանի որ երկար ժամանակ Կիլիկիայի մանդատը տրամադրված էր Ֆրանսիային, փորձենք ուսումնասիրել այն հենքը, որի վրա հենված էր Ֆրանսիան իր մանդատային իրավունքը իրականացնելու տարիներին։

20-րդ դարասկզբին Ֆրանսիան հանդես էր գալիս որպես Արևելքի բոլոր կաթոլիկների (իսկ Կիլիկիայի հայերը կաթոլիկներ էին) «հովանավոր» և իր ազդեցությունը տարածում էր բազմաթիվ դպրոցների և բարեգործական հաստատությունների միջոցով: Ֆրանսիայի քաղաքականությունը Հայկական հարցում կարելի է բաժանել երկու հանգրվանի՝ 1878 թվականից (երբ Սան-Ստեֆանոյի պայմանանգրով Հայկական հարցը միջազգայնացվեց) մինչև երկրորդ աշխարհամարտը, և հաջորդ հանգրվանը՝ երկրորդ աշխարհամարտից մինչև մեր օրերը։ Առաջին հանգրվանում ֆրանսիայի քաղաքականությունը հայերի նկատմամբ կարելի է բնութագրել որպես թուրքամետ, որն արտահայտվեց իր դիրքորոշումներով՝ Սան-Ստեֆանոյից մինչև Լոզան և դրանից հետո։ Այս հանգրվանում Ֆրանսիայի քաղաքականությունը թելադրվում էր Ֆրանսիացի տնտեսական բարձունքներում գտնվող մոնոպոլիստների և դրամատերերի հատուկ շահագրգռվածությամբ։ Օր՝․ Օսմանյան պարտքի 62 տոկոսը, ծխախոտի ձեռնարկությունների կապիտալի կեսը բաժին էր ընկնում Ֆրանսիային։ Սրանք էր այն հիմնական գործոնները, որով Ֆրանսիան շահագրգռված չէր Թուրքիայի մասնատմամբ և հետևաբար Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ։ Ֆրանսիայի թուրքամետ կեցվածքը պայմանավորված էր հենց տնտեսական շահերի արտահայտությամբ ու դրա գերակայությամբ։

Դեռևս 1914թ․ մարտի 9–ին Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որով Արևմտյան Հայաստանում երկաթուղու և ճանապարհների կառուցման կոնցեսիաներ էր ստանում։ Չնայած Ֆրանսիան և Թուրքիան առաջին աշխարհամարտում հանդես էին գալիս հակառակորդ դաշինքներում, Ֆրանսիան առաջին աշխարհամարտի ժամանակ, փաստորեն, այդպես էլ չպատերազմեց Թուրքիայի դեմ։

1916թ. Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրով Կիլիկիան մտցվեց Ֆրանսիայի ազդեցության գոտի, որոշվեց ստեղծել նաև «Հայկական լեգիոն»։ 1918թ․ նոյեմբեր-դեկտեմբերին ֆրանսիական զորքերը նրա կազմում գտնվող «Հայկական լեգեոն»-ի հետ գրավեցին Կիլիկիան, և Ֆրանսիան դարձավ նաև յուրովի խաղաղապահ ուժեր ներկայացնող երկիր, և այնտեղ մնաց մինչև 1922թ․։ Ոգևորված առանձնապես «Հայկական լեգեոն»-ի առկայությամբ՝ հայրենիք վերադարձավ մոտ 150 հազար հայ։ Եթե հայերը չլինեին, ապա անիմաստ էր դառնում ֆրանսիական զորքերի գոյությունը Կիլիկիայում (ինչպես վերջերս ռուսների դեպքում էր Արցախում): Սակայն, ցավոք, Ֆրանսիայի նյութական շահերը վճռորոշ եղան, քան իր խաղաղասիրական առաքելությունը:

