Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր կետերը՝ հակիրճ
Բանակ, անվտանգություն
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես բանակդ ուժեղացնում, եթե դու նպատակ ես դնում արտաքին միջավայրի մասով, ապա միջազգայնորեն այն կարող է դրվել կասկածի տակ։ Այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով և մեր երկրի տարածքը։ Այստեղից հարց է առաջանում՝ ո՞րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Մեր երկրի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ Հայաստանի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ բանակը ուժեղացնում ենք այս տարածքի ամբողջականությունն ապահովելու համար, ապա ոչ մեկ չի կարող ասել ինչո՞ւ եք դա անում, իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, որ էդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի։ Խելամիտ չի, որ թույլ տան էդ բանակը ուժեղանա։
Նոր սահմանադրություն
Անկախ այս ամենից Սահմանադրության թեման Հայաստանում միշտ կենդանի է եղել։ Ես խոսել եմ նոր Սահմանադրություն ունենալու կարևորության մասին։ Ես արձանագրում եմ, որ մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք։ ՀՀ սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում, երբ ՀՀ քաղաքացին ասի՝ ես գնացի և արձանագրեցի պետության հետ իմ պայմանավորվածությունը։ Էական չի՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, էական է թե ինչքանով այն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ։ Նոր սահմանադրություն ունենալու կարևորությունը պայմանավորված է ժողովրդի և պետության միջև ճեղքը ամրացնելու գենետիկ կապով, որովհետև մեր հանրային գիտակցումն այն է, որ մեր ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել իր Սահմանադրությանը։ Լեգիտումությունն այն է, թե ինչ եմ ակնկալում ես ձեզանից և ինչ եք ակնկալում դուք ինձնից, ձեր ակնկալիքների որ մասն եմ ես պատրաստ բավարարել, ի՞նչ ակնկալելու իրավունք ունեք, դա մեր հարաբերությունների լեգիտիմ հիմքն է։ Դուք ամեն ինչ չի, որ կարող եք ինձնից ակնկալել։ Լեգիտիմությունն այն է, որ մեր հարաբերությունների մեջ ձևավորվում է ընդունելի մի շրջանակ, որը լեգիտեմացնում է մեր հարաբերությունները։
4-րդ հանրապետություն
Սահմանադրության փոփոխությունը 4-րդ հանրապետության գաղափարներից մեկն է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք տասնյակ ընտրություններ ենք կազմակերպել Հայաստանում, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել, կամ կեղծիք է տեղի ունեցել։ ՏԻՄ կամ Հանրապետական մակարդակում միջազգայնորեն ճանաչվել է մեր ընտրությունների օրինականությունը։
Ինձ ուղիղ ասում են, որ սահմանադրական փոփոխությունները ուղիղ կապված են Ադրբեջանի ճնշումների հետ։ Ես պետք է վերադառնամ մեր խոսակցության սկզբին, յուրաքանչյուր ղեկավար պետք է վերլուծի և հասականա, թե ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը և պետք է զատի այն կետերը, որոնք արտաքին անվտանգության սպառնալիք են հանդիսանում։ Երբ ես ասում եմ, որ բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքում գործելու համար է, ինքնիշխան տարածքը սպասարկելու համար է և սա կարևոր է ոչ միայն ներքին այլև արտաքին առումով ։ Դու արտաքին աշխարհին քո մտադրություններն ես ասում։ Մենք ագրեսիվ միջավայրում ենք գտնվում, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ։ Մեր օրհներգում տող կա՝ թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան։ Սա նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր ընկալման ամենակարևոր մասն է, այս առումով մենք ինչ էլ անենք մեր թշնամին միշտ ներկա է, կապ չունի մենք դրա մասին միշտ խոսում ենք, թե ոչ։
Անկախության հռչակագիր
Մեր հռչակագրում երեք անկյունաքարային բան կա։ Առաջինը՝ պատմական արդարություն, մյուսը հայ ժողովրդի իղձերը և մյուսը Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի և Հայաստանի Գերագույն Խորհդրի միացումը։ Այս երեք կետերը մենք միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ ինչո՞ւ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները սա ոնց են ընկալում, ոնց են ընկալում, երբ մենք ասում ենք, որ պետություն ենք ստեղծում, որպեսզի պատմական արդարություն վերականգնենք, ինչ է նշանակում պատմական արդարություն վերականգնել։ Մեր հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորենք։ Հարց է առաջանում արդյոք մեր պետական քաղաքականությունը պետք է հենվի դրա վրա, և արդյոք պետք է ելնել Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհդրի և Հայաստանի Գերագույն խորհդի Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա, եթե այո ապա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա, ավելին սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ։
Ազգային անվտանգություն
Նախորդ օրը իմ աչքով ընկավ մեր բանակի օրվա հետ կապված էմբլեմը, ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում՝ Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք ՝ Հայոց բանակ։ Եկեք մի հատ նայենք կողքի կողմից՝ էս Հայաստանի Հանրապետությունը ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ՝ հայերի բանակ։ Կներեք, բայց հայեր կան ամեն տեղ։ Լավ, ԱՄՆ-ի հայերին բանակն ինչի՞ համար է պետք։ Մենք ասում ենք, որ Հայաստանի պետական շահը կարևոր է, իսկ որն է մեր պետական շահը։ Ես կարծում եմ, որ մեր պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, կոնկրետ բյուջետային հարցեր են։