
Փոքր բիզնեսը միշտ չէ, որ լավ է. ԵԿԱ
Ըստ Համաշխարհային բանկի կողմից Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) զարգացող երկրների ուսումնասիրության՝ չափազանց շատ փոքր բիզնեսներ ունենալը պարտադիր չէ, որ լավ է։
Բանկի՝ «Աճի արագացում ձեռներեցության, տեխնոլոգիաների ներդրման և նորարարության միջոցով» վերնագրով հետազոտությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները նշում է որպես խնդրահարույց բիզնես միջավայր ունեցող երկրներ՝ միջին եկամուտից բարձր եկամուտ ունեցող երկրների կարգավիճակի անցնելու ունակության առումով։
«Բիզնեսի դինամիզմը դանդաղել է, և ռեսուրսների վերաբաշխումը թուլության նշաններ է ցույց տվել։ Եթե տարածաշրջանի միջին եկամուտ ունեցող երկրները ցանկանում են հասնել բարձր եկամուտ ունեցող երկրների կարգավիճակի, նրանց տնտեսությունները պետք է ավելի դինամիկ դառնան », – նշվում է զեկույցում։
Ըստ ուսունասիրության՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները, որոնք բոլորը գտնվում են ԵԿԱ միջին եկամուտ ունեցող երկրների կատեգորիայում, հակված են մեկ շնչի հաշվով շատ բիզնեսներ ունենալ, բայց նրանք «ստեղծում են ավելի քիչ աշխատատեղեր, քան նույն եկամտի մակարդակ ունեցող այլ երկրներում»։
Օրինակ՝ Վրաստանում մեկ շնչի հաշվով բիզնեսների թիվը մոտավորապես նույնն է, ինչ Ֆինլանդիայում, սակայն Վրաստանում գործող ընկերություններում աշխատողների թիվը մոտ երկու երրորդն է Ֆինլանդիայում աշխատողների թվի։ Վրաստանը և Ղրղզստանը նշվում են որպես ԵԿԱ տարածքի երկրներ, որտեղ «ընկերությունները մեկ շնչի հաշվով շատ ավելի քիչ աշխատատեղեր են ստեղծում, քան սպասվում էր»։
«Զբաղվածության խտությունը ցածր է այն մակարդակից, որը կարելի է սպասել բազմաթիվ ձեռնարկություններ ունեցող տնտեսությունների համար։ Պակասորդը պայմանավորված է ընկերությունների անբավարար ընդլայնմամբ… ինչը խանգարում է նրանց հասնել բարձր եկամուտ ունեցող երկրներում դիտարկվող մասշտաբին», – , – նշվել է զեկույցում։ ։
Միջին և խոշոր ձեռնարկությունները (դասակարգված որպես 50-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններ) աճի հիմնական շարժիչ ուժերն են, և դրանք ավելին են անհրաժեշտ աճող բնակչության զանգվածային զբաղվածությունն ապահովելու համար,՝ հատկապես Կենտրոնական Ասիայում։
Արդյունավետությունը լուրջ խնդիր է Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընկերությունների համար:
Բանկի զեկույցը խորհուրդ է տալիս Կովկասի և Կենտրոնական Ասիայի համեմատաբար ավելի դինամիկ տնտեսություններին՝ Հայաստանին, Վրաստանին և Ղազախստանին, ավելի մեծ «շեշտադրում դնել համաշխարհային տեխնոլոգիաների, փորձագիտության և կապիտալի ինտեգրման վրա… միաժամանակ հիմք ստեղծելով նորարարությունների խթանման համար՝ ավելացնելով մասնավոր ներդրումները հետազոտությունների և զարգացման մեջ և ավելի սերտորեն կապելով հանրային հետազոտական ներդրումները մասնավոր ընկերությունների կարիքների հետ»։