
Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ հանրաճանաչ անձինք
Դոմինիկյան Հանրապետության գիշերային ակումբներից մեկում տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, ավելի քան 150 մարդ վիրավորվել է․ հայտնել է BBC-ին։
Մահացածների թվում է հայտնի բեյսբոլիստ Օկտավիո Դոտելը։ Փրկարարները նրան փլատակների տակից դուրս են բերել, սակայն նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր է ժամանել երկրի նախագահ Լուիս Աբինադերը, ով ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին։
Սանտո Դոմինգոյի Jet Set գիշերային ակումբի տանիքը հանկարծակի փլուզվել է երգիչ Ռուբբի Պերեսի ելույթի ժամանակ: Երաժշտի դստեր խոսքով՝ փլատակների տակ է եղել նաև հայրը. փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել նրան։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փլուզման պահին գիշերային ակումբում մոտ հազար մարդ կարող էր լինել։
Փրկարար ծառայության տնօրեն Խուան Մանուել Մենդեսի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել։ Նրա խոսքով՝ փլատակների տակ դեռ շատ զոհեր կան։ Նա հույս է հայտնել, որ նրանք կարող են փրկվել։
Որոնողական աշխատանքներն իրականացնում են մոտ 400 փրկարարներ։
Jet Set-ը հայտնի գիշերային ակումբ է Սանտո Դոմինգոյում։ Ռուբբի Պերեսի համերգին եկել էին հայտնի քաղաքական գործիչներ, մարզիկներ և այլ հայտնիներ։ Զոհվածների թվում է նաև Մոնտե Քրիստի նահանգի նահանգապետ Նելսի Կրուզը, ով ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։
Ակումբի ներսում տանիքի փլվելուց քիչ առաջ արված տեսանյութում երևում է, որ մարդիկ նստած են բեմի դիմացի սեղանների մոտ, իսկ ոմանք պարում են: Դոմինիկյան Հանրապետությունը Կարիբյան ավազանի ամենահայտնի զբոսաշրջային երկրներից մեկն է: Անցյալ տարի, ըստ երկրի իշխանությունների, այն այցելել է մոտ 11 մլն զբոսաշրջիկ։