1919թ․ դեկտեմբերին Ֆրանսիայի և Քեմալ Աթաթուրքի միջև բանակցությունների արդյունքում կնքվեց համաձայնագրի նախագիծ, որով նախատեսվում էր, որ Ֆրանսիան Թուրքիային վերադարձնի Կիլիկիան (ի հակակշիռ Անգլիայի, Իտալիայի և Հունաստանի)։ Սա նշանակում էր նաև, որ Ֆրանսիան ճանաչում էր Քեմալի կառավարությունը։ Ֆրանսիայի հաջորդ քայլերն էլ ի վնաս Կիլիկիայի հայերի եղան՝ 1920թ․ Սան Ռեմոյի կոնֆերանսում, հետագայում նաև Սևրում և դրանից հետո։

1920թ․ օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով չէր նախատեսվում Կիլիկիան մտցնել հայկական պետության կազմի մեջ, բայց ինչպես նշվում էր ԱՄՆ կոնգրեսում՝ «հասկացվում էր, որ Կիլիկիան պետք է ունենար ինքնավար կառավարություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո»։ Նշենք նաև, որ 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը։

Կիլիկիայի հայերի համար աղետալի հետևանք ունեցավ 1921թ․ հոկտեմբերի 20-ին Անկարայում ստորագրված թուրք-ֆրանսիական համաձայնագիրը, որով նախատեսվում էր մինչև 1922թ․ հունվարի 4-ը ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից՝ բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի։

Ի՞նչ ստացավ դրա դիմաց Ֆրանսիան։ Թուրքիան Ֆրանսիային տրամադրեց կոնցեսիուսներ Բաղդադի երկաթուղու մի շարք հատվածներում։ Հետագայում այդ կոնցեսիուսները պետք է տարածվեին Թուրքիայի հանքերի, երկաթուղիների, նավահանգիստների և գետերի վրա։ Այդ առիթով ֆրանսիացի պատմաբան Ժ․Պիշոնը նշել է․ «Հայերին տրված բոլոր խոստումները մոռացության տրվեցին»։

Սևրի պայմանագրից հետո հենց Ֆրանսիան էր, որ պահանջեց Սևրի պայմանագրի վերանայում՝ դիտելով այն «որպես Ֆրանսիայի շահերին խիստ հակասող»։ Դա, ի վերջո, հանգեցրեց Լոզանի կոնֆերանսի գումարմանը, որտեղ Հայաստանի մասին նույնիսկ հիշատակություն չկար։ Փաստորեն, մերժվեցին Կիլիկիան Հայաստանին միացնելու, կամ Կիլիկիան Ֆրանսիայի հովանու ներքո ինքնավարություն ստանալու հայկական պահանջները: Ձախողվեց նաև Կիլիկիայում հայկական ազգային օջախ ստեղծելու և հայ գաղթականությանը համախմբելու բրիտանական նախագիծը: Կիլիկիան կանգնեց հայաթափման վտանգի առջև։ Ի վերջո, ֆրանսիացիները Անկարայի և Լոզանի 1922թ. պայմանագրերով թուրքերին զիջեցին Կիլիկիայի հիմնական մասը։ Օգտվելով Ֆրանսիայի դիրքորոշումից՝ 1939թ. հունիսին Թուրքիան Սիրիայի կազմի մեջ մտնող Ալեքսանդրետի սանջակը (Հաթայ մարզը) բռնակցեց իրեն: Ֆրանսիան ոչ մի դիմադրություն չցուցաբերեց:

1922թ. և 1939թ. տեղի ունեցավ ավելի քան 160 հազար հայերի արտագաղթ, մասնավորապես դեպի Սիրիա, Լիբանան և այլ արաբական երկրներ:

Ամփոփելով նշենք, որ երբ ֆրանսիացիները խաղաղապահ առաքելություն էին իրականացնում, Կիլիկիայում ապահովված էր հայերի անվտանգությունը, սակայն Ֆրանսիայի նյութական շահերն ավելի վճռական եղան, քան խաղաղապահ առաքելությունը, որն էլ հանգեցրեց աղետալի հետևանքների և Կիլիկիան հայաթափվեց։

Նշենք նաև, որ Երկրորդ աշխարհամարտից ցայսօր՝ ֆրանսիան հայերի ջերմ պաշտպանն է և ինչ որ տեղ՝ ռազմավարական դաշնակիցը։

(շարունակելի)