22 Ապր
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ կհաջորդի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին․ առաջիկա շաբաթներին կհավաքվի կոնկլավ՝ նոր պոնտիֆիկոս ընտրելու համար

Ո՞վ կհաջորդի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին․ առաջիկա շաբաթներին կհավաքվի կոնկլավ՝ նոր պոնտիֆիկոս ընտրելու համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկանում, ինչը նշանակում է, որ շուտով կոնկլավ կհրավիրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի ընտրության համար։ Թե ո՞վ կարող է դառնալ հաջորդ Հռոմի Պապը, կանխատեսել է Politico պարբերականը։

Ինչպես նշվել է, ակնկալվում է, որ քվեարկությունը կսկսվի Պապի հուղարկավորությունից երկու-երեք շաբաթ անց, երբ Վատիկանի Սիքստինյան կապելլայում կհավաքվեն կարդինալները՝ սկսելու նոր Պապի ընտրության խիստ գաղտնի գործընթացը: Տեսականորեն, ցանկացած մկրտված տղամարդ՝ հռոմեական կաթոլիկ, կարող է դառնալ Պապ, սակայն վերջին 700 տարիների ընթացքում Պապը միշտ ընտրվել է կարդինալներից:

Հաղթող ընտրելը հեշտ չէ։ 2013-ի վերջին կոնկլավի ժամանակ կարդինալ Խորխե Բերգոլիոն հեռու էր Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին հաջորդելու ֆավորիտ լիելուց: Այնուամենայնիվ, նա դարձավ Հռոմի պապ 24 ժամ և քվեարկության հինգ փուլից հետո:

Վատիկանի դիտորդներն արդեն սկսել են շահարկել պոտենցիալ իրավահաջորդների անունները դեռ այն ժամանակ, երն պոնտիֆիկոսի առողջական վիճակը վատացել էր:

Հաջորդ պոնտիֆիկոսը կժառանգի խորապես պառակտված եկեղեցի, որը պայքարում է գաղափարական լարվածության հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԼԳԲՏՔ+ ընդգրկումը և կղերական չարաշահումները, միաժամանակ նավարկում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտում, որը պատված է տարածքային և մշակութային հակամարտություններով։

Ինչպես նշվել է, 266 պապերից 217-ը եկել են Իտալիայից, բայց վերջին երեքը Վատիկանի ծագում չեն ունեցել։

Իտալացի կարդինալ 70-ամյա Պիետրո Պարոլինը, ով Վատիկանի պետքարտուղարն է և Ֆրանցիսկոսի տեղակալը 2013 թվականից, կարող է դիտվել որպես Ֆրանցիսկոսի բնական ժառանգորդը։ Նրան հանձնարարված է եղել իրականացնել Պապի բարեփոխումները, և նա եղել է դիվանագիտության շարժիչ ուժը:

Նա վճռորոշ դեր է խաղացել Սուրբ Աթոռի և Չինաստանի միջև հարաբերությունների վերականգնման և Պեկինի հետ համատեղ չինացի եպիսկոպոսներ նշանակելու համաձայնագրի ստորագրման գործում: Նա դիտվում է որպես առաջադեմ։ Մեծ դեր է ստանձնել Պապի հիվանդության ժամանակ՝ ղեկավարելով նրա ապաքինման համար աղոթքի նիստը, որը որոշների կողմից դիտվում էր որպես նախընտրական անվայել հայտ:

Այնուամենայնիվ, Պարոլինը համարվում է չափազանց բյուրոկրատական և չունի հանգուցյալ Պապի խարիզման:

Մեկ այլ թեկնածու է կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալան, ով Երուսաղեմի Լատինական պատրիարքն է: Պիցցաբալան, ով ավելի քան երեք տասնամյակ ապրել է Սուրբ երկրում, խոսում է եբրայերեն և խոստովանել է, որ «անհրաժեշտության» դեպքում խոսում է Համասի հետ, Մերձավոր Արևելքում հեղինակություն է, ինչը կարող է առավելություն լինել:

Այդուհանդերձ, նա փոքր-ինչ երիտասարդ է Հռոմի պապ լինելու համար, քանի որ կարդինալները չեն ցանկանում ընտրել այնպիսի առաջնորդի, որը, հավանաբար, կմնա մի քանի տասնամյակ:
Եթե կարդինալները կրկին ընտրեն ոչ եվրոպացի, ֆիլիպինցի կարդինալ Լուիս Թագլը կարող է առաջատար լինել: Մանիլայի 67-ամյա նախկին արքեպիսկոպոսը կիսում է Ֆրանցիսկոսի ուշադրությունը սոցիալական արդարության և աղքատության դեմ պայքարի վրա: Նա խստորեն քննադատում էր նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք իր երկրում տեղի ունեցած արտադատական սպանությունները, որոնց ընթացքում մի քանի հազար մարդ է մահացել։
Եկեղեցին կարող է նաև պատմություն կերտել, եթե ընտրի իր առաջին աֆրիկացի պապին ժամանակակից դարաշրջանում: Գանայի կարդինալ Փիթեր Թուրքսոնի թեկնածությունն, որը ժամանակին ֆավորիտ էր համարվում 2013 թվականի կոնկլավի ժամանակ, կրկին քննարկվում է:

2013-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երեխաների սեռական բռնությունն ավելի քիչ տարածված է Աֆրիկայում՝ ավանդական մշակութային պաշտպանության պատճառով: Մեկ տարի առաջ նա ներողություն է խնդրել Եպիսկոպոսների Սինոդի ժամանակ Եվրոպայում իսլամի տարածման մասին նախազգուշացնող տեսաերիզ ցուցադրելու համար:

Ֆրանցիսկոսը զգալիորեն փոխեց Կարդինալների քոլեջի աշխարհագրական հավասարակշռությունը՝ ավելի շատ կարդինալներ նշանակելով ավելի աղքատ շրջաններից, որոնք պատմականորեն քիչ ներկայացված էին Եկեղեցու ամենաբարձր օղակներում, ինչը կարող է կարևոր դեր ունենալ հաջորդ Պապի ընտրության գործընթացում:

Ռազմագերիներ