
Ադրբեջանը հերքում է, որ իր օդային տարածքը օգտագործվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկություններն առ այն, որ Ադրբեջանի օդային տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով.
«Այս պնդումները խաթարում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու վրա։
Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի կողմից վերջերս Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում արտահայտած դիրքորոշումը, նաև արտաքին գործերի նախարարի և իր գործընկերոջ հեռախոսազրույցը՝ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները համարում ենք ակնհայտ սադրանք։
Ադրբեջանը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որ իր օդային տարածքը կամ arhasa8ak տարածքը որևէ պետության կողմից օգտագործվում է հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. նման մեղադրանքները անհիմն են, և չկան հավաստի ապացույցներ դա հաստատելու համար։
Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի նման քայլերը, որոնք չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն, և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դեսպանի կողմից արտահայտված կարծիքների վերաբերյալ, որը պարբերաբար ցուցաբերում է հայամետ դիրքորոշում և չի ներկայացնում իր երկիրը», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտնել է՝ իրանական կողմը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Իլհամ Ալիևին ուսումնասիրել ադրբեջանական կողմից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին տեղեկությունները: