
Մենք վճռականորեն տրամադրված ենք արձանագրելու Իսրայելի կատարած ռազմական հանցագործությունները. Արաղչի
Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները միջազգային իրավունքի, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կոպիտ խախտում էին. հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ելույթ ունենալով Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի լիագումար նիստում։
«Մեր միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կոպիտ խախտում էին, որը 2015 թվականին միաձայն հաստատել էր Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը», – ասել է Իրանի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը միշտ եղել է բացառապես խաղաղ և գտնվել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ամենախիստ վերահսկողության ներքո։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել BRICS երկրներին, որոնք դատապարտել են Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու նրա իրավունքի դեմ։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք արձանագրելու մեր երկրի վրա հարձակված Իսրայելի ռեժիմի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքը խախտելու համար. մենք չենք հրաժարվի արդարադատության և փոխհատուցման մեր պահանջներից», – ասել է Իրանի արտգործնախարարը:
Անդրադառնալով 12-օրյա պատերազմին՝ նա հայտարարել է, որ մարտական գործողությունների ընթացքում Իրանում զոհվել կամ տուժել է 6 հազար մարդ: