07 Հնս
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռազմագերիների փոխանակման գործընթացում հակասական հայտարարություններ են հնչում Կիևի և Մոսկվայի կողմից

Ռազմագերիների փոխանակման գործընթացում հակասական հայտարարություններ են հնչում Կիևի և Մոսկվայի կողմից

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նախատեսված ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացը բախվել է անորոշության՝ կողմերի փոխադարձ մեղադրանքների պատճառով։

Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգման շտաբը հայտարարել է, որ Կիևն իր ժամանակին ներկայացրել է համապատասխան ցուցակներն ու մեկնաբանությունները, սակայն Ռուսաստանի փոխանցած տվյալները չեն համապատասխանել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։

Շտաբը նաև հերքել է ռուսական կողմի այն պնդումները, թե Ուկրաինան հետաձգել է փոխանակման գործընթացը։ Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ նման սրացումները խոչընդոտում են հումանիտար գործընթացի իրականացումը։

Մինչդեռ Ռուսաստանի բանակցող խումբը պնդում է, որ դեռևս հունիսի 6-ին, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ռուսական կողմը սկսել է փոխանակման գործընթացը՝ Ուկրաինային փոխանցելով զոհված 6000 զինծառայողի մարմիններից 1212-ի առաջին խմբաքանակը սառեցված վիճակում։ Բացի այդ, ռուսական կողմը տրամադրել է 640 ռազմագերի՝ վիրավորների, ծանր հիվանդների և մինչև 25 տարեկանների ցուցակ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության շփման խումբը հայտարարել է, որ գտնվում է սահմանին, սակայն ուկրաինական կողմը «անսպասելիորեն» հետաձգել է փոխանակման գործընթացը, իսկ Կիևի բանակցող խումբը չի ժամանել սահման։

Ռուսական կողմը հորդորել է Ուկրաինային «պահպանել պայմանավորվածությունները» և «վերցնել զոհվածների մարմինները, որպեսզի ընտանիքներն արժանապատվորեն հուղարկավորեն իրենց հարազատներին»։ Ուկրաինան, իր հերթին, մեղադրել է Ռուսաստանին՝ զգայուն թեմաներով մանիպուլյացիաների և համաձայնեցված պայմանների խախտման մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում կողմերը պայմանավորվել էին իրականացնել «6000՝ 6000» ձևաչափով զոհվածների փոխանակում, ինչպես նաև համաձայնեցրել էին ռազմագերիների փոխանակման սկզբունքներ՝ նախապատվությունը տալով ծանր վիրավորներին և երիտասարդներին։

Ռազմագերիներ