22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Եսայանը մանրամասներ է ներկայացրել օդանավակայանում տեղի ունեցածի վերաբերյալ

Բագրատ Եսայանը մանրամասներ է ներկայացրել օդանավակայանում տեղի ունեցածի վերաբերյալ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին այսօր«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են երկրից դուրս գալ: Պատճառը եղել է նախկինում իր նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառված ստորագրությունը, որը վաղուց պետք է վերացած լիներ։

«Ընդամենը 2 օր առաջ որոշեցի 4 օրով մեկնել կարճատև հանգստի, որովհետև 4 տարի ես Հանրապետությունից դուրս չեմ եկել, ընդամենը 1 անգամ 2 օրով գործուղվել եմ այլ երկիր»,- ABC Media-ի հետ զրույցում պատմել է Եսայանը։

Նա նշել է, որ արգելքի մասին տեղեկացել է, երբ արդեն օդանավակայանում է եղել։

«Եբ սահմանն անցնում էի, վստահ էի, որ  խափանման միջոցը վերացված է, որովհետև այն գործով, որով խափանման միջոց էր ընտրվել 1 տարի առաջ,  դատավոր Տաթևիկ Գրիգորյանը այն վերացնելու որոշում էր կայացրել։ Մեզ մեղավոր էին ճանաչել, բայց գործը կարճել վաղեմության ժամկետը լրանալու պատճառով»,- ասել է Բագրատ Եսայանը:

Նրա խոսքով` խափանման միջոցի վերացումը ուժի մեջ էր մտել արդեն հետագայում։ Իրենք բողոքարկել են որոշումը, որովհետև պահանջել են արդարացման որոշում։

Վերաքննիչ դատարանն ապրիլին արդարացրել էր Եսայանին, ինչից հետո, բնականաբար, խափանման միջոց լինել չէր կարող։

«Վստահ էի, որ 1 տարի առաջ խափանման միջոցը վերացված է և առնվազն պետք է ոստիկանության մարմինները, իրավապահ մարմինները ստացած լինեն դատարանի որոշումը, սակայն երբ արդեն սահմանապահների մոտ էի, անձնագիրս տվեցի, ինձ ասացին, որ իմ ելքը հանրապետությունից արգելված է, նաև հիմք բերեցին Տաթևիկ Գրիգորյանի ընդունած որոշումը խափանման միջոցի մասին»-, նշել է Եսայանը:

Նա վստահ է, որ սա միայն պաշտոնական վարկածն է, իսկ իրականում 2 հանգամանք միացել է իրար. «Առաջինը, Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ գործող ԲԴԽ-ն  այնպիսի, ինչ ասեմ, անտերություն է ստեղծել համակարգում, որ շունը տիրոջը չի ճանաչում, չնայած իրենք իրենց տհաճ դատավորներին այդ հիմքով հեռացրին համակարգից, բայց մյուսներին դա չի վերաբերվում։ Տվյալ դեպքում 2 դատական ատյանում այս որոշումը 1 տարի շարունակ չեն փոխանցել իրավապահ համակարգին, ոստիկանության համակարգին, որպեսզի իմ անունը  ստորագրություն տվածների ցանկից դուրս գա»։

Նա վստահ է, որ այսպես թե այնպես քաղաքական գործոնն է աշխատում, ինչպես աշխատել է բոլոր այն դատական գործերի դեպքում, որտեղ ներգրավված են դաշնակցականներ կամ  ընդդիմադիր գործիչներ։

«Կեղծ մեղադրանքներով փորձում են սահմանափակել մեր քաղաքական գործունեությունը, փորձում են սահմանափակել մեր շարժման իրավունքը։ Հստակ քաղաքական ձեռագիր է, սա է միակ մեկնաբանությունը իրավապահների գործունեության»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե չի՞ պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին կամ ՄԻՊ-ին, Եսայանն ասել է, որ չի ուզում ՄԻՊ ղեկավարին ասոցացնել կառույցի հետ:

«Կարծում եմ, որ այս փուլում չեմ դիմի, բայց առհասարակ չեմ բացառում այդ հնարավորությունը: Հետագա քայլերս կքննարկեմ փաստաբանի հետ, որից հետո կիրազեկեմ»,-եզրափակել է դաշնակցական գործիչը: