21 Նոյ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աֆրիկացին փորձել է փորի մեջ Բրազիլիայից «կոկաին» ներմուծել ՀՀ. ՊԵԿ-ը կանխել է փորձը

Աֆրիկացին փորձել է փորի մեջ Բրազիլիայից «կոկաին» ներմուծել ՀՀ. ՊԵԿ-ը կանխել է փորձը

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծման փորձը ՀՀ։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ թմրամիջոցը փորձելու են Հայաստան ներմուծել Բրազիլիայից օդային ճանապարհով, և ՊԵԿ աշխատակիցները պարզել են այդ անձի հնարավոր ինքնությունը։

«Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։ Քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ»,– ասված է հաղորդագրությունում։

«Արմենիա» ԲԿ–ից Ջ․Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով իրականացվելու են տարբեր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Այսպիսով, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի:

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։

Դատարանի որոշումների համաձայն 3 քաղաքացին էլ կալանավորվել են։