Պուտինի այցը Բաքու տարածաշրջանում դիրքերի ամրապնդման հստակ ուղերձ ուներ․ Կարեն Բեքարյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու ժամանակային առումով պատահական չէ ընտրված․ Բաքուն նախապատրաստական աշխատանքներ է տանում COP29-ը հյուրընկալելու, ՌԴ-ն էլ շարունակում է տաք գործողությունները Ուկրաինայի հետ, ավելին՝ Կուրսկում վիճակը լարված է։ Նման պայմաններում պաշտոնական այց կազմակերպելը մի քանի նպատակ ունի․ ABC media-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Նախ՝ Պուտինը ուզում է ցույց տալ, որ չնայած ամբողջ աշխարհը խոսում է Կուրսկում լարված վիճակից, իր երկրի համար մարտահրավեր չէ և կարող է պաշտոնական այցով երեք օրով բացակայել ՌԴ-ից։ Բացի այդ՝ ուզում է ցույց տալ, որ ռուս- ուկրաինական հարաբերությունները չեն կարող խանգարել՝ Հարավային Կովկասում ազդեցությունը ուժեղացնելուն»,- ասել է Բեքարյանը։
Պուտին- Ալիև հանդիպումը երկկողմ օրակարգով չէ միայն՝ ասում է Բեքարյանը՝ չբացառելով, որ առավելապես երկկողմ օրակարգ չէ․ դրանց մեջ ընդգրկված են հայ- ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցերը։
«Այցի և քննարկվող օրակարգի հիմքում դրված էր դիրքերի ամրապնդման հստակ ուղերձը։ Այսինքն՝ այցի նպատակը մեկ, երկուսը չեն, զուգակցվում են, ինչն էլ թույլ է տալիս հասկանալ՝ ժամանակային առումով պատահական չէր»,- ասել է վերլուծաբանը։
Տարածաշրջանում հստակություններ ու փոփոխություններ են ընթանում, ինչից Հայաստանը կարծես դուրս է մղվում։ Ո՞րն է պատճառը։ Մի շարք վերլուծաբաններ կարծում են՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է պատճառը, մինչդեռ Բեքարյանը այլ կարծիք ունի․
«Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորն է փոխում, այլև Հայաստանի սուբեկտայնությունը հավասարեցնում է զրոյի։ Այստեղ խնդիրը վեկտորի փոփոխությունը չէ, պետք է ճիշտ ընկալել, այլ ՀՀ-ի կարևորության չափը, որը գործող իշխանությունը զրոյացրել է։ Արտաքին ուժերը, հարևաններն էլ պետք է գիտակցեն՝ իշխանությունները ժամանակավոր են, իսկ Հայաստանը, հայ ժողովուրդը նույնն են, որ դարեր շարունակ ռազմավարական նշանակության դաշնակից են եղել»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Բաքու էր գնացել։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ․ 3 համաձայնագիր, 3 հուշագիր։