24 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր և ի՞նչ ձևաչափով են պահպանություն իրականացնելու Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին

Ովքե՞ր և ի՞նչ ձևաչափով են պահպանություն իրականացնելու Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի փորձագետ, արևելագետ Գևորգ Գալտակյանի հոդվածը Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանների պահպանության վերաբերյալ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստան-Իրան պետական սահմանի անցակետ. 2025թ. հունվարի 1-ից «Ագարակ»(ՀՀ)/«Նորդուզ»(ԻԻՀ) անցակետում ծառայություն է իրականացնելու միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ-ն (մինչ այդ ամսաթիվը ծառայությունը դեռևս իրականացվելու է ՌԴ ԱԴԾ ՍԶ-ի հետ համատեղ): Ընդ որում՝ հաշվի առնելով, որ 2024թ. հուլիսի 31-ից «Զվարթնոց» օդանավակայանում նույն սկզբունքով ծառայություն է իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ-ն՝ կարելի է արձանագրել, որ արդեն 2025թ.-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր պետական սահմանային անցակետերում վերահսկողությունը պատկանելու է ՀՀ ԱԱԾ-ին:

Վերոգրյալ հանգամանքը մի կողմից մեծացնում է առկա սահմանային անցակետերի վրա ՀՀ պետական մարմինների վերահսկողական հնարավորությունները, մյուս կողմից նվազեցնում է ՌԴ ԱԴԾ-ի հնարավորություններին հասանելիությունը (օրինակ՝ ահաբեկիչների, թմրավաճառների և այլ անցանկալի անձանց վերաբերյալ ՌԴ ԱԴԾ տվյալների բազային հասանելիությունը և դրա օպերատիվ տնօրինումը):

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանների պահպանություն. Հատկանշական է, որ թե՛ ՀՀ-ԹՀ, թե՛ ՀՀ-ԻԻՀ պետական սահմանների ամբողջ երկայնքով (բացառությամբ պետական սահմանի անցակետերի) ՌԴ ԱԴԾ ՍԶ-ն շարունակելու է ծառայություն իրականացնել, բայց արդեն «մասնակցելու» է նաև ՀՀ ԱԱԾ ՍԶ-ն:

Վերոգրյալի առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ «մասնակցել» բառի փակագծերը ներկա փուլում բացված չեն, և կարելի է միայն ենթադրել, որ խոսքը գնում է ՌԴ ԱԴԾ ՍԶ-ի հետ համատեղ պետական սահմանի պահպանություն իրականացնելուն, այսինքն՝ ամենայն հավանականությամբ լինելու են համապատասխանաբար ՌԴ ԱԴԾ ՍԶ-ի կամ ՀՀ ԱԱԾ ՍԶ-ի հսկողությանը հանձնված ուղեկալներ: Հնարավոր չէ նաև բացառել այն հանգամանքը, որ կարող է ստեղծվել ՀՀ-ՌԴ համատեղ օպերատիվ-կառավարման կենտրոն:

ՀՀ-ԹՀ սահմանը, որը հատկանշականորեն նաև ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահման է,  նաև ՀՀ-ԻԻՀ սահմանը, խնդրո առարկա փոփոխություններով հանդերձ, իրենց անվտանգային մակարդակը, իմ գնահատմամբ, չեն զիջելու, բայցևայնպես, ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ շփումների առավել ակտիվացումը վերջնարդյունքում կարող է ՀՀ-ին անգամ ավելի խոր կախվածության մեջ դնել ՌԴ-ից, բայցև մեկ այլ տեսանկյունից նայելիս գուցեև հանգեցնի ՀՀ-ՌԴ անվտանգային ոլորտում համագործակցության զարգացմանը:

Աշխարհաքաղաքական հարթություն. Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության որոշակի նահանջը և վերահսկողական-օպերատիվ լծակների նվազեցումը կարող է հնարավորություններ ընձեռել ԹՀ-ին իր ազդեցությունը ՀՀ-ի վրա լրացուցիչ ավելացնելու համար՝ ընդհուպ հանգեցնելով ՀՀ-ԹՀ և ՀՀ-ԻԻՀ սահմանից ՌԴ ԱԴԾ ՍԶ-ի ամբողջական դուրսբերմանը: Հարկ է նշել, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Անթալյայի դիվանագիտական ֆորումի» ժամանակ (01.03.2024) անգամ հայտարարել էր, թե Թուրքիան կարող է ամրապնդել Հարավային Կովկասում իր դերակատարումը որպես տարածաշրջանի առաջնորդ երկիր:

Հայաստան-Թուրքիայի պետական սահմանի անցակետերի գործարկման հարցը. «Մարգարա»(ՀՀ)/«Ալիջան»(ԹՀ) և Ախուրիկ(ՀՀ)/Աքյաքա(ԹՀ) սահմանային անցակետերի բացումը կարճաժամկետ կտրվածքում նվազ հավանական է՝ պայմանավորված հատկապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» բարդություններով, եթե ոչ անհնարինությամբ: Այդուհանդերձ, ՀՀ-ԹՀ նշված անցակետի բացման պարագայում դրա վերահսկողությունը նույնպես ամենայն հավանականությամբ ստանձնելու է ՀՀ ԱԱԾ ՍԶ-ն»: