Վրացական ընտրությունները և դրանց նշանակությունը տարածաշրջանում
Արդեն հայտնի է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Այդ մասին արդեն հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա, նաև ընդգծել էր, որ Վրաստանի քաղաքացիները պետք է էքզիստենցիալ ընտրություն կատարեն, իսկ իշխող ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության առաջ մղած նարատիվները կեղծ են։ Ըստ էության՝ Վրաստանի գործող նախագահի այս հայտարարությունը անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները, քանի որ, վերջինս, թեև ձևական, բայց ամեն դեպքում համարվում է պետության գլուխ, և գոնե ընտրություններից առաջ, իր պաշտոնական հայտարարություններում չպետք է ցուցաբերեր կողմնապահություն։ Սակայն Զուրաբիշվիլիի նմանատիպ հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է նրա, որ Վրաստանում չեն հանդարտվել ներքաղաքական ալեկոծությունները, և դեռ մի բան էլ սրման միտում ունեն։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ձերբակալությունը և կառավարության կողմից ընդունված միշարք այլ որոշումներ, Վրաստանի «լիբերալ» շրջանակների կողմից ընդունվեցին սվիններով։ Դրա հետևանքով երկրում տեղի ունեցան բազմաթիվ հակակառավարական բողոքի ակցիաներ։ Այդ ակցիաներին անգամ մասնակցեցին մի շարք Եվրոպական երկրների պաշտոնյաներ, որոնք պետական այցով մեկնել էին Թբիլիսի։ Բացի այդ, Եվրամիությունից բողոքի ակցիաներին աջակցող հայտարարություններ էին արվում։ Եվ, սա հիմքեր տվեց իշխող ուժին և նրա կողմնակիցներին, արտերկրից ֆինանսավորվող ընդիմությանը մեղադրել Արևմուտքի ձեռքում գործիք լինելու և Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացելու ցանկության մեջ։ Դե, իսկ ընդիմությունն էլ իշխող ուժին մեղադրում է եվրոպական ապագայի վրա խաչ քաշելու և ռուսամետության մեջ։ Ներկայումս էլ, Վրաստանի ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված վիճակում։ Ըստ GORBI հետազոտական կենտրոնի կատարած հարցումների, որը իրականացվել է «Իմեդի» հեռուսաալիքի պատվերով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ռեյտինգը կազմում է 59,3%։ Իսկ ընդիմադիր ուժերի մեծամասնությունը չեն էլ կարողանում հաղթահարել խորհրդարան անցնելու համար նախատեսված 5%-անոց շեմը։ Եվ, այդ պատճառով էլ նրանք միավորվում են ավելի մեծ ուժերի հետ, ինչպիսիք են «Լեո», «Հանուն Վրաստանի» և «Նոր» կուսակցությունները։ Սրան հակառակ, ընդիմադիրներն էլ արժանահավատ են համարում իրենց սիրելի ալիքի՝ «Ֆորմուլայի» իրականացրած հարցումները, որոնց համաձայն «Վրացական երազանքն» ունի ընդամենը 32,4% աջակցություն, իսկ ամբողջ ընդիմության աջակցությունը միասին վերցրած կազմում է 50%։ Այս հարցումները լիբերալ տեսաբանների մոտ հույսեր է առաջացնում, որ վրացական ընդմությանը կհաջողվի միավորվելով վերցնել իշխանությունը։ Սակայն, իրականությունն այն է, որ նույնիսկ ընդիմադիր ուժերի կազմակերպած հարցումներն են ցույց տալիս, որ իշխող «Վրացական երազանքը» արդեն իսկ 15-20%-անոց կրիզիսային շեմից ավելի բարձր աջակցություն ունի։ Բացի այս, չմոռանանք, որ իշխանությունների կազմակերպած հարցումներն էլ ցույց են տալիս, որ իրենց կուսակցությունն ունի 60%-անոց