Հայկական պարադոքս. Ռուսաստանից ավելի հեռու և Ռուսաստանին ավելի մոտ. CEPA
Վերջին մի քանի տարիներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի է հանդես գալիս Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու և դեպի Եվրամիություն տանելու օգտին: Եվ, այնուամենայնիվ, 2022 թվականից ի վեր Հայաստանը մեծացրել է իր տնտեսական և առևտրային կախվածությունը Ռուսաստանից. գրել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնը (CEPA): Առաջին քայլին` եվրաինտեգրմանը, հակադրվում է երկրորդ քայլը` աճող կախվածությունը Ռուսաստանից:
Բազմավեկտոր արտաքին քաղաքականության համար այն զարմանալիորեն միաչափ է թվում: Հայաստանի հակասական արտաքին քաղաքականությունը մի կողմից աջակցում է Ռուսաստանին, մյուս կողմից՝ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին։ Ռուսաստանի ռազմավարական շահը միշտ եղել է հնարավորինս մեծացնել նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրումը՝ Եվրասիայում իր ազդեցության գոտին ամրապնդելու համար։ Փաշինյանը կասեցրել է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի նշել, որ Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։
Դա գրեթե անհնարին կլիներ, քանի որ Հայաստանը լիովին կախված է Ռուսաստանից իր էներգետիկ կարիքների համար, մինչդեռ նրա տնտեսական կախվածությունն աճել է 2022 թվականից ի վեր: Հայաստանը Ռուսաստանի միակ մերձավոր դաշնակիցն է, որը ստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը սահմանափակ մուտք է ապահովում դեպի ԵՄ մաքսային գոտի։ Բայց երկրները չեն կարող լինել երկու մաքսային գոտում, և քանի դեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, չի կարող անցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն աչք են փակում դեպի Ռուսաստան արևմտյան ապրանքների վերաարտահանման մեջ Հայաստանի ներգրավվածության վրա, քանի որ այն փոքր տնտեսություն է, որը չի կարող գոյատևել, եթե միանար արևմտյան պատժամիջոցներին։ Մյուս պատճառն այն է, որ Հայաստանն իբր վերակողմնորոշվում է դեպի Արևմուտք, թեև, ինչպես նշվել է, դրան հակասում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի աճը։
«Փաշինյանն, ըստ երևույթին, չի հասկանում, որ համարձակ և ռազմական առումով ավելի ուժեղ Ռուսաստանը երբեք չի հանի իր ձեռքերը Հայաստանի վրայից: Թուլացած և ռազմական առումով պարտված Ռուսաստանը չի կարողանա խանգարել Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից և ինտեգրվել Եվրոպային: Միևնույն ժամանակ, անտեսելով Երևանի ներգրավվածությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու գործում, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ավելի ամուր են կապում Հայաստանին Ռուսաստանի հետ և դրանով իսկ խոչընդոտում են Եվրասիայից դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու երկրի նպատակին», – նշվել է հոդվածում: