03 Հուն
2025
-5° c ԵՐԵՎԱՆ
-2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Al Mayadeen

Վաշինգտոնը բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Al Mayadeen

Միացյալ Նահանգները վերանայված բանաձև է ներկայացրել ՄԱԿի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ավելացնել մարդասիրական օգնության ծավալները: Բանաձևը անհանգստություն է հայտնում Ռաֆահի վրա Իսրայելի ցամաքային հարձակման և տարածաշրջանում հակամարտության ընդլայնման կապակցությամբ, ինչպես նաև «մերժում է Գազայի խաղաղ բնակչության ցանկացած բռնի տեղահանում»:



Բանաձևում ՀԱՄԱՍ շարժումն անվանվում է «ահաբեկչական կազմակերպություն», որը, ըստ հեղինակների պնդման, չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին:



Բանաձևը կոչ է անում դադարեցնել կրակը, որը «պետք է հիմք դնի կայուն հրադադարի համար»՝ ևս մեկ անգամ «հաստատելով խնդրի լուծման տեսլականը երկու պետությունների գոյակցության հիման վրա, որտեղ Գազան կհանդիսանա Պաղեստին պետության մասը»:



ԱՄՆ նախագիծն ընդգծում է Գազայում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության հոսքն ընդլայնելու հրատապ անհրաժեշտությունը և վերահաստատում է մուտքի բոլոր խոչընդոտները վերացնելու իր պահանջը: Այն ներառում է բեռների կայուն անցումի ապահովումը բոլոր անհրաժեշտ սահմանային անցակետերով, ինչպես նաև լրացուցիչ սահմանային անցումների և ծովային միջանցքի բացման անհրաժեշտությունը։



Բանաձևում ընդգծվում է, որ սովը հասել է աղետալի մասշտաբների և «մերժում է Գազայում քաղաքացիական բնակչության ցանկացած բռնի տեղահանում, որը խախտում է միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը»:



Վերանայված բանաձևը  նաև «մերժում է գործողությունները, որոնք կրճատում են Գազայի տարածքը, այդ թվում՝ այսպես կոչված «բուֆերային գոտիների» պաշտոնական կամ ոչ պաշտոնական ստեղծման, ինչպես նաև՝ քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ, համակարգված ոչնչացման միջոցով»:



Բանաձևի թարմացված նախագիծը նաև մտահոգություն է հայտնում Ռաֆահ իսրայելական հնարավոր ցամաքային ներխուժման հետևանքների վերաբերյալ, քանի որ դա կհանգեցնի «քաղաքացիական բնակչության հետագա կորուստների և տեղահանման»:



Բացի այդ, տեքստում ընդգծվում է տարածաշրջանում հակամարտության տարածումը կանխելու կարևորությունը, ներառյալ՝ «Կապույտ գծի» երկայնքով, որն ավելի հայտնի է որպես՝ հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման գիծ:



Նշվում է, որ ՀԱՄԱՍը, ի թիվս «Գազայում գտնվող այլ ահաբեկչական և զինված ծայրահեղական խմբավորումների» չի «պաշտպանում Պաղեստինի ժողովրդի արժանապատվությունը կամ ինքնորոշումը»:



Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը նաև նշում է, որ թեև բանաձևը մի քանի հղում է անում իսրայելցի գերիներին, այն չի անդրադառնում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալներին կամ Գազայում պահվող և խոշտանգվող պաղեստինցիների ազատ արձակման անհրաժեշտությանը:



Al Mayadeen-ը հիշեցնում է, որ ՀԱՄԱՍը պահանջում է անհապաղ և մշտական հրադադար, որը «վերջ կդնի իսրայելական ագրեսիային», հրատապ կերպով օգնություն կտրամադրի Գազայի բնակչությանը, կհեշտացնի տեղահանվածների վերադարձն իրենց տներ և կապահովի «իսրայելական օկուպացիոն ուժերի ամբողջական դուրսբերումը Գազայից»։



Ի լրումն Իսրայելին ռազմական աջակցություն տրամադրելուն՝ Միացյալ Նահանգներն ավելի վաղ վետո էր դրել երեք բանաձևերի նախագծերի վրա, որոնցից երկուսում կոչ էր արվում անհապաղ զինադադար հաստատել Գազայում՝ պատճառաբանելով, որ դա կվտանգի մարտերը դադարեցնելու միջնորդության շարունակական ջանքերը և իսրայելցի գերիների ազատ արձակումը։



Վաշինգտոնը նաև երկու անգամ ձեռնպահ է մնացել Գազային օգնություն տրամադրելու և ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերի վերաբերյալ բանաձևերի քվեարկությունից, ընդգծում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։