«Ակադեմիական քաղաք»-ը մտավորականների արտագաղթի պատճառ է դառնալու․ կրթության ոլորտի մասնագետ
«Ակադեմիական քաղաք» նախագծի ստեղծման հանձնախումբը ձևավորված է այնպիսի մարդկանցից, որոնք գիտության հետ առնչություն չունեն: Ինչպիսի՞ որոշում պետք է կայացնի այդպիսի հանձնախումբը, որ չի վնասի Հայաստանի կրթությանը։ ABC media-ի հետ զրույցում ասել է Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
««Ակադեմիական քաղաք»-ի նախագծի վտանգները առաջին հերթին նկատում են գիտնականները, որովհետև նրանցից շատերը մաս են կազմում այդ գիտական ոլորտի ստեղծմանը։ Նախագծի քննարկման ընթացքում երբևէ չի հրավիրվել դասախոս, պրոֆեսոր կամ ուսանող, նրանց կարծիքը չեն լսել, հաշվի չեն առել։ Հակառակը՝ հիմնադրամը ունի աշխատակազմ, որտեղ ընդգրկված մարդիկ, չգիտես՝ ինչու, մեծ գումարներ են ստանում։ Այդ մարդիկ, նորից եմ կրկնում, գիտության ոլորտում հետագիծ չունեն»,- նշում է Ատոմ Մխիթարյանը։
Տրամաբանություն ունեցող մարդը այս փաստից համոզվում է, որ գործընթացը ձև է՝ առանց բովանդակության՝ ասում է Մխիթարյանը։ Եթե «Ակադեմիական քաղաք» նախագիծը իրագործվի, լինելու է ոչ թե ակադեմիական քաղաք, այլ ուրվականների քաղաք։
«Լավագույն դեպքում ունենալու ենք գեղեցիկ շենքեր, ասֆալտապատ փողոցներ ու վերջ։ Այդ քաղաքում որևէ մեկը սովորելու չի գնա։ Մենք այսօր ունենք պահպանված մշակույթ, գիտական մտավորականություն, որոնք տալիս են պիտանի պրոդուկտ։ Ինչու՞ եք քանդում՝ ունեցածը լավացնելու փոխարեն»։
Մասնագետը չգիտի՝ բուհերի օպտիմալացումը ունեցածը քանդելուց բացի, ուրիշ ի՞նչ նպատակ ունի․ բարելավելու՞ է կրթական որակը, միջազգայնացում ստանալո՞ւ է, օտար լեզվո՞վ է կազմակերպվելու դասապրոցեսները։ Իհարկե ոչ՝ համոզված է կրթության ոլորտի փորձագետը։
Հիշեցնենք՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը, հակառակ մտավորականների դժգոհությունը, հաստատվել է 2023 թվականին։ Այն նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Աշտարակ գյուղում։
«Ակադեմիական քաղաք» կառուցելու համար կառավարությունը որոշել է Երևանում տեղակայված բուհերը տեղափոխել Աշտարակ քաղաք։