աջակցություն։ Բնական է, որ թե ընդդիմության իրականացրած հարցումների արդյունքները, և թե իշխանություններինը՝ չափազանցված են, և դա քաղաքական մանիպուլիացիա է, որ իրականացվում է ամենուր, ընտրությունների ժամանակ։ Իսկ, ճշմարտությունը նմանատիպ դեպքերում գտնվում ինչ-որ տեղ միջակայքում։ Այսինքն, կողմերի ներկայացրած 32,4%-ի և 59,3 %-ի միջակայքում։ Եվ, ըստ այդմ, իշխող Վրացական Երազանքի իրական աջակցությունը, ամենայն հավանականությամբ կազմելու է 40-46%։ Սա, արդեն լրիվ բավարար հանգամանք է, որպեսզի իշխող ուժը, ունենալով նաև իշխանական լծակներ, կարողանա վերընտրվել և պահպանել իշխանությունը իր ձեռքում։ Այստեղ միակ խանգարող հանգամանքը կարող է լինել արտաքին միջամտությունը։ Երբ դրսի ուժերի աջակցությամբ, Վրաստանում նախապատրաստվի և իրականացվի «գունավոր» հեղափոխություն։ Իրենք՝ Վրաստանի իշխանությունները ևս չեն բացառում և արդեն բազմիցս հայտարարել են, որ ընտրությունների ժամանակ հավանական են անկայունությանն ուղված քայլեր։ Սակայն, անկայունությանն ուղղված քայլեր հնարավոր են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև դրանից հետո, երբ ընտրությունների արդյունքներով հաղթի իշխող ուժ, իսկ ընդդիմությունը, այդ արդյունքները համարի կեղծված։ Այս պարագայում, ընդիմադիր առաջնորդները, Արևմուտքից ունենալով օժանդակություն, կարող են փողոցային պայքարի կոչ անել, ինչի արդյունքում Վրաստանում կսկսվի նոր այսպես ասած «թավշյա» կամ «գունավոր» հեղափոխություն։ Սա լիովին կմտնի, «գունավոր» հեղափոխությունների տրամաբանության մեջ։ Եվ, իրականում, նոր «գունավոր» հեղափոխություն անելու բոլոր նախադրյալները, ինչպիսիք են Արևմուտքից աջակցվող ընդդիմությունը և հասարակական կազմակերպությունները, պետական որոշումներից դժգոհ զանգվածը, որոնց մի մասը լիբերալ տրամադրություններ ունեցող երիտասարդներ են, կան Վրաստանում։ Մնում է գրագետ օգտագործել ընտրություններում իշխող ուժի հաղթանակը, հենց իշխող ուժի դեմ։
Այսպիսով, եթե ընտրություններն ընթանան իրենց հունով, և դրանից հետո լուրջ ներքաղաքական ցնցումներ չլինեն, երկրում ամենայն հավանականությամբ կշարունակի իշխել «Վրացական երազանքը»։ Սակայն, եթե Արևմուտքի կողմից նախապատրաստվի և իրականացվի «գունավոր» հեղափոխություն, ամեն ինչ կարող է անկանխատեսելի հունով ընթանանալ։ Եվ, սա իրականում չի բխի նաև մեր երկրի՝ Հայաստանի պետական շահերից, քանի որ, մեր հարևան երկրի կայունության և հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ, Հայաստանը կարողանում է օգտվել նրա ճանապարհային կոմունիկացիայից, կապվել, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Հակառակ դեպքում, եթե Վրաստանում առաջանա անկայուն իրավիճակ կամ իշխանության եկած այլ ուժերի պատճառով երկիրը ներքաշվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, Հայաստանը կկորցնի վրացական կոմունիկացիաները։ Այդպես եղավ 2008թ.-ի ռուս-վրացական 5-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը, չկարողանալով օգտվել կաթվածահար եղած վրացական ճանապարհներից և կրեց լուրջ տնտեսական վնասներ։ Եվ, այդպես կարող է լինել մոտ ապագայում, եթե Վրաստանը ընտրությունների պատճառով ներքաշվի լուրջ անկայունության մեջ։
Աշոտ Բարեքյան