08 Հուն
2025
4.3° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է մետապնևմավիրուսը և ինչպե՞ս խուսափել վարակվելուց

Ի՞նչ է մետապնևմավիրուսը և ինչպե՞ս խուսափել վարակվելուց

Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով. տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ՝ ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ Խուսափել սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ, պարբերաբար մաքրել և ախտահանել ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները, պարբերաբար օդափոխել տարածքները, պատվաստվել գրիպի դեմ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձել է այս վիրուսին, որն այս օրերին լայնորեն տարածվում է Չինաստանում։

«Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում։

Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:

Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:

Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է»,-գրել է նա։

Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում: