Ոսկեպարցիների՝ բնակավայրը լքելը մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց կլինի․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այո՛, խնդրահարույց կլինի, եթե ոսկեպարցիները լքեն բնակավայրը։ Այլ հարց է՝ ով է պատասխանատու այդ իրավունքի խախտման համար. լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Պատասխանատու սուբյեկտների ամրագրման հարցը փոքր-ինչ այլ է։ Այսինքն՝ պետք է տեղի ունենան համակողմանի վերլուծություն և ուսումնասիրություններ։ Ուզում եմ արձանագրել՝ տարեկան հաշվետվությունում հատուկ անդրադարձել ենք սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների խնդիրներին։ Մենք նշել ենք, որ այդ մարդկանց իրավունքները խախտվում են հիմնականում ադրբեջանական զինծառայողների առկայության պատճառով։ Դա ենթադրում է, որ հայաստանյան պետական իրավասու մարմինները պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք, որից հետո ոսկեպարցիները սկսել են ցույցեր կազմակերպել՝ գյուղը Ադրբեջանին չհանձնելու համար։
Երեկ՝ ապրիլի 3-ին, ոսկեպարցիները նամակ-պահանջ են ուղարկել Փաշինյանին ու անհամաձայնություն հայտնել տարածքների հնարավոր զիջումներին։
«Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին»,- ասել են ոսկեպարցիները։