23 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական Հայաստան vs «իրական» Հայաստան. Փաշինյանական պարադոքս

Պատմական Հայաստան vs «իրական» Հայաստան. Փաշինյանական պարադոքս

Ազգային ժողովում ունեցած իր վերջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին աչքի ընկավ իր տարօրինակ  ու հակասական մատահանգումներով։ Մասնավորապես, կառավարության գլուխն ասել էր, որ իր կառավարությունը և անձամբ ինքը հանգել են այն համոզմանը, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ  միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են։ Եվ, նույնիսկ, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Հարկ է ընդգծել, որ Փաշինյանը նախկինում ևս աչքի է ընկել նմանատիպ հակասական մտքերով։ Օրինակ` Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ, նա ասել էր, որ հակադրություններ կան նաև լեզվամտածողության բերումով ազգային շահ և պետական շահ, ինչպես նաև ազգ և ժողովուրդ հասկացությունների միջև։ Տարօրինակ կերպով, վերջին ժամանակներում վարչապետի աթոռը զբաղեցնողը հակադրություններ է տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկան և չէին էլ կարող լինել։ Եթե, ուրիշ երկրների պետական գործիչներ, ազգային շահ ասելով, հասկանում են պետական շահ և հակառակը, իսկ ազգը նույն ժողովուրդն է, ապա Փաշինյանի զուգահեռ իրականությունում ազգային շահը հակադրության մեջ է պետական շահի հետ, և խանգարում է պետության բարգավաճմանը։ Իսկ «չարաբաստիկ» հայ ազգի շահերը հակազդում են ինչ-որ միֆական, սահմանադիր ժողովրդի շահերի հետ։ Եվ, հիմա էլ, Փաշինյանի հորինած պարադոքսալ աշխարհում, պատմական Հայաստանը ոչ միայն համատեղելի չէ իրական Հայաստանի հետ, այլև հակոտնյա է։

