Զելենսկին անցյալ շաբաթ այցելել է Իտալիա՝ մասնակցելու Ամբրոսետտիի ֆորումին:
Պարզ չէ, թե արդյոք նա հանդիպե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով նույնպես մասնակցել է Չեռնոբիոյի ֆորումին և հանդես եկել «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական միջավայրում» վերնագրով ելույթով, գրել է Euronews-ը:
«Ռուսական ներխուժումն Ուկրաինա, անկասկած, Ադրբեջանին ավելի քան երբևէ կարևոր է դարձրել արևմտյան գործընկերների համար, քանի որ Եվրոպային անհրաժեշտ են ինչպես երկրի էներգետիկ ռեսուրսներն, այնպես էլ՝ նրա տարանցիկ ուղիները», – գրել է պարբերականը: Ալիևը զարմանալի հայտարարություն է արել՝ առաջին անգամ նշելով, որ Ադրբեջանն այժմ ներգրավվում է Ուկրաինայում պատերազմի ավարտի լուծում գտնելու հարցում, քանի որ նրա երկիրն ամուր, դրական հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանն «աջակցում է Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», ինչը եղել է երկրի դիրքորոշումը պատերազմի սկզբից ի վեր, մինչդեռ դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ամուր հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։
Տասնամյակներ շարունակ Մոսկվան Ադրբեջանին և Հայաստանին համարել է իր ազդեցության գոտում։ Սակայն այս երկարատև ստատուս քվոն փլուզվել է, երբ 2023 թվականի սեպտեմբերին կայծակնային հարձակման արդյունքում՝ Ադրբեջանը վերահսկողություն է ստացել Ղարաբաղի տարածաշրջանի վրա, այն պարագայում՝ երբ Ռուսաստանը ճահճացած էր Ուկրաինայում: Դա առաջացրել է տարածաշրջանի քաղաքական մեծ վերափոխում: Անցյալ շաբաթ Ալիևի անսպասելի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում որպես միջնորդ ներգրավվելու մասին Հայաստանի հետ խաղաղության շուրջ սեփական բանակցությունների ժամանակ, ավելի կվերափոխի ուժերի հավասարակշռությունը և կայունությունը ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։ «Երբեմնի աներևակայելի խաղաղությունն այժմ նշմարվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կովկասի այս պատմական պահը կարող է նաև բանալիներ ունենալ Ուկրաինայի պատերազմի ավարտի դժվար լուծման համար», – նշվել է հոդվածում: