ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է կանխատեսելիություն, չափվածություն և դրան հաջորդող քաղաքական օրակարգի հաշվարկելիություն, ինչն էլ նա փորձում է թելադրել ընդդիմությանը, գրել է EADaily-ին։
«Ստեղծեք նոր կուսակցություններ, եթե կարող եք, նույնիսկ միավորեք ընդդիմադիր ճամբարում գործող խմբերին, սակայն մի անհանգստացրեք իշխանություններին Երևանի կենտրոնում փողոցային ակցիաներով և հանրահավաքներով. սա է Փաշինյանի ուղերձն իր ընդդիմախոսներին», – գրել է կայքը։
Փողոցում ակտիվությունը սպառնում է արտահերթ ընտրությունների վտանգով։ Դրանց իրականացումը չի համապատասխանում երկրի ղեկավարի շահերին։ Համենայն դեպս՝ պետք է հաշվի առնել, որ 2021 թվականի ամռանը կայացած արտահերթ ընտրարշավի արդյունքներով՝ Փաշինյանը կարողացել է մնալ իշխանության ղեկին, սակայն՝ մեծ դժվարությամբ ու հազիվ խուսափելով կոալիցիոն կառավարության ստեղծման գործընթաց սկսելուց։
«Հայաստանում Փաշինյանի կուսակցության մասնակցությամբ ցանկացած կոալիցիա կենսունակ չէ։ Այն կհանգեցնի իշխանության կաթվածահարության։ Վարչապետը դա շատ լավ հասկանում է և ակնկալում է 2026 թվականի ընտրություններին մոտենալ իր և ՔՊ-ի համար ավելի ուժեղ դիրքերից», – նշվել է հոդվածում։
Հավելվել է, որ Փաշինյանն առաջ է քաշել հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին թեզը՝ միաժամանակ կտրականապես հերքելով, որ իր ղեկավարած կառավարության այս նպատակը պայմանավորված է Ադրբեջանի պահանջներով։ Սահմանադրական փոփախությունների հանրաքվեի վերջնաժամկետը 2027թ-ն։
Սակայն Փաշինյանը նախ պետք է հաղթի 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում, իր համար ապահովի ձայների այնպիսի քանակություն, որը թույլ կտա ՔՊ-ին ձևավորել ևս մեկ կայուն մեծամասնություն օրենսդիր մարմնում, ապա՝ նախապատրաստել համաքաղաքացիներին նոր հիմնական օրենք ընդունելուն։
Սակայն այս ճանապարհին առկա են խոչընդոտներ։
Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ ապրում է հանրապետության բոլոր ընտրողների ավելի քան 30%-ը, և որը վերջին 20 տարվա ընթացքում չի քվեարկում գործող իշխանության օգտին, Փաշինյանի համար շարունակում է գլխացավանք մնալ։ Սրան գումարվում է նաև արցախցի փախստականների գործոնը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը լքած ավելի քան 100 հազար մարդկանց ընդհանուր թվի զգալի մասը կա՛մ արդեն լքել է Հայաստանը, կա՛մ պատրաստվում է դա անել մինչև 2026 թվականի ընտրությունները։
Բազմաթիվ տեղահանվածների կարգավիճակը դեռ թույլ չի տալիս նրանց քվեարկել Հայաստանում։ Սակայն, ինչպես ցույց տվեցին այս տարվա մայիսյան իրադարձությունները Երևանում՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման ակտիվության գագաթնակետին, ղարաբաղցիները կարող են արմատական ընդդիմության համար դառնալ «միջուկային էլեկտորատ»՝ պատրաստ իշխանությունների հետ երկարաժամկետ առճակատման։