Տավուշի գյուղերը հայկական են, Փաշինյանի գործողությունները՝ միակողմանի զիջում․ Օհանյան
Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բարձր մակարդակի են և տարիներ շարունակ կատարած աշխատանքը Տավուշի անվտանգությունն ապահովելու համար էր. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ուզում եմ շեշտել՝ Տավուշի 4 գյուղերը հայկական են և պետք է լինեն Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մեր իշխանությունները չեն հասկանում՝ ինչ է սահմանազատումը, սահմանագծումն ու գնում են միակողմանի զիջումների։ Ավելին, տեղեկացնեմ՝ Ադրբեջանի Հանրապետությունը ԽՍՀՄ փլուզումից հետո հրաժարվել էր Ադրբեջանի ԽՍՀ իրավահաջորդը լինելուց․ նրանք 1918-1920 թվականին Ադրբեջանի Մուսավաթական Հանրապետության իրավահաջորդն էին, իսկ այդ ժամանակ նշված հողերը եղել են հայկական»,- ասել է Օհանյանը։
Օհանյանը բավական մտահոգիչ է համարել հատվածական սահմանագծում իրականացնելը։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը այդ գործընթացը սկսում է վերջից, սակայն ընդգծել է, որ սահմանագծումը ունի համապատասխան սկզբունքներ ու հաջորդականություն։
«Հաջորդականության մեջ 3 կետ պետք է առանձնացնել․ երկու թնշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ ու պատրաստակամ են խաղաղ ապրելուն։ Սակայն Ադրբեջանի հռետորական հայտարարություններն ու գործելակերպը դրա մասին չեն վկայում։ Երկրորդը՝ համաձայնագիր է ստորագրվում, որից հետո է միայն սկսվում սահմանազատում՝ համապատասխան քարտեզներով։ Սակայն հիշեցնենք, որ այդ սահմանազատման համար քարտեզներ են պետք, որոնք չկան։ Վերջում միայն եթե կողմերը հստակեցնում են պահանջները, սկսում են սահմանազատում անել ու տարիներ շարունակ կահավորման աշխատանքներ իրականանցնել, բայց ի՞նչ են անում այսօր․ երկրի գործող վարչապետը գնում է գյուղ ու բնակիչներին ասում՝ պետք է տարածքը հանձնվի՝ սահմանազատման հետևանքով։ Ընդգծեմ՝ ո՛չ վարչապետն է որոշում, ո՛չ էլ բնակիչները՝ տարածքը հանձնվում է, թե ոչ։ Պետք է հստակ ընթացակարգով անցնի այդ գործընթացը, հետո իրականացվի սահմանազատումը։ Հիմա ամեն ինչ ապօրինի է արվում»,- նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև հայերի և ադրբեջանցիների համակեցությամբ ապրելուն։ Արցախի բռնի հայաթափումից ու բռնազավթումից հետո համակեցության մասին խոսելը պաշտոնյան անտեղի է որակել։
«Այս վիճակով դժվար է խաղաղ ապրելու ձեռք մեկնելը։ Բայց ի՞նչ է անում գործող վարչապետը․ գնում ու գյուղացիներին պատերազմ սկսելու սպառնալիք ներկայացնում։ Սեփական ժողովրդին ահաբեկելո՞վ են խաղաղության հասնում»,- եզրափակել է Օհանյանը։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ ու բնակիչներին ներկայացրել Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման ծրագիրն ու տեղեկացրել․ եթե սահմանազատում լինի գյուղն անցնելու է Ադրբեջանին։ Փաշինյանի այցից հետո բնակացայրի բնակիչները ակցիաներ են կազմակերպում ու իրենց անհամաձայնությունը հայտնում գյուղերը հանձնելու՝ Փաշինյանը որոշմանը։