
Էրդողանն ապացուցել է՝ ոչ միայն ԱՄՆ-ի հակառակորդն է, այլև արևմտյան քաղաքակրթության էքզիստենցիալ սպառնալիքը. բաց նամակ՝ Թրամփին
Քրիստոնյա քարոզիչ, Ավետարանական եկեղեցու ամերիկացի հովիվ Ջոել Թեննին բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կաբինետի անդամներին:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապացուցել է, որ ինքը ոչ միայն ԱՄՆ-ի հակառակորդն է, այլև՝ բուն արևմտյան քաղաքակրթության էքզիստենցիալ սպառնալիքը. Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հավակնությունները զուտ ազգայնական առաջնորդի հավակնություններ չեն, ով ձգտում է տարածաշրջանային ազդեցության. Դրանք արմատական իսլամիստական տեսլականով իմպերիալիստի նպատակներն են, ով ձգտում է տիրել, ենթարկել և արմատախիլ անել բոլոր նրանց, ովքեր չեն խոնարհվում նրա գաղափարախոսության առաջ: Էրդողանը բացահայտորեն պատկերել է իր ագրեսիան սուրբ պատերազմի լեզվով: 2020 թվականին Կովկասում Թուրքիայի ռազմական արշավի ժամանակ նա հայտարարեց. «Ղարաբաղի վրայով կրկին կիսալուսին է բարձրացել»:
Սրանք խաղաղության ձգտող պետական գործչի խոսքեր չեն, դրանք իսլամիստ խաչակիրի միահամուռ ճիչերն են, ով պատկերացնում է քրիստոնեական քաղաքակրթությունների մոխրի վրա կառուցված նեոօսմանյան կայսրություն: Էրդողանի իշխանության ներքո Թուրքիան բորբոքել է պատերազմն ու ցեղասպանությունը:
Նա լիովին աջակցել է 2020 թվականին Ադրբեջանի ներխուժումն Արցախ (Լեռնային Ղարաբաղ), որը հանգեցրել է ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց բնիկ հայրենիքից։ 2023-ին՝ անխնա շրջափակման տակ ինը ամիս սովից հետո, Արցախի մնացած հայերը բռնությամբ արտաքսվեցին՝ էթնիկ զտումների արշավ, որն իրականացվեց թուրքական անօդաչու թռչող սարքերով, թուրքերի կողմից պատրաստված զինվորներով և թուրքական զենքերով։ Սա բնաջնջման պատերազմ էր ոչ միայն մի ժողովրդի, այլ հենց քրիստոնեության դեմ: Կովկասից դուրս Էրդողանն իր արյունալի տիրույթն է տարածել ողջ Մերձավոր Արևելքում։ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները հանգեցրել են հարյուր հազարավոր քրիստոնյաների, եզդիների և քրդերի տեղահանմանը։
Թուրքիան աջակցում է ջիհադիստական խմբավորումներին, որոնք պատասխանատու են անասելի վայրագությունների համար, ներառյալ քրիստոնեական համայնքների ջարդը և նրանց հնագույն եկեղեցիների ոչնչացումը: Սիրիայի հյուսիսում քաղաքները, որոնք մոտ երկու հազարամյակ քրիստոնյաների տուն էին, գրավեցին Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը, որոնք թալանեցին և այրեցին եկեղեցիները՝ բարձրացնելով Էրդողանի ընդլայնվող խալիֆայության դրոշը: Իրաքում Թուրքիան օդային հարվածներ է հասցրել, որոնց զոհ են դարձել քրիստոնյա խաղաղ բնակիչները: Լիբիայում Թուրքիան զինել է իսլամիստ զինյալներին։ Կիպրոսում Էրդողանը բացահայտորեն կոչ է անում մշտական թուրքական օկուպացիա իրականացնել։ Նրա նպատակը պարզ է՝ իսլամացնել և թուրքացնել յուրաքանչյուր շրջան, որը նա համարում է իր ազդեցության գոտում: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերագնահատի իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ոչ մի ժողովուրդ, որը ֆինանսավորում է ահաբեկչությունը, զբաղվում է էթնիկ զտումներով և պատերազմում քրիստոնյաների դեմ, չպետք է դաշնակից համարվի։ Էրդողանը ՆԱՏՕ-ն օգտագործել է որպես վահան՝ թաքնվելով նրա դրոշի հետևում, մինչդեռ պատերազմ է մղում հենց այն արժեքների դեմ, որոնք հիմնադրվել են պաշտպանելու համար։ Ժամանակն է դուրս գալ ՆԱՏՕ-ից և խզել բոլոր կապերը այս պետության կողմից աջակցվող ահաբեկիչների հետ:
Նախագա՛հ Թրամփ, դուք արդեն մեկ անգամ զգուշացրել եք Էրդողանին՝ ասելով. «Մի՛ եղիր կոշտ տղա։ Հիմար մի՛ եղիր»: Դուք նրան հիշեցրեցիք, որ անհրաժեշտության դեպքում՝ կարող եք «ոչնչացնել թուրքական տնտեսությունը»: Այժմ, ժամանակն է հետևել դրան: Եթե ԱՄՆ-ը թույլ տա Թուրքիային շարունակել անվերահսկելի պահվածքը, պատմությունը դա կհիշի որպես այն պահը, երբ ազատ աշխարհը կանգնած էր, մինչ քրիստոնեությունը արմատախիլ էր արվում իր հնագույն հողերում: Պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության կանչի Թուրքիային:
Արդարություն պետք է իրականացվի արցախահայության համար: Արդարությունը պետք է իրականացվի Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների համար: Էրդողանի անխիղճ փառասիրությամբ ավերված յուրաքանչյուր անմեղ կյանքի համար պետք է արդարադատություն իրականացվի: Դիվանագիտական կիսաքայլերի ժամանակն անցել է: Գործելու ժամանակը հիմա է»: