
Այդ ամենն ինքնաստորացուցիչ է նրանց համար, ովքեր նման բաներ են հորինում․ Զախարովան՝ հայկական ԶԼՄ-ներով տարածվող լուրերի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ներով տարածված այն միտքը, թե «ռուսական կողմը պատրաստ չէ ընդունել ՀՀ ղեկավարության ինքնուրույն որոշումները»։
Զախարովան հայկական տեղեկատվական դաշտում նման խոսակցությունները որակել է որպես «պարզունակ»։ Նա հավելել է, որ տարածվում է նաև այն միտքը, թե իբր ՀՀ-ն ենթարկվում է ինչ-որ հիբրիդային հարձակումների։ Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ նման բաներն, ամենայն հավանականությամբ, առաջ են մղվում ինչ-որ տեղեկատվական սպասարկող անձնակազմի կողմից։
«Այդ ամենն ինքնաստորացուցիչ է նրանց համար, ովքեր նման բաներ են հորինում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ-ն ՀՀ-ին վերաբերում է ինքնիշխանության հավասարության դիրքերից։ Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանին օգնել է, եթե դրա մասին խնդրել են, կամ հանդես է եկել նախաձեռնողի դերում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ն միշտ ընդունել է ՀՀ-ի որոշումներն՝ ունենալով դրանց վերաբերյալ իր տեսակետը։