Զենքի 100 խոշորագույն արտադրողների եկամուտները 2023 թվականին հասել են 632 միլիարդ դոլարի
Զենքի արտադրության 100 խոշորագույն ընկերությունների եկամուտներն անցյալ տարի կազմել են 632 միլիարդ դոլար՝ 2022 թվականի համեմատ աճելով 4,2 տոկոսով, նշվել է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։ Փորձագետների կարծիքով՝ միտումը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2024 թվականին։
Փորձագետները արձանագրել են զենքի վաճառքից եկամուտների աճ բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում։ Դա պայմանավորված է Ուկրաինայում, Գազայում հակամարտությունների, Արևելյան Ասիայում լարվածության աճով և բանակի վերազինման ծրագրերից բխող նոր պահանջարկով:
2023 թվականին զենք արտադրող խոշորագույն արտադրողները (թոփ 100) ավելացրել են արտադրությունն ու եկամուտները՝ 2022 թվականին անկումից հետո: Այս ցուցակում հայտնված ընկերությունների գրեթե երեք քառորդը ցույց է տվել տարեկան եկամուտների աճ, ընդ որում՝ նրանցից շատերը գտնվում են վարկանիշի վերջին հորիզոնականներում:
SIPRI-ի զեկույցում նշվել է, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ տվյալները սահմանափակ են, քանի որ շատ ընկերություններ 2014 թվականից ի վեր դադարեցրել են ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը։ Ուստի՝ զեկույցում ներկայացված է միայն ռուսական ռազմական արդյունաբերության վիճակի ընդհանուր ակնարկ։ Նախկինում լավագույն 100-ում հայտնված ընկերություններից՝ High Precision Complexes, KRET, Ruselectronics, Russian Helicopters, UAC, UEC և Uralvagonzavod-ը շարունակում են հրապարակել տվյալները։ Նրանք բոլորը մտնում են «Ռոստեկ» պետական կորպորացիայի մեջ, որի ֆինանսական ցուցանիշները մասամբ հասանելի են։ Միացյալ նավաշինական կորպորացիան (USC), որը զբաղեցրել է 41-րդ տեղը, նույնպես հրապարակում է տվյալներ և ցույց է տալիս եկամուտների 40% աճ:
Թոփ 100-ից 41 ամերիկյան ընկերությունների եկամուտը կազմում է 317 միլիարդ դոլար, ինչը 2,5%-ով ավելի է, քան 2022 թվականին, և կազմում է վարկանիշի բոլոր արտադրողների եկամուտների գրեթե կեսը: 2018 թվականից առաջին հինգ տեղերը զբաղեցնում են բացառապես ամերիկյան ընկերությունները։
Այսպիսով, լավագույն 100-ում ընդգրկված ԱՄՆ 41 կոնցեռններից 30-ը 2023 թվականին ավելացրել են արտադրությունը։ Սակայն երկու խոշոր արտադրողները՝ Lockheed Martin-ը և RTX-ը, անկումներ են ապրում: SIPRI-ի փորձագետները դա հիմնավորել են մատակարարման բարդ շղթաներից կախվածությամբ՝ հատկապես ավիացիոն և հրթիռային ոլորտում:
100 առաջատար 27 եվրոպական ընկերությունների մասնաբաժինը (առանց ռուսականների) կազմել է 122 մլրդ դոլար, ինչը 0,2%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սա ամենացածր ցուցանիշն է աշխարհի տարածաշրջանների մեջ։ Կոմպլեքս սպառազինության համակարգերն ունեն երկար սպասարկման ժամկետներ, ինչը նրանց արտադրությունն ավելի քիչ ճկուն է դարձնում պահանջարկի փոփոխություններին: Դրանով է բացատրվում զենքի վաճառքից ստացված ցածր եկամուտը՝ չնայած նոր պատվերների ավելացմանը։ Այնուամենայնիվ, որոշ կոնցեռններ, ինչպիսիք են գերմանական Rheinmetall-ը, կարողացել են ավելացնել եկամուտները՝ պայմանավորված Ուկրաինայի հակամարտության հետ պահանջարկով:
Ասիայից և Օվկիանիայից 23 ընկերությունները, որոնք ներառված են SIPRI-ի զեկույցի 100-յակում, կազմել են ընդհանուր եկամտի 5,7%-ը կամ $136 մլրդ։