Երանի ամեն մարդ սիրեր իր քաղաքն այնպես, ինչպես սիրում էր Ազնավուրը
Մարտունին պաշտպանելիս հերոսաբար զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հետ ծանոթության և վերջինիս գործունեության որոշ դրվագների մասին գրառում է արել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Վահագն Խաչատրյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ազնավուրի հետ ծանոթացել եմ նախորդ ամռանը՝ շրջափակման օրերին, երբ չնայած ի հայտ եկած բոլոր դժվարություններին, մենք որոշեցինք ավելի համառ գտնվել ու Մարտունու պատանիների համար ամառային ճամբար կազմակերպել։
Շրջափակման արդյունքում առաջացած պաշարների սղությունը օր օրի ավելի էր սրվում․ այդ օրերին արդեն անհնար էր դառնում սնունդ, վառելիք գտնելը։ Մեզ համար անհավանական էր թվում 2 շաբաթ շարունակ 150 պատանու համար սնունդ ապահովելը և այդ փաստը ստիպում էր մեզ մեկ-մեկ մտածել որոշումից հետ կանգնելու մասին, սակայն Ազնավուրի հետ հանդիպումը վերջ դրեց մեր բոլոր մտահոգություններին։
Ճանապարհի մի մասը ոտքով, մյուս մասը պատահած եզակի մեքենաներում մի կերպ տեղավորվելով մենք հասանք Մարտունի՝ Ազնավուրի հետ քննարկելու ճամբարի կազմակերպման հնարավորությունը։ Ազնավուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունեց ճամբար կազմակերպելու մեր առաջարկը և միասին որոշեցինք, որ ճամբարը տեղի էր ունենալու։
Արդեն ճամբարի նախօրյակին Ազնավուրը կարողացավ գտնել այդ օրերին անհավանական թվացող՝ ձեթ, աղ, շաքարավազ, կաթնամթերք, այգեգործներին կարգադրեց բանջարեղեն ու միրգ ապահովել, հացի փռերին՝ հաց և ապահովեց վառելիք՝ այդ ամենը ճամբարի երեխաներին հասցնելու համար։ Թխվող հացի քանակը չէր բավարարում անգամ Մարտունու բնակիչներին, սակայն նա պնդում էր՝ առաջինը երեխաներն են։
Այն ամենը, ինչ-որ հնարավոր էր, նա փորձում էր անվճար տրամադրել, իսկ մեզ առաջարկում գումար խնայել և դրանով աշխուժացնել Մարտունու երիտասարդական կյանքը։ Մենք այդպես էլ արեցինք։ Այդ 2 շաբաթների ընթացքում, երբ շրջափակումը կաթվածահար էր արել կյանքն Արցախում, Մարտունիում կյանքը սկսել էր եռալ։ Մինչև կեսօր պատանիները իրենց ժամանակը անցկացնում էին ճամբարում, իսկ երեկոյան ժամերին մեր կողմից կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները՝ ֆիլմի դիտումները, ազգային երգ ու պարը Մարտունու հրապարակում էր հավաքում մեծ ու փոքրին եւ մռայլ օրերի մեջ ժպիտ էր առաջանում մարդկանց դեմքերին։
Շրջափակման դաժան օրերի ու մեր ապրումների մասին որոշել էի ոչ մի բան չգրել, որպեսզի ոչ մի հիշողություն չմնար մեզ, այն սպասումով, որ խավարին անպայման պիտի հաջորդեր պայծառ արևածագը։ Արևածագն այդպես էլ չեկավ, սակայն, եթե ես գրի առնեի այդ մտքերը, դրանց շարքում անպայման կլիներ «Երանի Արցախի ամեն մի համայնք իր Ազնավուրն ունենար» միտքը, որ այդ օրերին կիսել էի ընկերներիս հետ։
Եվ իսկապես, երանի ամեն մարդ սիրեր իր քաղաքն ու գյուղն այնպես, ինչպես սիրում էր Ազնավուրը։ Նա ապրում էր Մարտունու հոգսերով ու խնդիրներով ու նույնիսկ կյանքը չխնայեց հարազատ քաղաքի համար։
Այսօր, երբ Ազնավուրի շիրիմին տեսա մարտունեցի պատանիների արցունքով լցված աչքերը, հասկացա, որ Ազնավուրը սերունդների համար դարձել է հայրենիքն անմնացորդ սիրելու և նրա համար կյանքն անգամ չխնայելու վառ օրինակ»: