23 Հուն
2025
2.3° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի խորհուրդը պետք է աջակցի մարդու իրավունքներին և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին․ Euobserver

Եվրոպայի խորհուրդը պետք է աջակցի մարդու իրավունքներին և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին․ Euobserver

Երբ 2001 թվականին Ադրբեջանը ընդունվեց Եվրոպայի խորհուրդ,  դա դիտվեց որպես կառուցողական միջոց՝ աջակցելու երկրի առաջընթացին դեպի ժողովրդավարություն: Ինչպես բոլոր անդամները, նրա ընդունումն ուղեկցվում էր որոշակի պարտավորություններով՝ պահպանել բազմակարծության ժողովրդավարության չափանիշները, հարգել օրենքի գերակայությունը և պաշտպանել մարդու իրավունքները, գրել է Euobserver-ը:

Վերջին մոտ 25 տարիների ընթացքում, սակայն, Ադրբեջանի իշխող վարչակարգը մշտապես չի կատարել այդ պարտավորությունները: Փոխարենն անշեղորեն աշխատել է ամրապնդելու նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը՝  ճնշելով ընդդիմությունն ու այլախոհությունը և սահմանափակելով քաղաքացիական հասարակությունը:

Անցյալ հունվարին Եվրոպայի խորհուրդը ճանաչել է այս ձախողումները՝  հրաժարվելով վավերացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը։

Այս աննախադեպ քայլը մասնավորապես վերաբերում էր երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացմանը։ Քանի որ ԵԽԽՎ-ն վերսկսում է իր ձմեռային նստաշրջանը հունվարի վերջին, Ադրբեջանը կրկին հնարավորություն կունենա պատվիրակություն ներկայացնելու։ Այնուամենայնիվ, անցյալ տարվա հետադարձ հայացքը միանշանակ ցույց է տալիս, որ նախագահ Ալիևը չի կարողացել անդրադառնալ ԵԽԽՎ-ի մտահոգություններին և բարելավել մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում: Իրավիճակը, փաստորեն, զգալիորեն վատթարացել է։

Նշվել է, որ տեղի քաղաքացիական հասարակության ակտիվիստները 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ արձանագրել են երկրում առնվազն 331 քաղբանտարկյալների, այդ թվում՝ 25 լրագրողի։ Նրանց թվում են Abzas Media-ի, Toplum TV-ի և Meydan TV-ի անդամները՝ բոլոր անկախ լրատվամիջոցները, որոնք հաղորդել են Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին: Եթե, ինչպես և սպասվում է, կեղծ դատավարությունները հանգեցնեն դատավճռի, այս լրագրողները կբախվեն հետևանքների նույնիսկ իրենց պատիժը կրելուց հետո։ ԶԼՄ-ների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի սկզբին, թույլ է տալիս կառավարությանն արգելել լրագրողների հավատարմագրումը, եթե նրանք ունեն քրեական անցյալ՝ փաստացի ստիպելով այդ անձանց կորցնելու իրենց ապրուստի միջոցները կամ հեռանալ երկրից։ Այժմ, երբ ուշադրությունը շեղվել է անցյալ տարի նոյեմբերին Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից՝ COP29-ից, բռնաճնշումները ուժեղացել են: Ո՛չ նախագահ Ալիևի վերջին հռետորաբանությունը, ո՛չ նրա գործողությունները ցույց չեն տալիս, որ Ադրբեջանը համապատասխանում է ԵԽԽՎ-ին վերամիավորվելու համար պահանջվող չափանիշներին:

Սակայն միջազգային հանրությունը չպետք է ձեռքերը ծալած նստի։ «Այդ նպատակով՝ ԵԽԽՎ անդամները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր գործիքներն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Սա ներառում է Ադրբեջանի հավատարմագրերի կասեցման հաստատումը և դրանց վերականգնման հստակ չափանիշների սահմանումը։ ԵԽԽՎ-ն նաև պետք է նորացված Գործողությունների ծրագրով ապագա ֆինանսավորումը պայմանավորի այդ չափանիշներին հասնելու առաջընթացով», – գրել է Euobserver-ը՝ շեշտելով, որ Եվրոպան այլևս չի կարող աչք փակել Ադրբեջանի՝ ավտոկրատական պետության վերածվելու վրա։ Ժամանակն է Բաքվին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոլորտում իր ողբերգական վիճակի համար: