Իսրայելը տարածաշրջանում ոչ մի լուրջ խնդիր չէր կարող լուծել, եթե չունենար ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը․ Արմեն Պետրոսյան
Իսրայելի հիմնական խնդիրներից մեկը Իրանի հրթիռաշինության ոլորտի աշխատանքը խափանելն է։ Պատահական չէր ԱՄՆ-ի` 2018 թվականին Իրանյան Միջուկային Համաձայնագրից դուրս գալուց հետո վերադառնալու շուրջ ծավալվող խոսակցությունները։ ԱՄՆ-ի պայմաններից մեկը՝ հրթիռաշինության ոլորտի աշխատանքը սահմանափակելն էր։ Այսօր Genesis Armenia-ի գրասենյակում «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայել, Պաղեստին, Լիբանան, Իրան» խորագրով քննարկմանը ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Իսկ ո՞րն էր պատճառը։ ԱՄՆ-ի, Իսրայելի համար շատ պարզ է․ անկախ արդյունավետության մակարդակից՝ Իրանի արտադրած օրինակ 200 հրթիռներից մի քանիսը պատկերացրեք ունենան միջուկային մարտագլխիկ։ Եթե այդպիսի հրթիռ ստեղծի Իրանն ու արձակի Իսրայելի ուղղությամբ, այդ երկիրը ուղղակի հօդս կցնդի։ Կամ մինչև Իսրայել հասնելը պատկերացնու՞մ եք որքան պետություն կվնասվի։ Դա կարող է տարածաշրջանային աղետի պատճառ դառնալ»,- ասել է արաբագետը։
Նրա խոսքով՝ զարգացած պաշտպանական համակարգերն այնքան էլ ազդեցիկ միջոց չեն տարածաշրջանը ղեկավարելու, զսպելու համար։ Դիվանագիտությունն է զսպող հիմնական ուժը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռազմական հավասարակշռությունը։
«Եթե չլիներ Իսրայել-ԱՄՆ դաշնակցությունը, հավատացեք, Իսրայելը ոչ մի խնդիր չէր կարող լուծել տարածաշրջանում։ Իրականում Իսրայելը բնական այդքան ռեսուրս չունի Իրանի դեմ պայքարելու համար»,- եզրափակեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։