
Պատերազմի մասնակիցների մեդալները՝ Կառավարության շենքի աստիճաններին
44-օրյա պատերազմի մասնակիցներն իրենց մեդալները թողեցին կառավարության շենքի աստիճաններին: Ըստ ակցիայի մասնակից Արման Պետրոսյանի՝ պատասխանատուն կառավարությունն է, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի քաղաքական արտահայտությունից հետո տարածքային կորուստներ և զոհեր ենք ունեցել. «Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ազատության կորուստը ես զգացել եմ, երբ գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից: Ես և իմ ընկերները պայքարելու ենք մինչև վերջ և հասնենք նրան, որ հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին»,-ասել է նա:
44-օրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակից Հայկ Նավասարդյանի կարծիքով՝ ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում և իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար պայքարել են և ստացել այս մեդալներն ու շքանշանները:
Ալբերտ Թադևոսյանը 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, որից հրաժարվում է կառավարության «հրաշալի» քաղաքականության հետևանքով. «Ես չեմ ուզում կրել մեդալը, որովհետև հիմա այդ պայքարը չի արժևորում, չի կարևորում մեր իշխանությունը: Ադրբեջանն անընդհատ ինչ-որ պահանջներ է առաջ մղելու, քանի դեռ մեր իշխանությունը ցանկացած հաջորդ պահանջի առանց ինչ-որ խնդրի, առանց ինչ-որ դիմադրության ամեն ինչին համաձայնվում է: Դա սկիզբն է, մենք դեռ շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու. շուտով երևի դրանք էլ կիմանանք»:
«Գարեգին Նժդեհ» մեդալակիր է նաև Արման Մխիթարյանը։ «Եթե խնդիր կա քո հարազատներին, քո ազգակիցներին պաշտպանելու, պետք է լուծես։ Այլ հարց է, երբ գիտակցում ես, որ թշնամին և՛ թիկունքում է, և՛ առջևում, և՛ ամենուր»,-ասել է նա։