25 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այնպես, ինչպես F-16 կործանիչների դեպքում․ ինչո՞ւ է Թուրքիան ցանկություն հայտնել միանալ BRICS-ին

Այնպես, ինչպես F-16 կործանիչների դեպքում․ ինչո՞ւ է Թուրքիան ցանկություն հայտնել միանալ BRICS-ին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում BRICS-ին միանալու ցանկության մասին հայտարարությունը կարող է ունենալ մի քանի իմաստ։ Սա կարող է նույնիսկ չնշանակել, որ Թուրքիան պատրաստ է նման քայլի, քանի որ թուրքական իշխանությունները հայտնի են դիվանագիտական ​​խաղեր խաղալու ունակությամբ։ Թուրքիայի գլխավոր դիվանագետի հայտարարության պատճառները EurAsia Daily պորտալում հրապարակված իր հոդվածում փորձել է վերլուծել ռուսական Հյուսիսային Կովկասի համալսարանի փորձագետ Սերգեյ Ռեշետնյակը։

Նրա կարծիքով՝ այս հայտարարությունը կարող է լինել ոչ այլ ինչ, քան ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա ազդելու փորձ՝ լուծելու իրենց խնդիրները, որոնք այս կամ այն ​​պատճառով անորոշ վիճակում են։ Թուրքիան միտումնավոր ֆլիրտ է անում իր արևմտյան դաշնակիցների աշխարհաքաղաքական հակառակորդների հետ՝ այդ դաշնակիցներին ավելի զիջող դարձնելու համար, ինչպես դա եղավ F-16 կործանիչների մատակարարման դեպքում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը հաստատելու դիմաց։ Շվեդներին ներս չթողնելու սկզբունքային դիրքորոշումը, որոնք հաճախ էին դեմ արտահայտվում Թուրքիայի ներկայիս իշխանություններին, պարզվեց, որ այնքան էլ սկզբունքային չէր այն բանից հետո, երբ ամերիկացիները որոշեցին պայմանագիր կնքել թուրքերի հետ՝ նոր ինքնաթիռների մատակարարման և արդիականացման համար։

Ռեշետնյակը հիշեցնում է  Ֆիդանի խոսքերը առ այն, որ «BRICS-ը կարող է լավ այլընտրանք լինել ԵՄ-ին, որին  Թուրքիային թույլ չեն տալիս անդամակցել 1999 թվականից։ Շատ հնարավոր է, որ BRICS-ին միանալու ցանկության մասին հայտարարությունը իրականում ԵՄ-ին անդամակցելու հարցը առաջ տանելու գործիք է, անդամակցություն, որը, ի դեպ, նույնպես թուրքերին խոստացել էին Շվեդիայի դիմումը հաստատելու դիմաց։

Ըստ հոդվածագրի, ակտուալ է նաև F-35 ինքնաթիռների հարցը, որը ամերիկացիները նույնպես հրաժարվում են տրամադրել թուրքերին և նույնիսկ փորձում են նրանցից մեծ գումարներ պոկել այս հարցում։ Իսկ  Թուրքիան ներկայումս ավիացիայի խիստ կարիք ունի՝ հաշվի առնելով տարածաշրջանի անկայունությունը: Իսկ նրա ավիացիան այսօր իր հզորությամբ զիջում է իսրայելականներին, որոնք ունեն նույն  F-35 ինքնաթիռները։ Իսկ Թուրքիան ամենևին էլ չի բացառում Իսրայելի հետ հնարավոր առճակատումը։

Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, եթե մի կողմ դնենք պաշտոնական Անկարայի դիվանագիտական ​​խաղերը և հարցին նայենք տնտեսական տեսանկյունից, ապա BRICS-ին միանալու որոշումը միակ ճիշտն է թվում Թուրքիայի համար․ Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում, և դեռ չի ստացվում այն դուրս բերել ճգնաժամից։ Հույս դնել Եվրոպայի վրա, որի հետ թուրքերն ունեն միասնական մաքսային միություն, գործնականում այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ համաձայնագիրը թույլ է տալիս եվրոպական ապրանքների ազատ մատակարարումը Թուրքիա, բայց Եվրոպայում թուրքական ապրանքների հետադարձ պահանջարկ չկա։  Ընդհակառակը, հիմնական գործընկերներն ավելի ու ավելի մեծ տեմպերով դառնում են BRICS-ի երկրները և ԵԱՏՄ-ն։ Բայց դրանց հետ  էլ մաքսային սահմանափակումներ կան, ինչը կործանարար է Թուրքիայի տնտեսության համար։

Թուրքիայում մեծ կախվածություն կա ԱՄՆ դոլարից և եվրոյից։ Արդյունքում թուրքերը ստիպված են եղել զգալիորեն նվազեցնել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը ամերիկացիների բացահայտ սպառնալիքներից հետո, քանի որ  չունեն ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու արդյունավետ մեխանիզմներ։ Նրանց ֆինանսական շուկաները, բանկային համակարգը և այլ ֆինանսական հաստատություններ այժմ լրջորեն ինտեգրված են արևմտյան ֆինանսական համակարգում, ինչը Արևմուտքին արդյունավետ լծակներ է տալիս թուրքական կառավարության և ֆինանսական միջավայրի վրա ազդելու համար: