28 Ապր
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոփոխվող Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իսրայելը պատրաստ են մրցակցության և պոտենցիալ հակամարտությունների․ The National Interest

Փոփոխվող Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իսրայելը պատրաստ են մրցակցության և պոտենցիալ հակամարտությունների․ The National Interest

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր միայն լարված ժպտալ Օվալաձև աշխատասենյակում ապրիլի 7-ին, երբ նախագահ Դոնալդ Թրամփն իր հիացմունքն էր արտահայտում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ և շնորհավորում Թուրքիային Սիրիան գրավելու կապակցությամբ: Նեթանյահուն առանձնապես հանգիստ տեսք չուներ նաև, երբ Թրամփը պնդում էր, որ ինքը կարող է «լուծել» Իսրայելի և Թուրքիայի միջև ցանկացած խնդիր, գրել է The National Interest-ը։

Աղբյուրները ենթադրում են, որ Թրամփը կարող է հանդիպել Սիրիայի նորանշանակ նախագահ և Ալ-Քաիդայի սիրիական մասնաճյուղի նախկին ղեկավար Ահմադ ալ-Շարաայի հետ: Այս քայլը, անշուշտ, անհանգստություն կառաջացնի Իսրայելում և ողջ տարածաշրջանում: Լայն ենթադրություններ կան, որ Թուրքիան գաղտնի աջակցում է ալ-Շարաային և Հայաթ Թահրիր ալ-Շամին (HTS): Այս խմբավորումը կառավարում է Սիրիան 2024 թվականի դեկտեմբերից՝  Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։

«Թերևս Թրամփը հույս ունի, որ Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում կարող է աջակցել ԱՄՆ-ի հակաահաբեկչական ջանքերին և զսպել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Բայց այս հույսերը չափից դուրս լավատեսական են։ Ամենայն հավանականությամբ, Ասադի անկումը և նրա փոխարեն ալ-Շարաայի հայտնվելը պարզապես մի խնդիրը կփոխարինի մյուսով: Հասկանալի է, որ Ասադի ռեժիմի տապալումը դրական զարգացում է Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի շահերի համար», – գրել է պարբերականն՝ ընդգծելով, որ Սիրիայում վերջին դեպքերը զգալիորեն թուլացրել են Իրանին և նրա «դիմադրության առանցքը», որը ձգտում է դուրս մղել ԱՄՆ ուժերը Մերձավոր Արևելքից։

Իրանի տարածաշրջանային ազդեցության արագ մարման պայմաններում ավանդական կարգը, կարծես, վերադառնում է: Էրդողանը, ով կապեր ունի «Մուսուլման եղբայրների» հետ և պաշտպանում է իսլամիստական հայացքները, հրահրում է սուննիների նոր ագրեսիան Իսրայելի դեմ այն ժամանակ, երբ արաբական սուննի երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ձգտում են կարգավորել հարաբերությունները հրեական պետության հետ։ Մարտի 31-ի ելույթում Էրդողանն աղոթել է Համասի և Իսրայելի կործանման համար։

Իսրայելը ձեռքերը ծալած չի մնացել այս պայմաններում, երբ Թուրքիան փորձում է ներխուժել Սիրիա։ Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր նա օդային հարվածներ է հասցրել և նույնիսկ ցամաքային գործողություններ է իրականացրել Սիրիայում՝ արգելելու համար Թուրքիայի մուտքը սիրիական ռազմական օբյեկտներ, ինչպիսին է Թադմորի T-4 ավիաբազան: Իսրայելը Անկարային հայտնել է, որ Սիրիայում թուրքական ռազմաբազայի հիմնումը կարմիր գիծ է համարում։

Իսրայելը նաև կապեր է կառուցում սիրիական դրուզների համայնքի հետ, որը կրոնական փոքրամասնություն է Սիրիայի հարավում։

Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Ադրբեջանում՝ մի երկիր, որը սերտ հարաբերություններ է պահպանում երկու պետությունների հետ՝ լարվածությունը թուլացնելու և Սիրիայում նրանց ռազմական գործողությունները կանխելու  համար: Ըստ հոդվածի՝ այնուամենայնիվ, միայն Միացյալ Նահանգներն ունի ուժ և ազդեցություն միջնորդելու երկու երկրների միջև, որոնք, կարծես թե, պատրաստ են մրցակցության և պոտենցիալ հակամարտությունների:

Թեև ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունների սրացումից խուսափելու Միացյալ Նահանգների ցանկությունը հասկանալի է, դա չպետք է վերածվի Թուրքիայի և Սիրիայում նրա վստահված անձի նկատմամբ փափուկ քաղաքականության:

Ռազմագերիներ