26 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանների կապրիզն էր, չթողեցին մարդիկ անցնեն փողոցով․ Իրավապաշտպանը՝ Դեմիրճյան փողոցը փակ պահելու մասին

Ոստիկանների կապրիզն էր, չթողեցին մարդիկ անցնեն փողոցով․ Իրավապաշտպանը՝ Դեմիրճյան փողոցը փակ պահելու մասին

Հինգ իրավապաշտպանների խմբից իրավապշտպան Սերգեյ Հարությունյանն է Բաղրամյան պողոտայում ամփոփել անցնող երեք օրերը, որոնք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները անցկացնում են փողոցում։

«Եթե մի բառով ձևակերպենք երեք օր առաջ ոստիկանության գործողությունները, ապա դրանք նրանց կամակորությունն էր, կապրիզն էր։ Ճանապարհը կտրուկ փակեցին և չթողեցին շարժման մասնակիցներին անցնել այդ ճանապարհով։ Այդպես էլ չկարողացան որևէ հիմնավորում ներկայացնել, երբ մեր կոլեգաները հիմնավոր կերպով հակադարձում էին, ոստիկանները լռեցին, ասեցին՝ դե հիմա էդպես է։ Ստացվում է՝ դա կապրիզ է։ Բարեբախտաբար շարժման առաջնորդների և ժողովրդի ողջախոհության շնորհիվ որևէ բախում չեղավ, որովհետև ոստիկանական բիրտ պահվածքի պահին կարող էր վիճակը սրվել»,-ABCmedia-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Արդեն երրորդ օրն է ոստիկանները փակ են պահում Դեմիրճյան փողոցը, որի հիմնավոր պատասխանը չեն տվել։

«Լիարժեք հիմնավորում չկա, իբր թե իրենք հսկում են պետական կառույցները, տվյալ դեպքում ԱԺ-ն, բայց տրամաբանություն չկա հիմնավորման մեջ, որովհետև ԱԺ-ն ունի նաև այս կողմից մուտք, նախագահականն է նաև այստեղ, թեպետ նախագահականին, երևի, լուրջ արդեն չեն ընդունում»,-նշել է իրավապաշտպանը։

Հարությունյանն ասել է, որ ոստիկանների մեծ թիվը պայմանավորված է վախի մթնոլորտ ստեղծելու համար։

«Բացի նրանից, որ որևէ հիմնավորում չեն կարողացել ներկայացնել, նաև որևէ մտավախություն չի կարող լինել, որովհետև հիմա տեսնում եք՝ ինչպիսի լուսավոր մթնոլորտ է, այն դրական էմոցիաները, որ կա այստեղ արդյոք տեսախցիկը կարո՞ղ է փոխանցել, թե՞ ոչ, բայց որևէ բռնության մասին չի կարելի կասկածել, հատկապես, որ բազմաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան այստեղ ներդրված։ Շատերին դեմքով  ճանաչում ենք, շատերը պարկեշտ անձիք են, բայց սխալ է, որ այստեղ իրենք են, որովհետև դա կասկած է առաջացնում մարդկանց մոտ։ Կարող են մտածել, որ ոստիկանները որևէ պահի հնարավոր է սադրիչ գործողություններ անեն, ինչը տեսականորեն հնարավոր է։ Օրենքի  տեսանկյունից ճիշտ կլիներ, որ չլինեին առանց համազգեստի ոստիկաններ։ Շատ ենք տեսնում, որ ոստիկանների թիվը ոչ ադեկվատ քանակի է հասնում հաճախ։ Գիշերային ժամերի, ինչ-որ տաօրինակ կերպով քչանում են ոստիկանները, չգիտեմ՝ դա սադրիչ քայլ է, թե այլ բան, չեմ կարող ասել։ Գուցե փորձում են հասկանալ՝ այդ պարագայում մարդիկ գործողություններ կանե՞ն, թե՞ ոչ։ Այստեղ բռնություն չի կարող լինել, որովհետև այստեղ են հայրենասեր, մաքուր մարդիկ, որոնք ցավում են հայրենիքի ամեն կորցրած քառակուսու համար ու փորձում է բան փոխել երկրում, որ իրենց երեխաներն այստեղ ապրեն»,-հայտարարել է իրավապաշտպանը։