
Բաքուն արդեն 6-րդ օրն է հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Երևանը հերքում է
ՀՀ ՊՆ-ն վերջին օրերին 13-րդ անգամ է հերքում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։