
Պետքարտուղարությունը մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով կառավարելու մասին դեսպանի հայտարարությունը
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Բրյուսը մեկնաբանել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությունը, թե ամերիկյան ընկերություն կարող է կառավարել «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով։
Ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Ռուսաստանը և Իրանը նույնպես մտահոգություն են հայտնել այս միջանցքի վերաբերյալ, քանի որ ցանկանում են այն պահել իրենց վերահսկողության տակ, ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, խոսնակը պատասխանել է․ «Աշխարհաքաղաքական առումով դա այն խնդիրներից մեկն է, որն առկա է այնպիսի վայրերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում շատ կողմերի համար։ Սա այն է, ինչ ես կարող եմ ասել։ Սա նաև այն հարցն է, որը կցանկանայինք ճշտել Սպիտակ տան՝ նախագահի թիմի հետ և տեսնել, թե ինչ կասեն նրանք այս մասին։ Կարող եմ պարզապես ասել, որ Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Մենք հետևում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին»։