Այս արտահայտությունների պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք պարզապես ինքնանպատակ բառերի կույտ չեն, այլ՝ հստակ նպատակադրված քաղաքականություն։ Օրինակ` ինչու՞ է Փաշինյանը հակադրություններ տեսնում ազգային շահի և ժողովրդի շահի միջև՝ նախապատվությունը տալով ժողովրդի շահին։ Չէ՞ որ Հայաստանը էթնիկաապես միատարր երկիր է, և չկան իրական անջրպետներ` ազգ և ժողովուրդ հասկացությունների միջև։ Նույնիսկ բազմազգ երկրներում, որտեղ ազգ և ժողովուրդ հասկացությունները իդենտիկ չեն, դեռևս, ոչ մի ղեկավար չի փորձել հակադրություններ ստեղծել այդ արտահայտությունների միջև, որովհետև դա վտանգներ է ստեղծում պետականության համար։ Պատասխանն այստեղ շատ պարզ է։ Ազգ հասկացությունն ավելի հստակ է, և ենթադրում է էթնիկական պատկանելիություն, իսկ ժողովուրդը ավելի լայն և ընդգրկուն եզրույթ է։ Դիցուք, այդ ժողովրդի մեջ կարող են ներառվել նաև այն ադրբեջանցիները, որոնք Խորհրդային Միության ժամանակ ապրել են Հայաստանում, և որոնց վերադարձը և հայերի հետ համատեղ բնակեցումը Ալեն Սիմոնյանը չէր բացառել։ Ազգ հասկացությունը միայն այս պարագայում ձեռնտու չէր լինի, քանի որ «խաղաղության դարաշրջանի պարտադրանքով վերադարձած» ադրբեջանցիները չէին տեղավորվի հայ ազգ հասկացության տրամաբանության մեջ, բայց հանգիստ կարող են ժողովուրդ համարվել։ Որովհետև, ինչպես արդեն ասացինք, ժողովուրդն ավելի լայն և ընդգրկուն հասկացություն է։ Բացի այդ, վարչապետի աթոռը զբաղեցնողի «կիրթ և կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, ևս դուր չի գալիս, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի էթնիկորեն միատարր բնակչություն։ Եվ, հետևաբար, որպեսզի Փաշինյանը իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հետ, ձեռք ձեռքի բռնած խաղաղության դարաշրջաններ և խաչմերուկներ ստեղծեն, անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա, ոչ թե հստակ դիմագծերով ազգ և ազգային շահ, այլ, ինչ-որ խայտաբղետ և ցանկալի է առանց ինքնության ժողովուրդ։ Ոմանք կարող են հակադարձել, որ, ժողովուրդ ասելով, Փաշինյանը փորձել է ընդգրկել ազգային փոքրամասնություններին։ Սակայն այստեղ էլ տրամաբանական հարց է առաջանում` այդ ինչպիսի՞ ազգային շահի և պետական ու ժողովրդական շահերի հակասություններ են առաջանում։ Չէ՞ որ Հայաստանում ապրող ազգային փոքրամանությունները դարերով խաղաղ գոյակցել են հայ ժողովրդի հետ, և հենց միայն այդ հանգամանքը ապացուցում է` էթնիկական փոքրամասնությունների շահերը երբեք չեն ճնշվել, և բավականաչափ իդիենտիկ են եղել հայ ազգի շահերի հետ։ Նույն տրամաբանության ներքո էլ, Փաշինյանը հակադրությունների մեջ է մտցնում պատմական Հայաստանը, այսպես կոչված «իրական» Հայաստանի հետ։ Իսկ իրականում, չկա ոչ մի իրական Հայաստան` առանց պատմական Հայաստանի։ Քանի որ պատմությունը մեր անցյալի քաղաքականությունն է, մեր նախնիների կենսափորձը։ Եթե չլինի այդ կենսափորձը, հայ ազգը չի իմանա, թե ով է ինքը, ինչպես է առաջացել, չի կարողանա դասեր քաղել անցյալից և շարժվել առաջ։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ պետության ղեկավարներն իրենց անցյալը համարեն իրենց ներկա պետականության գոյության սպառնալիք։ Քանի որ նույնիսկ թերզարգացած երկրներում լավ գիտեն, որ պատմությունը իրենց ազգի, ինչու չէ` ժողովրդի ինքնության արտահայտման հենասյուներից է, և, եթե ջնջես դա, կջնջես նաև այդ ժողովրդի ինքնության կարևոր մասը։ Եվ դրանով, ազգային ինքնատիպության, մշակութային, կրոնական առանձնահատկությունների և ինքնագիտակցության այլ կարևոր հենասյուների գոյությունը կդառնա ժամանակի հարց, ինչին էլ ձգտում է Փաշինյանը։ Ոմանք կարող են կարծել, թե «պատմական Հայաստանը հակոտնյա է իրական Հայաստանին» ասելով` Փաշինյանը, միգուցե, նկատի է ունեցել, որ մենք մեր պատմությունից դասեր չենք կարողանում քաղել։ Բայց, եթե դասեր չենք կարողանում քաղել, սա նշանակում է, որ մենք ավելի լավ պետք է սովորենք մեր պատմությունը կամ նորովի մոտենանք դրան։ Այլ ոչ թե ասել, թե պատմական Հայաստանը երաշխիք է, որ մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար և գիտելիք չենք ունենա։ Ի դեպ, սա ևս շատ մանիպուլիատիվ արտահայտություն էր, որն արվեց Փաշինյանի կողմից։ Սա հակասում է ներկայումս գոյություն ունեցող համաշխարհային տենդենցներին։ Քանի որ, հիմա շատ զարգացած և հաջողակ երկրներ ձգտում են ներգրավվել տարբեր ուժային կենտրոնների կազմ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում ստանան այդ կողմնակի օգնությունը։ Ասվածի ապացույցն էին Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք, ոչ վաղ անցյալում մտան ՆԱՏՕ-ի կազմ։

Փաշինյանը նաև կարծում է, որ պատմական Հայաստանը այնքան վատ երևույթ է, որ հանդիսանում է մի խումբ երկրների հետ մեր թշնամանքի երաշխիքը։ Եվ, հենց Հայաստանի պատմականության պատճառով է, որ այս երկրները Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն ունեն։ Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ շարք երկրների մասին է խոսքը։ Միակ պետությունները, որոնք Փաշինյանի հետ համատեղ կռիվ են տալիս Հայոց պատմության հետ, դա Թուրքիան ու Ադրբեջանն են։ Եվ, այդ երկրների նպատակները վաղուց հայտնի են։ Դա հայակական ինքնության վերացումն է, որպեսզի, հայ ազգը հետագայում ավելի հեշտ ուծացվի, և վերանա, որպես սեպ թուրանական ծրագրերի ճանապարհից։

Այսպիսով, վարչապետի աթոռը զբաղեցնողն ուզում է ասել, որ պետության շահն այն է, երբ թաթիկներդ վեր ես բարձրացնում։ Մոռանում ես ազգային ինքնությունդ ու պատմությունդ և անում ես այնպես, ինչպես հաճելի է թշնամիներիդ։ Իսկ իրականում, պետական ինքնակործանման տանող ճանապարհը հենց սա է։ Եվ սրանից խուսափելու համար, պարզապես պետք է անել Փաշինյանի ասածների ճիշտ հակառակը` պինդ պահել ազգային ինքնագիտակցությունը, լավ սովորել սեփական պատմութունը և, երբեք չշարժվել թշնամու ախորժակով։

Աշոտ Բարեքյան