
«Քաղաքացիական պայմանագիր»-ն ամփոփեց Վաղարշապատի համայնքապետի ընտրության քարոզարշավը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Վաղարշապատում էին․ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներն ու մարզպետները եկել էին Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու։
«Ձեր աչքը վերջին յոթ տարիներին տեսել է հիմնանորոգված ճանապարհներ։ Հիշենք՝ ինչպիսին էր Երևան-Էջմիածին մայրուղու վիճակը, հիշենք, թե ինչպիսին էր մի քանի տարի առաջ Դողս-Աղավնատուն ճանապարհի վիճակը։ Հիշենք նաև, թե մի քանի ամիս առաջ ինչպիսին էր Զվարթնոցից Մասիս տանող ճանապարհի վիճակը»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ Արգիշտի Մեխակյանի ընտրությունը ենթադրելու է շարունակական աշխատանք բոլոր ոլորտներում։
Այնուհետև ելույթ ունեցավ Արգիշտի Մեխակյանը, որը ներկայացնում ենք կետերով․
- Խոյ համայնքի մեկ տասնյակից ավելի գյուղերում իրականացվել են բացօթյա մարզահրապարակների կառուցման աշխատանքներ, և դրանք շահագործվում են արդեն։
- Մի քանի մշակութային տներ են վերանորոգվել, հիմնանորոգվել, և առաջիկայում պլանավորվում է հիմնանորոգել Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տունը, որը հնարավորություն կտա լրացուցիչ մշակութային խմբակներ ունենալ։
- Սա պարզապես սովորական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չէ, սա ընտրություն է Եկեղեցու անվան տակ կեղծ քաղաքական օրակարգեր ունեցողների և մեր խոնարհված հազարամյա եկեղեցիները վերականգնողների միջև։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին:


